Ներքին այրման շարժիչներում շուտով ջրածի՞ն կվառեն

Նավթն ու գազը, որոնք այսօրվա աշխարհում վառելիքաէներգետիկ ամենատարածված միջոցներն են, անխնա արդյունահանվում են մոլորակի ընդերքից և, բնականաբար, դրանց պաշարները սահմանափակ են: Ջրածինը մեզ հայտնի տիեզերքի ամենատարածված նյութն է: Այն ջրի բաղադրության մասն է կազմում ու առկա է բոլոր օրգանական միացություններում: Ու հենց սա էլ կարող է մոտ ապագայում դառնալ վառելիքի հիմնական տեսակը: Բնապահպանական տեսանկյունից շատ ձեռնտու լինելով՝ այժմ կարծես թե մաքուր ջրածին ստանալու առավել մատչելի միջոց է ի հայտ եկել:
 
Այսօր ջերմոցային գազերի մեկ քառորդը արձակում են տարբեր փոխադրամիջոցները: Իսկ ահա թեթևակի մշակումից հետո ներքին այրման շարժիչներում այրվող  ջրածնից վնասակար նյութեր չեն առաջանում: Միայն թե մինչև օրս չափազանց թանկ է գնահատվել արդյունաբերական ծավալներով ջրից ջրածինը անջատելու արտադրությունը: Բանն այն է, որ ջրածինը ջրից անջատվում է էլեկտրոլիզի ենթարկելիս: Իսկ որպեսզի տվյալ քիմիական ռեակցին տեղի ունենա, հսկայական էներգիա և հազվագյուտ մետաղներից (օրինակ՝ պլատիինից) ստացվող կատալիզատորներ են պահանջվում: (Ի դեպ՝ կատալիզատոր բառի համար հայերենը մի հետաքրքիր հոմանիշ է ստեղծել՝ ճեպազդիչ):
 
Շատ հետազոտողներ են փորձել այս գործընթացն ավելի մատչելի միջոցներով իրականացնել, և կարծես թե գիտնականների մի խումբ հաջողության է հասել: Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ստացել են մի նոր կատալիզատոր, որը սովորականներից արագ է աշխատում և կարող է նշանակալիորեն էժանացնել մաքուր գազի ստացումը: 
 
Մինչ այժմ գիտնականները որպես կատալիզատոր օգտագործում էին մոլիբդենի սուլֆիդ, ալյումինի  համաձուլվածքներ և անգամ արհեստական արև՝ բաղկացած 149 քսենոնային լամպերից: Իսկ ահա պրոֆեսոր Յուհե Լինի (Yuehe Lin) ղեկավարած խումբը անսովոր ճանապարհ է ընտրել: Նրանք երկու էժան և միանգամայն մատչելի մետաղներից՝ նիկելից և երկաթից, նանոսպունգ են ստացել և այն օգտագործել են որպես հիդրոլիզի կատալիզատոր: Ծակոտկեն մետաղը եզակի ատոմական կառուցվածք և ընդարձակ մակերևույթ ունի, որոնց շնորհիվ սպունգն արագացնում է ռեակցիան՝ էներգիայի սովորականից պակաս ծախոսվ: 12-ժամյա փորձարկումը շատ հաջող է անցել:  
 
Նոր կատալիզատորի ստացման տեխնիկական նրբությունները Լինն ու նրա խումբը չեն թաքցնում, իսկ իրենք այժմ զբաղվում են ֆինանսավորման փնտրտուքով, որպեսզի լաբորատոր գիտափորձերից անցնեն ավելի լայնածավալ փորձարկումների: Նրանց գիտափորձի մասին գիտական շրջանակներին ու հանրությանը տեղեկացրել է Nano Energy հանդեսը:
 
Եթե Յուհե Լինի խումբը կարողանա այդ գումարները հայթայթել ու նավթագազային դարաշրջանի ավարտը մոտեցնել, մեր մոլորակի վրա թերևս մեծ արագությամբ դրական փոփոխություններ լինեն: Սակայն միշտ էլ մնում է մտավախությունը, թե որոշ զոռբաներ կշտապեն սեփականաշնորհել այն ամենը, ինչը ջրածին է պարունակում: Իսկ եթե սա հնարավոր չէ, նրանք պարզապես կփորձեն խանգարել նման գիտափորձերը: