Սփյուռքները դառնում են ազդեցիկ գործոն

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՆԱԵՎ՝ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Սփյուռքի նախարարը հանգամանալից ներկայացրել է հայկական Սփյուռքի կառուցվածքը՝ նշելով, որ այժմ գործում են 832  համայնք, 30 հազարից ավելի  հայկական  կազմակերպություններ, 44 համահայկական կառույցներ, 727 գործող հայկական եկեղեցիներ ու վանքեր, մոտ 1000 ամենօրյա և մեկօրյա դպրոցներ, 34 թանգարաններ, գրադարաններ և արխիվներ, հայագիտական 110 կենտրոններ, շուրջ 300 ԶԼՄ-ներ, հազարավոր կայքեր, 639 մշակութային կենտրոններ ու միություններ, իրազեկման, մասնագիտական կառույցներ ու ցանցեր, երգի, պարի համույթներ, երաժշտական, նկարչական հարյուրավոր դպրոցներ:
 
Մտահոգ զրույց, կատարված աշխատանքների հակիրճ ամփոփում և անելիքների առաջնահերթությունների շեշտադրում. նաև այսպես կարելի է բնութագրել «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցությունը խորհրդարանում:
 
Խորհրդակցության նախաձեռնողները ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ու Սփյուռքի նախարարությանն էին: 
 
Կարևորելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքների նման ձևաչափով քննարկումը, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ քննարկմանը ներգրավվել են նաև հասարակության որոշակի շերտեր, ՀԿ-ներ և Սփյուռքի ներկայացուցիչներ: Սփյուռքի նախարարն էլ իր հերթին կարևորեց խորհրդարանական դիվանագիտության և Սփյուռքում իրականացվող ժողովրդական դիվանագիտության ներդաշնակությունը և ակտիվ փոխգործակցությունը: 
 
Լուսապատկերներով ներկայացնելով «Սփյուռք» հասկացության վերաբերյալ առկա գիտական մոտեցումներն ու մեկնաբանությունները, նախարարը նշեց, որ եթե միգրացիան կենտրոնախույս ուժ է, ապա Սփյուռք կենտրոնաձիգ  ուժ է, որը միավորում է մարդկանց՝ հավաքական ինքնագիտակցությամբ, պատմական հիշողությամբ և հայրենիքի հետ զգացական կապով: Նա կարևորեց այն իրողությունը, որ սփյուռքները գնալով դառնում են ազդեցիկ գործոն՝ թե՛բնակության երկրի և թե՛ ծագման երկրի համար՝ տիրապետելով ծանրակշիռ ֆինանսատնտեսական, սոցիալ-քաղաքական լծակների՝ տարբեր միջավայրերում ձևավորելով և՛ համամարդկային արժեքներ, և՛ անընդունելի երևույթներ:
 
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք գործակցության ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը, Հրանուշ Հակոբյանը փաստեց, որ այդ գործակցությունը  մշտապես փոփոխվող, դինամիկ գործընթաց է: Գործընթաց, որը բացում է նոր հնարավորություններ և ի հայտ բերում նոր խնդիրներ ու մարտահրավերներ: 
 
Սփյուռքի նախարարը հանգամանալից ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղությունները, նախարարության գերակա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները, նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
 
Կարևորվեց երկքաղաքացիության ինստիտուտի  ներդրումը, Հայրենիքում սփյուռքահայերի կողմից ներդրումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և  հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումը: 
 
Նախարարության կողմից իրականացվող աշխատանքներում առանձնահատուկ տեղ են գրավում համայնքների ինքնակազմակերպմանը, Սփյուռքում հայապահպանությանը, հայ ներուժի համախմբմանը և Հայաստանի ու Արցախի  զարգացման համար դրա օգտագործմանն ուղղված ծրագրերը:
 
Նախարար Հ. Հակոբյանը հանգամանալից պատասխանեց խորհրդակցության մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենադարձության խթանմանը, սփյուռքահայերի ներդրումների ընդլայմանը, խորհրդարանի բարեկամական խմբերի և սփյուռքյան կառույցների հետ տարվող աշխատանքների կառուցակարգերին, իրավական խնդիրների լուծմանը: Ավելին, նա պատգամավորներին հրավիրեց մասնակցելու սփյուռքյան համապատասխան կառույցների հետ տարվող աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ նման քննարկումները կդառնան պարբերական և մեծապես կնպաստեն առկա խնդիրների լուծմանը: 
 
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը բարձր գնահատեց նման ձևաչափի աշխատանքը և շնորհակալություն հայտնեց քննարկման մասնակիցներին ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ ոլորտն ու դրա խնդիրները համապարփակ և հանգամանալից ներկայացնելու, պատգամավորների հնչեցրած հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար: