«Ձեր հայացքներում տեսնում եմ մեր ապագա հաղթանակները»

ԲԱՆԱԿԱՅԻՆ ՆՈՐ ՀԵՐԹԱՓՈԽԸ

Մեր պետականության կերտման գործում երիտասարդության դերը մեծապես կարևորող Նիկոլ Փաշինյանը առավել հոգատար է երկրի պաշտպանությունն ապահովող զինվոր-զինվորականների հանդեպ: Ի տարբերություն ազդեցիկ գրեթե բոլոր պաշտոնյաների, նրա որդին ինքնակամ ծառայության մեկնեց Արցախ՝ բնականաբար, ո՛չ առանց վարչապետ հոր բարեմաղթության։ Հանգամանք, ինչը շատերի հիացախառն զարմանքը հարուցեց, ոմանց էլ՝ չկամ քննադատությունը, թե ինչու է դա ընդգծվում: Իհարկե, այդպես ասողներին էլ պարզ էր, թե ինչու՝ մեզանում դա, իսկապես զարմանալի էր:
 
ՈՒ այսօր, երբ որպես Վարչապետ նա շնորհավորում էր ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներին՝ ուսհաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ էր հանձնում ավարտական փաստաթղթերը, նրա խոսքում նաև հայրական պատգամ էր հնչում.     
 
-  Հույս ունեմ և հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը նոր նշանակման ծառայության է անցնում այն գիտակցությամբ, որ հայոց բանակի և հայրենիքի պաշտպանության ապագան կախված է հենց իրենից, հենց այդ մեկ սպայից, հենց այդ մեկ մարդուց: Ձեզնից յուրաքանչյուրն, այո, կարող է փոխել շատ բան իր հասանելիության, իր իրավասության սահմաններում, և ես հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր ծառայության շրջանակում ձգտում է կատարյալ ծառայության և հավատում է, որ կարող է ստեղծել կատարյալ ծառայություն ոչ միայն ինքն իր, այլև ուրիշների համար: 
 
Իսկ որպես պետության ղեկավար՝ նրա հորդոր-հիշեցումն էր՝ 
 
-  Լինել հրամանատար՝ նշանակում է լինել պատասխանատու ուրիշների առաջ և լինել պատասխանատու ուրիշների համար, լինել հրամանատար՝ նշանակում է ունենալ կամք և վճռականություն ամենակարևոր պահին զոհվելու հրամաններ արձակելու և սա չափազանց ծանր պատասխանատվություն է, և սա չափազանց հզոր պատասխանատվություն է, և այս պատասախանատվությունը կարող են կրել իրապես ուժեղ, անկոտրում կամքի տեր մարդիկ: Եվ ես ձեր հայացքներում տեսնում եմ, որ դուք ունեք կամքը ոչ միայն ծառայելու, այլև հաղթելու, հաղթանակ բերելու մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր հայրենիքին: Ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները, ես ձեր կեցվածքի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները և ուրեմն ձեզ մաղթում եմ փառավոր ծառայություն Հայաստանի զինված ուժերում, հայոց բանակում, որովհետև մեր նպատակը մեկն է, մեր ապագան մեկն է, մեր այս օրը մեկն է: Հայ ժողովուրդը հաղթել է պատերազմում, հայ ժողովուրդը հաղթել է պետականության կառուցման գործում և հայ ժողովուրդը հաղթել է իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում և որևէ մեկը դրսից, թե ներսից չի կարող և չի համարձակվի այդ հաղթանակը խլել ժողովրդի ձեռքերից: Իսկ այդ հաղթանակի թիվ մեկ, ամենակարևոր պաշտպանները դուք եք: