Դատապարտում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը դատապարտում է երեկ՝ 2019 թ. մայիսի 21֊ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան։

Ակցիայի մասնակիցները ռուսական 5-րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին ու նրա մշակույթը։ Հայաստանը Եվրոպայի քաղաքակրթական ակունքները կրող երկիր է, հայերը՝ Ասիայում ապրող եվրոպացիներ։

Հյուրի պաշտամունք և հյուընկալության հարուստ մշակույթ ունեցող հայ ժողովուրդին բնորոշ է հազարամյակներով արմատավորված բարյացկամ և հարգալից վերաբերմունքը հյուրերի, առավել ևս՝ բարեկամ ժողովուրդների հավաքական առաքելության պատվիրակների նկատմամբ։

Մեր զորակցությունն ենք հայտնում հարգարժան դեսպան Պյոտր Սվիտալսկուն և մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ իր կարևոր և պատվավոր առաքելությունն իրականացնելու գործում։