«Պետությանը հասցված վնասները վերականգնելու ենք մինչև վերջ, աննահանջ ենք վերականգնելու»

ԱՎԵՏԻՍ. հարկային պարտավորությունների չկատարման մասով արդեն իսկ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ:
 
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստվերային տնտեսության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունքներին:
 
- Գիտեք, որ մեր կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի, չարաշահումների և ստվերային տնտեսության դեմ պայքար: Մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանում միայն հարկային պարտավորությունների  մասով  հուլիսի մեկի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի: Խոսքը 42 մլն դոլարի մասին է, սա շատ կարևոր ցուցանիշ է և, կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է,- տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Հավելումն՝ ՊԵԿ նախագահ պարոն Անանյանը պարզաբանել է, թե ինչն է պատճառը, որ այս պահի դրությամբ պետական բյուջեում առկա է ընդամենը վերականգնված, փաստացի մուտք արված 800 մլն դրամ.
 
- Բնականաբար, քննչական և հետաքննչական ծառայությունները համագործակցել են քննչական ծառայության, դատախազության հետ և ցանկանում եմ, որ սա վերագրենք հավաքական աշխատանքի արդյունք: Ինչ վերաբերում է Ձեր ասած թվերին, ըստ էության, 20 մլրդ 622 մլն-ն օր-օրի փոփոխվում է, բնականաբար այն ունի բարձրանալու միտում: Այս պահի դրությամբ այս գումարը 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է և մենք կարող ենք դա բաժանել 3 մասի: Ինչպես Դուք ասացիք, 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտավորապես 12,7 մլրդ դրամ առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ-ի կարգի միջոցները նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն քննչական գործողությունների ընթացքում դրանք ավելանալու միտում ունեն: 
 
Վարչապետը նաև ընդգծել է, որ ներկայացված թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին: 
 
- Այս թիվը չի վերաբերում ապօրինի հարստացման գործերին, յուրացումներին և այլ կոռուպցիոն երևույթների հետ կապված գործերին, որոնք նույնպես իրենց ծավալներով չափազանց մեծ են: Իհարկե, այս պրոցեսը շարունակվելու է և մենք լրջագույն գումարներ վերականգնելու ենք, պետությանը հասցված վնասները վերականգնելու ենք և ինչպես ասել եմ, մինչև վերջ ենք վերականգնելու, աննահանջ ենք վերականգնելու: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ մեր իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակ ամեն օրվա հետ ավելի արդյունավետ է դառնում և մենք այս ճանապարհով պետք է շարժվենք: Ուզում եմ ընդգծել, որ հենց այս գումարների մասին է խոսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ սուբվենցիաների ծրագրով կհատկացնենք մարզերին: Շատ կարևոր է, որ իսկապես այս գումարները ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, որպեսզի մեր ժողովուրդն արդեն իրենց համայնքներում զգա փոփոխությունները,- ասել է կառավարության ղեկավարը: