«Մինչ ձեր հեղափոխությունը ֆաշիզմ չկար»

ՊԱՎԼՈՎՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՉԷՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ

Խորհրդային համակարգի մասին խիստ բացասական է եղել ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի կարծիքը. ի սկզբանե նա չէր ընդունում այդ կարգերը: Բազմիցս փորձել է հեռանալ Ռուսաստանից, բայց՝ ապարդյուն: Իր միջազգային հեղինակության համար Խորհրդային կառավարությանը հարկավոր էին գիտության, մշակույթի «պատանդներ», որոնց նրանք ներկայացնում էր որպես իր գաղափարախոսության կրողներ: Ահա թե ինչու Պավլովին թույլ չէին տալիս արտագաղթել:
 
Սովետական քարոզչությամբ կեղծիք էր տարածվել, որ Պավլովն իբր հրաժարվել է Շվեդիայի Գիտությունների ակադեմիայի` Շվեդիա տեղափոխվելու հրավերից և պատասխանել է, թե ինքը չի հեռանա Ռուսաստանից: Իրականում նա ուզում էր հեռանալ, այն էլ` իր աշխատակիցների հետ, բայց թույլ չէին տալիս: 
 
20-30-ական թվականներին երկրի ղեկավարությանն ուղղված նամակներում նա բազմիցս խոսել է կամայականությունների, բռնության և ազատ մտքի ճնշումների դեմ: ehorussia.com-ը հրապարակել է 1934 թ. դեկտեմբերի 21-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդին ակադեմիկոսի հղած նամակը, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով. 
 
- Դուք իզուր եք հավատում համաշխարհային պրոլետարական հեղափոխությանը: Ես չեմ կարող առանց ժպիտի նայել «Կեցցե համաշխարհային սոցիալիստական հեղափոխությունը, կեցցե համաշխարհային հոկտեմբերը» լոզունգներով պաստառներին: Դուք աշխարհին ոչ թե հեղափոխության մշակույթ եք սերմանում, այլ՝ մեծ հաջողությամբ ֆաշիզմ: Մինչ ձեր հեղափոխությունը ֆաշիզմ չկար:
 
Մի՞թե դա տեսանելի չէ տեսողություն ունեցող ամեն մեկին: Քանի՞ անգամ է ձեր թերթերում այլ երկրների մասին գրվել. «Ժամը հասել է», և մշտապես ամեն ինչ ավարտվել է այստեղ ու այնտեղ նոր ֆաշիզմով: Այո, Ձեր անուղղակի ազդեցությամբ ֆաշիզմն աստիճանաբար կընդգրկի ամբողջ մշակութային աշխարհը, բացառությամբ այն հզոր անգլո-սաքսոնական հատվածի (Անգլիա, հավանաբար` Ամերիկայի Միացյալ Նահանգներ), որը կարող է կյանքի կոչել սոցիալիզմի առանցքը: «Աշխատանքն ու հոտային արժանապատվությունը որպես մարդու առաջին պարտականություն և որպես մարդկային հարաբերությունների  հիմք» կարգախոսը, ապահովելով յուրաքանչյուրի գոյությունը ձեռք է բերվում թանկ արժեցող բազում զոհների ու ժամանակի կորստի գնով: 
 
Բայց ինձ համար ծանր է ոչ թե այն, որ համաշխարհային ֆաշիզմը պահպանում է իր տեմպերը մարդկային բնական առաջընթացի  որոշակի ժամանակահատվածում, այլ այն պատճառով թե ինչ է կատարվում մեզանում, որն, իմ կարծիքով, լուրջ վտանգ է սպառնում իմ հայրենիքին:
 
Մենք ապրել և ապրում ենք ահաբեկչության ու բռնության անկայուն ռեժիմի ներքո: Եթե մեր քաղքենի իրականությունը վերարտադրվեր ամբողջությամբ, առանց բացթողումների և առօրյա բոլոր մանրամասներով, կստացվեր սարսափելի մի պատկեր, որից ստացած ցնցող տպավորությունը հազիվ թե մեղմվեր՝ եթե դրա կողքին դրվեր մեր ուրիշ մի պատկեր՝ վերհառնող քաղաքներով գործարան-հսկաներով և անհամար գիտական ու ուսումնական հաստատություններով: Երբ առաջին պատկերը գրավում է իմ ուշադրությունը, ես ավելի շատ տեսնում նմանությունը մեր կյանքի և հնագույն ասիական բռնապետության. այստեղ մենք դա անվանում ենք հանրապետություններ: Ինչպե՞ս դա հասկանալ: Թեկուզ՝ գուցեև դա ժամանակավոր է: Բայց պետք է հիշել, որ գազանից առաջացած մարդուն շատ հեշտ է ընկնել, բայց շատ դժվար է բարձրանալ. Նրանց, ում չարամտորեն դատապարտում են մահվան, զանգվածները բավականությամբ ի կատար են ածում դա... Մյուս կողմից էլ նրանց, ովքեր վերածվել  են մորթված կենդանիների, հազիվ թե հնարավոր լինի դարձնել մարդկային արժանապատվության զգացում ունեցող էակներ:
 
...Միայն ես չէ, որ դա զգում եմ և մտածում: Խնայեք ձեր հայրենիքը և մեզ:
 
Այսինքն, Պավլովը տարբերություն չի տեսնում ֆաշիզմի ու կոմունիզմի միջև և դրանք սահմանում է որպես մեկ գործընթացի երկու տարբերակ, որոնցից մեկը կարող է խառնվել մյուսին, բայց երկու տարբերակները սնվում են մեկ նպատակով՝ կլլել մարդկային հասարակությունը:
 
Իր մահից հետո Պավլովը վերածվեց խորհրդային գիտության խորհրդանիշի, նրա գիտական սխրանքը ներկայացվեց նաև գաղափարական սխրանք: Շատ քչերին էր  հայտնի, որ այդ նույն գաղափարախոսությունը սուր հակասություն ուներ ակադեմիկոսի հայացքների հետ: Ճշմարտությունը երկար ժամանակ քողարկվում էր քարոզչության վարագույրով: