Տարօրինակությունը հանճարների մշտական ուղեկիցն է

Այն մասին, որ հանճարեղ մարդիկ տարօրինակություններ են ունենում, շատ է խոսվել: Իհարկե, դրանք բոլորը չէ, որ հանրության սեփականությունն են դարձել, սակայն եղածներն էլ բավական են` մտածելու համար, որ մեծամեծ գյուտերն ու ստեղծագործությունները ծնվում են արտասովոր պայմաններում:

Սառը ջրով ցողվելն ու տաք լոգանք ընդունելը, տարօրինակ հոտը տանը և երկժամյա քունը միջոցներ են, որոնց դիմել են հանճարները, որպեսզի ուղեղին հարկադրեն աշխատել ավելի արագ և ոգեշնչման պահը բաց չթողնեն: diletant.media կայքում հրապարակվել են անցյալի մի շարք հանճարների տարօրինակ արարքներն ու սովորույթները, որոնք հավանաբար կհետաքրքրեն նաև մեր ընթերցողին:

Քնկոտ գեղանկարիչը

Արտառոց արարքների իսկական արքա է եղել Սալվադոր Դալին: Ժամանակ առ ժամանակ նա հասարակությանն ապշեցրել է իր հագուստով: Կարող էր, օրինակ, մարդկանց հայտնվել սաղավարտով: Պատահել է` նրան տեսել են դագաղում, մրջյուններ քշելիս: Որպես իսկական իսպանացի` գեղանկարիչը սիրում էր ճաշից հետո ննջել: Իր այդ սիեստան (հետկեսօրյա հանգիստը) հանճարը կազմակերպում էր միանգամայն անսովոր կերպով. նստում էր բազկաթոռին` ձախ ձեռքի բթամատի և ցուցամատի արանքում սեղմելով մի մեծ պղնձե բանալի: Հատակին դրվում էր շրջված պղնձե թաս: Հենց որ Դալին ննջում էր` բանալին ձեռքից ընկնում էր ափսեի վրա, և այդ զնգոցից նա արթնանում էր:

Սյուրռեալիզմի հանճարը բացատրել է, թե հենց վայրկենական քունն է, որն իրեն իրապես թարմացնում է և առաջ բերում զարմանահրաշ տեսիլքներ:

Ոտաբոբիկ ֆիզիկոսը

Դալիից հետ չի մնացել նաև Ալբերտ Էյնշտեյնը: Հանրահայտ ֆիզիկոսը հռչակվել է իր անսովոր արարքներով: Օրինակ, նա երբեք գուլպա չի կրել: Իր նամակներից մեկում Էյնշտեյնը կնոջը խոստովանել է.

- Անգամ ամենահանդիսավոր առիթներով ևս գուլպա չեմ կրել և քաղաքակրթվածության սույն բացակայությունը ծածկել եմ բարձր ճտքակոշիկների տակ:

Էյնշտեյնը օրվա մեջ առնվազն 10 ժամ քնել է, շատ է քայլել և ջութակ է նվագել: Հնարավոր է` հենց այս սովորույթներն են նպաստել,  որ հանճարը մեծ բացահայտումներ անի:

Գիտության մեկ այլ լուսատու` Նիկոլա Տեսլան, նույնպես իր ոտքերի նկատմամաբ հատուկ վերաբերմունք է ունցել: Նա ամեն գիշեր մարզում էր իր ոտնաթաթերը` դրանք տրորելով և ոտքի մատները սեղմելով ուղիղ 100 անգամ: Գիտնականը համարում էր, որ դա իրեն օգնում է ազդակներ հաղորդել ուղեղի բջիջներին: Իսկ քնի հարցում Էյնշտեյնի հակապատկերն է եղել` բավարավել է 2 ժամով: Նա կարծում էր, որ հանգստանալու համար ավելի շատ ժամանակ չի էլ պահանջվում:

Անթրաշ երգահանը

Լյուդվիգ վան Բեթհովենի որոշ տարօրինակությունների մասին լուրեր էին տարածում իր ծառաները: Օրինակ պատմում էին, թե աշխատատանք սկսելուց առաջ նա երբեք չի սափրվում: Համարում էր, որ այդ ժամանակ իր ոգեշնչումը մարում է: Պարզում է` Բոթհովենը գտել էր իրեն ոգեշնչող ամենալավ միջոցը` գործերով զբաղվելուց առաջ նա սիրում էր գլխին մի ամբողջ դույլ սառը ջուր լցնել:

«Բուրումնասեր» գրողը

Գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերը ցողվելուց չէր ոգեշնչվում, նրան աշխատելու էր տրամադրում նեխող խնձորի հոտը: Նա դրանցով լցնում էր իր սեղանի դարակը և ծառաներին արգելել էր իր առանձնասենյակը հավաքել: Դրա մասին վկայել է Շիլլերի մտերիմ ընկեր Վոլֆգանգ Գյոթեն.

- Ես մի անգամ այցի գնացի Ֆրիդրիխին, սակայն նա ինչ-որ տեղ էր գնացել: Կինն ինձ խնդրեց սպասել նրա առանձնասենյակում: Ես նստեցի բազկաթոռին, կռթնեցի սեղանին և հանկարծ ուժեղ սրտխառնոց զգացի: Նույնիսկ մոտեցա բաց պատուհանին, որպեսզի թարմ օդ շնչեմ: Սկզբում իմ այդ վիճակի պատճառը չէի հասկանում, իսկ հետո կռահեցի, որ ամեն ինչ ուժեղ հոտից եղավ:

Գլխի ընկնելով, որ անսովոր հոտը սեղանի դարակում կուտակված նեխած խնձորներն են արձակում` Գյութեն Շիլլերի ծառաներին հանձնարարում է «աղբը հեռացնել»: Բայց ծառաները միայն ուսերն են թոթվում, քանի որ նրանք ստիպված էին տիրոջ տարօրինակ սովորությունների հետ հաշտվել:

Մաքրասեր միապետը

Ֆրանսիացի զորավար Նապոլեոն Բոնապարտը հիգիենայի հարցերում շատ նրբազգաց էր: Միապետը սիրում էր տաք լոգանք ընդունել: Նա անգամ հատուկ ծառա էր պահում, որի պարտականությունը ջրի ջերմաստիճանին հետևելն էր: Նրա ջրային արարողակարգերը կարող էին ժամեր տևել: Այդ դիրքում Նապոլեոնը նամակներ էր թելադրում և անգամ այցելուներ ընդունում:

Իր աքսորավայր Սբ Հեղինե կղզում նույնպես զորավարն իրեն չի զրկել սիրելի սովորությունից և ամբողջ օրերով պառկել է տաք ջրի մեջ: Այդ տարօրինակ ծեսը նաև գործնական օգուտ էր բերում. այդ կերպ Նապոլեոնը ձերբազատվում է հեմորոյից, որով տառապում էր պատանեկության տարիներից:

Մերկ քաղաքական գործիչը

Տաք լոգանքների հանդեպ զորավարի սերը թերևս հատուկ է եղել նաև Բենջամի Ֆրանկլինին: Ասում են` իբր հենց ջրի մեջ պառկած է ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը մտմտացել Անկախության հռչակագիրը: Ու նաև սիրել է սենյակում քայլել մորեմերկ: Հայտնի քաղաքական գործիչն այդպես ավելի հեշտ է մտածել:

Աշխատելու ժամանակ մերկ քայլել է նաև գրող Վիկտոր Հյուգոն: Ճիշտ է` նրա պարագայում սա ավելի շուտ հնարանք է եղել. «Թշվառների» հեղինակը ծառաներին հրամայել է իր բոլոր հագուստները հեռու տանել, որպեսզի խուսափի փողոց ելնելու գայթակղությունից: Եվ միայն հարկ եղած քանակի էջերը գրելուց հետո է Հյուգոն հանդերձավորվել զգեստներով և փողոց ելել:

Մեր ժամանակներում, ըստ պարբերականի, հանճար դառնալու համար ուղեղի զարգացման առավել հուսալի միջոցներ կան: Օրիակ «Վիկիում» նախագիծն առաջարկում է առցանց ճանաչողական հրահանգիչներ և մասնագիտացված դասընթացներ, որոնք հնարվորություն են տալիս բարելավել ուշադրությունը, հիշողությունն ու մտածողությունը:

Կասկած չկա` նման միջոցները մարզում են մարդու ուղեղը: Սակայն ասում են` հանճարեղությունը բնատուր հատկություն է, իսկ դա նշանակում է, որ նման միջոցները սովորական մահկանացուների համար են: Իսկ հանճարները շարունակելու են ինքնաբուխ կերպով տարօրինակություններ անել, որպեսզի ստեղծեն ու արարեն: Իսկ նրանք, ովքեր հանճարի միակ յուրօրինակությունը տարօրինակությունը համարելով` կսկսեն իրենց ի ցույց դնել արտառոց արարքներով, թերևս ծիծաղի առարկա դառնալուց բացի այլ «նվաճում» չեն ունենա: