Կալաշնիկովը կարո՞ղ էր Կալաշնիկովի ավտոմատ ստեղծել

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՈՒՄԸ

Ռուսները շատ են սիրում գովերգել ռուսական զենքի փառքն ու հզորությունը և բազմաթիվ պատերազմներում տարած հաղթանակները վերագրել մե՛կ այդ զենքին, մե՛կ էլ «ռուս զինվորի անպարտելի ոգուն»: Մեծ համբավ է վայելում հատկապես АК-47  ավտոմատը, որը պետությունների զինված ուժերում ու ահաբեկիչների խմբերում շատ պահանջված է:

Բայց հաստա՞տ այդ ավտոմատը ստեղծել է Միխայիլ Կալաշնիկովը, որի անունով այն այսօր հայտնի է համայն աշխարհում: Եվ ընդհանրապես` այս զինատեսակը կապ ունի՞ ռուսական զինագործության հետ: Կարծես թե` չէ՛:

Այդ մարդու մասին հանրահայտ տվյալները հուշում են, որ նա ծնվել է ալթայան մի խուլ գյուղում և եղել է բազմազավակ ընտանիքի 17-րդ երեխան: Միայն 18 տարեկանում է նա կյանքում առաջին անգամ գնացք տեսել: Խառատի հաստոց միայն Իժևսկում աշխատելիս է տեսել, իսկ մանկությունն անց է կացրել կովեր արածեցնելով: Աշխարհի լավագույն ավտոմատն ստեղծելու համար բավական է եղել, որ հոսպիտալում կարդար հրազենի պատմության վերաբերյալ գիրք: Այս փաստերը շարադրված են Կալաշնիկովի ինքնակենսագրությունում:

Այս ամենի մասին պատմելով` լրատվամիջոցները հիմա հեգնում են` փաստելով, որ ավտոմատի մշակման տարիներին Իժևսկում աշխատում էին հարյուրավոր գերմանացի զինագործներ` հանրահայտ զինագործ ու գիտնական Հուգո Շմայսերի ղեկավարությամբ: Իսկ Կալաշնիկովն այնտեղ էր որպես կոմերիտմիության քարտուղար: Գերմանացի գիտնականները շուտով Գերմանիա են մեկնում, իսկ դրանից հետո իր կյանքի մնացած 66 տարում (1947-2013թթ.) Կալաշնիկովը ոչինչ չի ստեղծում` «ո՛չ ատրճանակ, ո՛չ դանակ, ո՛չ էլ թնդանոթ»:

Ինչպես Newsland-ի հրապարակման հեղինակն է նկատում` ցանկացած հայտնի զինագործ նախ երկար ժամանակ փորձ է կուտակում, և միայն կյանքի միջին կամ վերջին տարիներին ստեղծում որևէ հանճարեղ բան, ինչպես, օրինակ, նույն Շմայսերը: Կալաշնիկովի պարագայում հակառակն է` գործունեության սկզբում շատ լավ ավտոմատ է ստեղծել, իսկ հետո, երբ արդեն փորձ է կուտակել, այլևս ոչինչ: Եվ ստացվում է, որ 1947-ը նրա կարապի երգն է եղել, չնայած մահը վրա է հասել 2013թ.: Իսկ Շմայսերը գերվելով` իր ամբողջ նախագծային բյուրոյի հետ Իժևսկ է տեղափոխվել և այնտեղ աշխատել է ԳՈՒԼԱԱԳ-ի «լավագույն ավանդույթներով»:

Այդուհանդերձ` նրա աշխատանքը ոչ մի պտուղ չի տվել: Փոխարենը անչափ արդյունավետ է եղել կրթությունից զուրկ նախկին գյուղացի, կոմերիտմիության քարտուղար Միշա Կալաշնիկովի գործունեությունը, ով միայնակ ստեղծել է АК-47-ի նման ռազազմական տեխնիկա:

Քանի որ այժմ արդեն հասանելի են ԽՍՀՄ արխիվային որոշ տվյալներ, հնարավոր է եղել ճշտել, որ Իժևսկում աշխատել է ամենաքիչը 474 գերմանացի հրազենի մասնագետ: Նրանց մեջ են եղել նաև Վերներ Գրուները և Կուրտ Հորնը (MG42 լեգենդար ականանետի ստեղծողները, որը մինչև օրս բունդեսվերի զինանոցում է և լայնորեն արտահանվում է տարբեր երկրներ, ինչպես նաև արտոնագրերով արտադրվում  Հունաստանում, Պակիստանում, Իսպանիայում և Թուրքիայում), «Gustlof Werke» ֆիրմայի գլխավոր նախագծողը, Կարլ Ավգուստ Բարնիցկեն, Օսկար Շինկը, Օսկար Հենրիխ Բետցոլդը և ուրիշներ: Թե՛ Հուգո Շմայսերը, թե՛ մնացած հայտնի գիտնականները անցած երկու աշխարհամարտերից հետո եղել են իրանց մասնագիտական գործունեության գագաթնակետին: Հենց միայն Հուգո Շմայսերն իր բնագավառում նույնպիսի հեղինակություն է համարվում, ինչպիսին Նյուտոնն է ֆիզիկայում:

Բայց Խորհրդային Միությունում միանգամայն այլ իրավիճակ էր: Գյուղացի «բնածին տաղանդը» կարող էր գերազանցել հարյուրավոր կրթված, փորձառու նախագծողներին` եթե նրան ղեկավարում են հարազատ կուսակցությունն ու կառավարությունը: Դա ավելին է, քան գերմանացի գիտնականների տարիների արդյունավետ աշխատանքը, ճանաչված անունը, գիտական բարձր կոչումները: Պարզվում է` Կալաշնիկովի մինչավտոմատյան գործունեությունը նույնպես զուրկ չէ հայտնագործումներից: Նա մի ամբողջ գյուտ է արել` տանկի շարժիչի վրա հարմարեցրել է հաշվիչ սարք, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել դրա պտույտներն ու հզորությունը: 
Ավտոմատ և դրա համար գնդակ ստեղծելն ու արտադրության մեջ մտցնելը ավելի հեշտ չէ, քան տիեզերական հրթիռ ստեղծելը:

Էլ չասած, որ ԽՍՀՄ և Ռուսաստանի պատմության մեջ սա առաջին ակոսազերծ գնդակն է, այն էլ` «արտագրված» գերմանական նմուշից: Ինչպե՞ս կարող էր անգրագետ մեկը զինագործական հանգույցների մաթեմատիկակական բարդ հաշվարկներ կատարել տեխնիկակական գիտությունների դոկտոր Վերներ Գրյուների պես, երբ իր գիտելիքները դժվար թե թվաբանության սահմաններից դուրս լինեին:
Հրապարակումների հեղինակների հեգնանքն ավելի է խորանում, երբ անդրադառնում են Կալաշնիկովի չարած գործերին ու նրան վերագրվող հանճարին: Ախր եթե Կալաշնիկովն այդքան հանճարեղ էր, ինչպես նրան ներկայացնում է խորհրդառուսական քարոզչությունը, այդ դեպքում կարելի էր նրան տալ գրքեր ինքնաթիռաշինության, շարժիչաշինության և նման այլ բաների վերաբերյալ, և նա կստեղծեր հնաճարեղագույն հրթիռներ, տանկեր, ինքնաթիռներ… Օրինակ` կարող էր ստեղծել ջարծնային ռումբը, տիեզերական հրթիռը, գերձայնային ինքնաթիռը, ամենասոսինձը,  համակարգիչը, համացանցը, լազերը, անտեսանելի ինքնաթիռը, БМВ Х6-ը, լուսնագնացը, IPhone-ը և այլն: Ամբողջ ցավն այն է, որ 66 տարի Կալաշնիկովին կարդալու գրքեր չեն տվել: Միակ գիրքը, որը նա կարդացել է, եղել է հրազենի պատմությունը:

Այսպիսով, Իժևսկում աշխատել է գերմանացի զինագործների մի ստվար խումբ` մեծ մասամբ իրենց մասնագիտության մեջ ամենափորձառու մոտ 500 մասնագետ , այն էլ` մեծացած այնպիսի ընտանիքներում, որոնք սերնդեսերունդ են փոխանցել զինարվեստի հմտությունները: Նույն Շմայսերի հայրը նույնպես ճանաչված վարպետ է եղել և մանկությունից որդուն է հաղորդել իր փորձը: Եվ քանի որ հնարավոր չէ, որ Շմայսերն ու իր ղեկավարած խումբը մի քանի տարում ոչինչ ստեղծած չլինեին, մնում է ենթադրել, որ АК-47-ը մշակվել է գերմանացի գիտնականների աշխատանքի շնորհիվ` Շմայսերի հեղինակությամբ: Սակայն խորհրդային բանակի զինանոցում Շմայսերի ավտոմատն ընդգրկելն անկարելի էր, ուստի գտնվել է նման լուծում` դրա հեղինակ հռչակել կոմքարտուղար Կալաշնիկովին: Հատկապես նրան, քանի որ խորհրդային բոլոր զինագործները հրաժարվել են ուրիշի գյուտը յուրացնելու խայտառակությունից:

АК-47-ը բոլորն են համեմատում Շմայսերի STG-43 ավտոմատի հետ, Իժևսկում ստեղծված ավտոմատը շատ ընդհանրություններ ունի նաև հանրահայտ զինագործ Վալտերի ստեղծած  MKb-42(W)-ի հետ, սակայն այն համարում են ինքնուրույն զենք և բնօրինակ: Ըստ եզրահանգումների` իրականությանն ամենամոտ բացատրությունն այն է, որ STG-44 -ը խորհրդային զինուժի ձեռքն է ընկել 1943թ.` Ստալինգրադի ճակատամարտում: Անհապաղ (վեց ամսում) մշակվել է դրան համարժեք` այսպես կոչված «միջանկյալ» գնդակը: Այնուհետև հրատապ կերպով փորձել են ստեղծել դրա նման մեկ ուրիշը, սակայն ոչինչ չի ստացվել, քանի դեռ Իժևսկ աշխատելու չի եկել Շմայսերը` իր նախագծային բյուրոյի հետ: Ավելի պարզ ասած` հաջողվել է ստեղծել լոկ փորձնական նմուշներ  MKb-42(W)-ի և STG-44-ի բաղադրիչներով, սակայն նույնիսկ չեն փորձել արտադրություն սկսել: Իսկ Փորձնական նմուշ ստեղծվել է գերմանական ավտոմատի հիման վրա, ինչը ընդամենը գործի 1%-ն է: Մնացած 99%-ը զանգվածային արտադրությունը գլուխ բերելն է: Դրանից հետո փորձնական նմուշը վերջնական ապրանքի է վերածվում ճիշտ այնպես, ինչպես անճոռնի ճուտիկն է վերափոխվում սքանչելի կարապի:

Իսկ թերահավատներին լրատվամիջոցներն առաջարկում են մնալ սեփական կարծիքին` միայն հիշեցնելով, որ սուտ են դուրս եկել ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի և մինչռուսաստանյան պետությունների պատմության շատ փաստեր, այդ թվում` Կիևյան Ռուսիան: Նա դրանց թվին է դասում նաև Վարյագ հածանավի, 28 պանֆիլովականների, շիկացման լամպի, ռադիոյի, քիմիական տարրերի աղյուսակի, Լոմոնոսովի, ստախանովականների, Ժուկովի և շատ այլ բաների մասին «առասպելներն ու հերոսական ասքերը»: Գործնականում ամբողջ խորհրդային պատմագիտությունը, ըստ նրանց, հիմնված է ստի վրա:

Նման մի սուտ էլ համարվում է Իժևսկում գտնվեղ գերմանացի զինագործների մասին հաղորդումը, իբր նրանց «Իժևսկում գտնվելը նշանակալի հետք չի թողել»: Դուրս է գալիս` վեց տարում 500 զինագործ ԽՍՀՄ-ում ուղղակի հանգստանում էր: Եվ նրանք դեռ 10 000-ական ռուբլի աշխատավարձ էին ստանում, որն անհամեմատ բարձր էր սովետական ինժեների այդ ժամանակվա աշխատավարձից: