Համակարգիչը 1973-ին գուշակել է` աշխարհի վերջը վրա կհասնի 2040թ.

ՊԱՏՃԱՌԸ` ՄՈԼՈՐԱԿԻ ԳԵՐԲՆԱԿԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՂՏՈՏՈՒՄԸ

Աշխարհի վերջի մասին գուշակությունները մարդկությանն ուղեկցում են անհիշելի ժամանակներից և այնքան շատ են ու այնքան տարբեր ժամկետներ են նշում, որ թվում է` դրանց ուշադրություն դարձնելն ուղղակի անիմաստ է: Միայն թե երբեմն նման գուշակությունները հենվում ուշագրավ փաստերի ու փաստարկների վրա` երևան հանելով այնպիսի ճշմարտություններ, որոնք անտեսելը նույնպես պակաս անիմաստ չեն լինի:

Օրերս ավստրալացի գիտնականները որոշել են համաշխարհային հանրության համար մի զարմանալի գաղտնիք բացել: Պարզվում է` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները 1973թ. Ավստրալիայում   ստեղծել են այն ժամանակվա համար առաջավոր համակարգիչ` World One-ը, որի միակ նպատակն է եղել կանխատեսել մեր մոլորակի ապագան: Դրա համար հաշվիչ սարքավորումն օգտագործել է բարդ քայլաշարեր` վերլուծելով մարդկության անցյալը և նրա զարգացման ընթացիկ միտումները (տեղեկացնում է tainav.mirtesen.ru-ն):

Նախագծի հեղինակը համակարգչային ճարտարագիտության առաջամարտիկներից մեկն էր` այժմ արդեն հանգուցյալ Ջեյ Ֆորեսթերը: Նա և իր գործընկերներն անչափելի ցնցում են ապրել, երբ հաշվիչ սարքը կանխատեսել է, որ մարդկային քաղաքակրթությունն իր անկումին կհասնի 2040թ., և դա կլինի մոլորակի գերբնակեցվածության և աղտոտման հետևանքով: Ավելին, World One-ը եզրակացրել է, որ բեկումը կսկսվի 2020թ.: Իսկ դա նշանակում է, որ համաշխարհային աղետի մոտենալը մենք ամենայն հավանականությամբ կզգանք արդեն երկու տարուց:

Անցած 45 տարում World One-ի շատ կանխատեսումներ արդեն իսկ իրականացել են: Օրինակ, սարքը կանխատեսել է աշխատակարգերի (տեխնոլոգիաների) սրընթաց զարգացում, որոնք իրենց կենթարկեն մարդկությանը և կսկսեն նրան ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ: Համակարգիչը նաև պարզել է, որ ջրի, օդի և սննդի որակի վատթարացումն իր հետ ուռուցքային հիվանդությունների զանգվածային տարածում կբերի: Իսկ վիճակագրությունը փաստում է` օրինակ Միացյալ Նահանգներում քաղցկեղը մահացության երկրորդ պատճառն է` զիջելով միայն սրտանոթային անբավարարությանը:

Հետազոտության արդյունքներն այնքան հոռետեսական են եղել, որ գիտնականները 1973թ. չեն համարձակվել դրա արդյունքները հրապարակել: Նրանց կարծիքով` դա Երկրի բնակչության շրջանում խուճապ կառաջացներ: Չէ՞ որ 45 տարի առաջ համակարգչային աշխատակարգերը թվում էին ինչ-որ աներևակայելի ու անհասանելի մի բան, ուրեմն և 100%-ով վստահության արժանի: Մեր օրերում World One-ի անմխիթարական կանխատեսումները շատերը  կասկածելի կհամարեն: Բայց ահա թե էլ ինչն է միանգամայն ուշագրավ. համարյա կես դար առաջ արհեստական բանականությունն այնպիսի հաջողությամբ է կանխատեսել իրերի ու աշխարհի արդի վիճակը, որ մինչև անգամ իրեն համարել է պարզունակ` ինքզինքը համեմատելով ապագայի համարժեք սարքերի հետ:
 

World One-ը, պարզվում է, նաև որոշ դրական կանխատեսումներ էլ է արել: Օրինակ, արհեստական բանականությունը եզրակացրել է, որ մարդկությանը համամոլորակային ռազմական բախում չի սպառնում, քանի դեռ աշխարհի գերտերությունները միջուկային զենք ունեն: Այսպիսով, հնարավոր է, որ դեռ ամեն ինչ կորած չէ:

Բացառված չէ, որ արդեն շատ շուտով մարդկությունն ուշքի կգա և կդադարի թունավորել իրեն ու մոլորակը, ինչպես նաև կդադարի բնական պաշարների չկշռադատված սպառումը և կսկսի ապրել ավելի համեստ, միաժամանակ առավել առողջ կյանքով:

Հնարավո՞ր է, որ մեր մոլորակի միջուկային տերությունները սարքի այս վերջին կանխատեսումից տեղյակ են, դրա համար էլ չեն ուզում միանալ միջուկային զենքի արգելքի մասին փաստաթղթերին:  Ո՞ւր էր, թե նրանք իրոք այդքան խոհեմություն ունենային և կործանարար զենքը պահեին լոկ որպես պատերազմների կանխման գրավական, այլ ոչ թե հարմար պահի ամբողջ աշխարհի ղեկը ձեռքներն առնելու գործիք: