Պաշտպանենք ՀՀ ինքնիշխանությունը ՀՀԿ-ՀՅԴ հակահեղափոխական ոտնձգություններից

ԿՈՉ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ

Քոչարյանին կալանքից փրկելու անվան տակ ՀՀԿ-դաշնակցական անսուրբ կոալիցիան այս ու այն կողմից երկչոտ ու պատեհապաշտ անհատների ուղեկցությամբ գլուխ են բարձրացրել իրենց հակազգային թալանչական սև գործը շարունակելու համար:
 
Սակայն պատասխանատվության և արդարության վերականգման ժամը հասել է. հեղափոխական ընթացքը հնարավոր չի կանգնեցնել, և ոչ մի այսպես կոչված անձեռնմխելի անձ չի կարող խուսափել արդարադատությունից:
 
Հակառակ Քոչարյանի տասը տարիների տեռորին, սարսափի, թունավորված ու անազատ մթնոլորտին, նա այսօր, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, հնարավորություն ունի ոչ միայն իր իրավապաշտպանների միջոցով ողջ մամուլի անկաշկանդ ներկայությամբ պաշտպանվելու և իր խոսքն ասելու, այլև օգտվում է հարցը իրավական հարթակից քաղաքական հնարովի ու շինծու հարթակ փոխադրելու բոլոր թույլատրելի և ոչ թույլատրելի հնարավորություններից:
 
Եվրոպայի Հայերի Համագումարը, պաշտպանելով յուրաքանչյուր անհատի ու ամբաստանյալի քաղաքացիական լիարժեք պաշտպանությունը և իրավունքները, միևնույն ժամանակ խստիվ դատապարտում է երիտասարդ ու անկաշառ ներկա իշխանությունների նկատմամբ ՀՀԿ-դաշնակցական օտարամոլների գրոհը և շանտաժը:
 
ՀՀԿ-ականները և նրանց հովանավոր արտաքին ուժերը ըստ էության ներքուստ  երախտապարտ պիտի լինեն, որ հեղափոխության առաջնորդները նրանց մինչ այսօր փրկել են ժողովրդական ցասումից ու վրեժխնդրություններից…
 
Զգոնության կոչ ենք անում ՀՀԿ-ական և նրանց սատարող բոլոր այն ուժերին, ովքեր չարաշահելով իրենց այսօրվա նվեր ստացած խորհրդարանական աթոռները, օտար ուժերին և միջազգային ատյաններին դիմելու սպառնալիքներով, պատրաստ են  արդարադատությունից խուսափելու համար դիմել ամեն մի ստոր քայլի:
 
Սփյուռքը, ի խնդիր ինքնիշխան պետականության, իր ճնշող մեծամասնությամբ զորակցել ու զորակցում է նոր փոփոխությունների այս հեղափոխական շարժմանը և չի հանդուրժելու ազգային դավաճանության ոչ մի նոր քայլ:
 
ՀՀԿ-ին մնում է այս վերջին պահին պատվով նահանջ և ինքնալուծարում, իսկ հարյուրամյա հեղափոխական կուսակցության վերնախավին՝ նեղ գրպանային շահերի փոխարեն՝ նվազագույնը ինքնամաքրվում:
 
Եվրոպայի Հայերի Համագումար