Չենք մոռացել, չենք մոռանա...

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԲՅՈՒՐԱՎՈՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սիրելի Հայրենակիցներ.
 
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին ոգեկոչելով բյուրավոր նահատակների անմոռաց հիշատակը, Եվրոպայի Հայերի Համագումարի անունից  հարկ ենք համարում վերահաստատել, որ համառ եւ հետեւողական, համախմբված և միասնական ջանքերի շնորհիվ միայն հնարավոր կլինի  վերականգնել արդարությունը և տեր կանգնել  կորցրած հայրենիքին և նրա հարստությանը: 
 
1915 թվականին հայոց դեմ կատարված Ցեղասպանությունը գագաթնակետն էր  օսմանական կայսրության հաստատման օրից ի վեր հայոց դեմ անընդմեջ կատարվող ոճրագործությունների: Այդ ցեղասպանական քաղաքականությունը շարունակվեց և դեռ շարունակվում է նրա իրավահաջորդ իշխանությունների կողմից եւ դեռ ավելին՝ այդ ցեղասպանական քաղաքականությանը տասնյակ տարիներ է ինչ միացել են Ադրբեջան կոչվող երկրի իշխանությունները:
 
Հարկավոր է կազմել մեկ ճակատ և որդեգրել  հստակ ռազմավարություն՝ աշխարհով մեկ բացահայտելու և քողազերծելու Էրդուգանների և Ալիևների հակահայկական, հակամարդկային ու ռասիստական քաղաքականությունը իր ողջ տգեղությամբ:
 
Միջազգային հանրությունը և առաջադեմ մարդկությունը, առավել ևս այսօր պետք է, որ լիապես տեղեկացված լինի և քայլեր կատարի նրանց որդեգրած քաղաքականության դեմ: 
 
Այսօր Թուրքիան պատասխանատու է նաև Սիրիայում իր հերթական ցեղասպանությունների համար, մասնավորաբար Քեսաբում և Դեր Զորում, իսկ Ադրբեջանը՝ Սումգայիթի, Բաքվի և ադրբեջանական հանրապետության տարածքում հայերի հանդեպ կատարած ջարդերի և բռնի տեղահանումների համար, Արցախի ու Հայաստանի ժողովրդի վրա ռազմական հարձակման և պատերազմ հրահրելու  համար:
 
Թուրքիան և Ադրբեջանը պատասխանատու են նաև մշակութային ցեղասպանության համար: Նրանք, որդեգրելով պանթուրքիստական քաղաքականություն, ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել պատմության ընթացքում կերտած մեր մշակութային արժեքներն ու ինքնության վկայությունները, պատմությունը կեղծելով՝ իրենց են վերագրում հինավուրց ժողովուրդների պատմամշակութային կոթողներն ու ժառանգությունը:
Ժամանակակից աշխարհի լարված և փոթորկոտ աշխարհաքաղաքական հորձանուտներում ստեղծվում է նոր մարտահրավերների ու հնարավորությունների պատմական մի փուլ, որը մեզանից պահանջում է անել ավելին, քան արվել է մինչ այսօր:
 
Մեր գոյության և պետականության դեմ ծառացած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է համախմբվել, մեկ բռունցք դառնալ և թիկունք կանգնել թավշյա հեղափոխությամբ վերաիմաստավորված հայրենի պետականությանը, դեմ կանգնել  բոլոր տեսակի ներքին և արտաքին խարդավանքներին... 
 
Խոսքով միասնական, իսկ գործով անջատողական  արատավոր քաղաքականությունը անասելի վնաս է հասցրել մեզ մեր ողջ պատմության մեջ:
 
Այսօր մեզ  հարկավոր է, թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում մի կողմ թողնել կուսակցական ու խմբակային նեղ շահերը՝ հենվելով մեր ներքին ուժերին, մեկ մարդու պես անկաշառ համախմբվել հայրենիքի շուրջ և լավագույնս օգտագործելով հեղափոխության ընձեռած եզակի այս հնարավորությունը  ամրապնդել նրա ինքնիշխանությունը, հզորացնել տնտեսությունը, անպարտելի դարձնել  ռազմական ուժը, ապահովել ազգաբնակչության բարեկեցությունը և հայրենադարձության կարավանների համար ստեղծել լուսավոր ճանապարհ...
 
Եվրոպայի Հայերի Համագումարը, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին և համոզմունքին, հավատացած է, որ  միասնական ջանքերով հնարավոր է հասնել ցեղասպանության միջազգային համընդհանուր ճանաչումին և դատապարտման, ցեղասպանության հետեւանքների վերացմանը, նյութական ու հողային փոխհատուցումներին և դիմակայել սպասելի ու անսպասելի բոլոր արհավիրքներին ու մարտահրավերներին:
 
Եվրոպայի Հայերի Համագումար
Ուփսալա – Շվեդիա