Անսպասելի՞ էր, արդյոք, Գլխավոր դատախազության մերժումը

Անսպասելի՞ էր, արդյոք, Գլխավոր դատախազության՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդության մերժումը կամ չընդառաջելը: Հազիվ թե: Միջնորդողների համար դա պետք է պարզ լիներ ի սկզբանե: Բոլոր դեպքերում նրանք կատարեցին իրենց քայլը. ոմանք, երևի, ՀՀ երկրորդ նախագահի հետ ունեցած երբեմնի կամ ներկա ջերմ կապերից մղված, ոմանք էլ՝ քաղաքական իրենց թիմերի թելադրանքով:
 
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից այդ մերժումը հիմնավորվել է, թե՝
 
- Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զորու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը:
 
Ի դեպ՝ Դատախազությունը նաև ներկայացրել է անձնական երաշխավորագիր ներկայացրած 46 պատգամավորների ցուցակը, ինչը մինչ երեկ չէր հրապարակվում:
Այս մերժումից հետո, հավանաբար, ավելի են թեժանալու կրքերը՝ խորացնելով Ռ. Քոչարյանի կալանավորման շուրջ բանավեճերը և արհեստականորեն հրահրվող պառակտումը: Հատկապես  սոցցանցերում նման բանավեճերը հաճախ վերածվում են անձնական վիրավորանքներիէհիմնականում ուղղված փաստաբանների դեմ:  
Պատահական չէ, ՀՀ արդարադատության նախարարությունը անհրաժեշտ է համարել անդրադառնալ ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին: 
 
Նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ հիշեցրել է, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի իր գործառույթը. դատախազը մեղադրի, դատավորը դատի, իսկ պաշտպանը՝ պաշտպանի իր վստահորդին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել իրավունքի գերակայություն և իրական ժողովրդավարություն. 
 
- Արդարադատության նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ: 
 
Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս համատեղ ջանքերը, իրավաբանական օգնության, այդ թվում՝ քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է:
 
… Իրավաբանական օգնությունը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ անձի կարգավիճակից, մեղսագրվող հանցանքի բնույթից, նախկինում զբաղեցրած պաշտոնից, նրա կողմից իրականացրած գործունեությունից և այլ հանգամանքներից:
Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժողովրդավարական պետության ու հասարակության հիմնաքարերից է, ինչպես նաև կայուն և հաշվետու պետական համակարգ ունենալու գրավականը:
 
Մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ անձի կարգավիճակից, մեղսագրվող հանցանքի բնույթից, նախկինում զբաղեցրած պաշտոնից, նրա կողմից իրականացրած գործունեությունից և այլ հանգամանքներից: