Մոլորակի ջերմությունը բարձրանում է, դարման անող կգտնվի՞

Արդեն վաղուց խոսվում է Երկիր մոլորակի եղանակային պայմանների վտանգավոր փոփոխությունների մասին, և ամենամեծ վտանգը համարվում է ջերմաստիճանի բարձրացումը: «Գլոբալ տաքացում» անունով հայտնի այս երևույթի պատճառով, ասում են,  մոլորակի վրա ավելի խիստ կարտահայտվեն թե՛ բարձր, թե՛ ցածր ջերմաստիճանները, և կյանքն անտանելի կդառնա:

Եթե, ինչպես կանխատեսում են գիտնականները, մեր դարի երկրորդ կեսին այդ տաքացումը հասնի անգամ մեկուկես աստիճանի, տարեկան մինչև 350 մլն մարդու մահը սովորական կդիտվի, հայտնել է «Ինթերնեյշնըլ բիզնես թայմզը»: Այս դիտարկման համապատկերին ուշացած է թվում 2015թ. դեկտեմբերի 12-ին ընդունված և 2016թ. ապրիլի 22-ին ստորագրված փարիզյան համաձայնագիրը, ըստ որի բոլոր երկրները պարտավորվում են քայլեր ձեռնարկել, որպեսզի օդի ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի Ցելսիուսի 2 աստիճանը, մինչդեռ մարդկության կործանման համար բավական է անգամ մեկուկեսը:

Ճիշտ է, կան գիտնականներ էլ, ովքեր պնդում են, թե մոլորակի վրա համընդհանուր տաքացման երևույթներ չկան, և ահազանգը կեղծ է: Սակայն եթե ահազանգը կա, հիմնավորող փաստեր նույնպես կան: Մարդկությունն արդեն հասցրել է վնասել Երկրագնդի օզոնային պաշտպանիչ շերտը, դատարկել երկրի ընդերքը, վերացրել անտառներն ու մարգագետինները, ցամաքեցրել գետերն ու ծովերը կամ փոխել դրանց ջրերի բաղադրությունը, աղտոտել օդը:

Մեր ընդհանուր տունը մեզ համար դառնում է գործածության համար ոչ պիտանի, իսկ «մարդասպանից» այդպես էլ «մարդու» չվերածված հոմոսապիենսը դեռ ագահաբար փորձում է իր համար ամենամեծ պատառը կորզել: Ցավոք՝ փարիզյան համաձայնագրի կարգի պարտավորություններով խնդիրները չեն լուծվելու: Բայց երբ բոլորն սկսեն շոգից տապակվել ու ցրտից կարկամել, որևէ բան փոխելու համար արդեն կարող է ուշ լինել: