Տիեզերքը` միասնական օրգանիզմ, Երկիրը՝ նրա մի հյուլեն

Տիեզերքը չի դադարում զարմացնել: Երևի դեռևս հնագույն մարդը, իրենից մի քանի կիլոմետր հեռավորությամբ աշխարհագրական վայրերի մասին պատկերացում չունենալով, զննել է աստղալից երկինքն ու փորձել գուշակություններ անել: Այսօր էլ, դեռևս մեր մոլորակի բոլոր ծակուծուկերը չուսումնասիրած, մարդը թափանցում է տիեզերական հեռուներն ու աներևակայելի չափերի հասնող տիեզերական մարմինների մասին տեղեկություններ քաղում:

Երևի այդպիսին է մարդու էությունը՝ քթի տակ եղած վտանգն անտեսելով՝  փորձել թափանցել անհասանելի երևույթների էության խորքերը: Հնագույն ժամանակներից մեզ հասնող բազմաթիվ գտածոներ ու աղբյուրներ հնագույն մարդու աստղագիտական գիտելիքների մասին այնպիսի վկայություններ են ի հայտ բերում, որ ապշել կարելի է: Իսկ այսօրվա հզոր աստղադիտակների օգնությամբ արդեն ինչեր միայն չեն հայտնաբերվում:  

Եվրոպական տիեզերական գործակալության աստղագետները ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության աշխատակիցների հետ համատեղ «Հաբլ» աստղադիտակի օգնությամբ հատվող գալակտիկաներ են հայտնաբերել: Այդ արտասովոր աստղային համակարգը գտնվում է Նապաստակի համաստեղությունում և կոչվում է «IRAS 06076-2139»: ՆԱՍԱ-ի կայքում նշվում է, որ նրանք կողք կողքի շարժվում են 2 մլն կմ/ժ արագությամբ: Գիտնականների կարծիքով՝ նման մեծ արագության դեպքում այս գալակտիկաների միավորվելը հավանական չէ, սակայն քանի որ ընդամենը 20 լուսատարի հեռավորության վրա են գտնվում, ձգողականության ուժի շնորհիվ կարող են մինյանց կառուցվածքներում փոփոխություններ առաջացնել:  

Մեր մոլորակը, իհարկե, տիեզերական օվկանոսում նույնիսկ հյուլե էլ չէ: Սակայն սա մարդկության տունն է: Որքան էլ ենթադրություններ արվեն, տեսակետներ հայտնվեն, թե տիեզերքը լի է բնակեցված մոլորակներով, դրանց մասին անառարկելի տեղեկություններ չեն հրապարակվում: Գուցե ՆԱՍԱ-ն կամ տիեզերական տարածության հետազոտությունների կոչված ուրիշ կազմակերպություններ այդպիսի տեղեկություններ ստացել են ու չե՞ն հրապարակում: Այնպես որ, չի բացառվում՝ Երկիրը նաև բանականությամբ ապրող միակ միջավայրն է: Բոլոր դեպքերում մեր մոլորակն այդ անչափելի միասնական օրգանիզմի օրենքներով է ապրում, իսկ այդ օրենքներն իմանալը միայն մեր օգտին կարող է ծառայել: Եթե իհարկե՝ նույն տիեզերքի օրենքներով մեզ վերապահված բանականությունն օգտագործելով՝ մինչ այդ երկնաքարերի գոտու չվերածենք մեր կանաչ բնօրրանը: