«Կարևոր է Յուրաքանչյուրը» միջազգային աշխատաժողովը՝ Երևանում
Երեկ Երևանում ավարտվել է օգոստոսի 9-ին մեկնարկած «Կարևոր է Յուրաքանչյուրը» միջազգային աշխատաժողովը, որը Հայաստանում հյուրընկալեց 7 երկրներից ժամանած 35 երիտասարդ առաջնորդների, երիտասարդական աշխատողների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների։ Միջազգային աշխատաժողովը Երևանում հյուրընկալեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող երկարաժամկետ համագործակցության ծրագրի շրջանակներում։

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր զարգացնել մասնակից կազմակերպությունների կարողությունները՝ երիտասարդների խոցելի խմբերի հետ ավելի արդյունավետ աշխատելու ուղղությամբ։ Քննարկվեցին երիտասարդների խոցելի խմբերը հասարակական կյանքում ներառելու արդյունավետ ռազմավարությունները,
երիտասարդներին համայնքային կյանքում ներգրավելու մեխանիզմները և տարբեր երկրների փորձը այս ոլորտում։
Հատկապես կարևորվեց արդյունավետ և նորարարական մեխանիզմների և գործիքների ներդրումը Հայաստանի, Մոլդովայի, Ուկրանիայի և Վրաստանի հասարակական կազմակերպություններում, որպեսզի վերջիններս կարոցանան ավելի թիրախային և արդյունավետ աշխատել մի շարք խոցելի խմբերի, այդ թվում՝ գյուղական և սահմանային համայնքներում բնակվող երիտասարդների հետ։ Մշակվեց գործողությունների պլան, որը պետք է ներդրվի մասնակից կազմակերպություններում աշխատաժողովից հետո։
Աշխատաժողովն իրականացվեց Հայ Առաջադեմ Երիտասարդություն կազմակերպության «Կարևոր է Յուրաքանչյուրը» երկամյա ծրագրի շրջանակներում, որը նպատակ է հետապնդում բարձրացնելու աշխատաշուկայում, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերում և հանրային կյանքում սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների մասնակցության և ներգրավվածության մակարդակը։