«Բարձրագույն կրթության հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները ԿԳՆ ռազմավարությունում»

ՔՆՆԱՐԿՈւՄ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց լուծումները ԿԳՆ բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով հանրային քննարկումը կարծիքների բազմազանությամբ ու բուռն բանավեճով էր առանձնանում։
 
Միջոցառմանը մասնակցում էին չորս տասնյակից ավելի ուսանողներ, դասախոսներ, կառավարման մարմինների անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
 
 
ԵՊՀ-ում կազմակերպված քննարկման բանախոսներն էին Կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի ղեկավար Աննա Գևորգյանը, Էրազմուս+ բարձրագույն կրթության փորձագետ Քրիստինա Ծատուրյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Ռեստարտ» ուսանողական, քաղաքացիական նախաձեռնության անդամ ԴավիթՊետրոսյանը:
 
Սա 2019թ.-ի ՄԿ առաջին հանրային քննարկումն էր՝ կազմակերպված ԵՊՀ-ում: Քննարկման ընթացքում բանախոսների կողմից մտահոգություն հնչեցվեց, որ մասնակիցները քիչ են և ԵՊՀ-ն չի տեղեկացրել ուսանողներին կրթական թեմայով քննարկմանը մասնակցելու համար, մինչդեռ պետք է շեշետենք, որ քննարկման կազմակերպիչը «Մեդիա» կենտրոնն էր, որն էլ քննարկման մասին իրազեկել և հրավիրել էր ուսանողների, բուհերի, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
ՄԿ-ն դեռ 2018 թ.-ից սկսեց  նման քննարկումներ նախաձեռնել թե ՛ Երևանի, թե ՛ ՀՀ մարզերի տարբեր համալսարաններում` կարևորելով ակադեմիական միջավայրում քննարկում-բանավեճերի խթանումն ու ուսանողների ակտիվ մասնակցությունը:
 
Ի՞նչ է փոխվել բուհերում վերջին մեկ տարվա ընթացքում, արդյո՞ք նոր իշխանության խոստացած փոփոխությունները մեկնարկել են, և արդյո՞ք հստակ է այն ռազմավարությունը, որով այսուհետ պետք է զարգանան բուհերը։
 
Քննարկման բանախոսների, ինչպես նաև մասնակիցների կարծիքներն այս հարցում միանշանակ չեն։ Բանախոսներից Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի ղեկավար Աննա Գևորգյանը չի կիսում ԿԳ նախարարի այն պնդումը, թե հեղափոխությունից հետո բուհերը ապաքաղաքականացվել են 80-90 տոկոսով։ Նրա խոսքով, կառավարման խորհուրդներում նախկինի նման դեռևս կան քաղաքական գործիչներ, իսկ այդ պարագայում բարձրագույն կրթության համակարգի վրա քաղաքական ճնշումների հաղթահարման մասին խոսելն իրատեսական չէ։ Մինչդեռ, կառավարման խորհուրդներն այն մարմիններն են, որտեղ պետք է ձևավորվեն հիմնական արժեքները, որոնց վրա պետք է խարսխված լինի կրթությունը։
 
Լավագույն արդյունքներ արձանագրում են այն բուհերը, որոնք անկախ են և ինքնավար։ Բանախոսն ակնկալում է, որ կրթության ռազմավարությունը պետք է սահմանի ինքնավարության բաղադրիչները և պարունակի դրանք իրացնելու երաշխիքները։
 
ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը հակադարձում է, որ կառավարման խորհուրդներում այսօր նույն մարդիկ չեն աշխատում, իսկ շատ դեպքերում էլ արտաքին, նշանակովի անդամները ավելի շահագրգիռ են բուհի խնդիրները լուծելու համար և հաճախ չունեն բուհի դասախոսների և  ուսանողների աջակցությունը։
 
- Այսինքն, ինքնավարությունը մշակույթի խնդիր է։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ երբեմն բուհերը ակադեմիական ինքնավարությունը վերածում են ակադեմիական ինքնիրավչության,- նշեց Կարաբեկյանը՝  հավելելով, որ առաջիկայում շրջանառության մեջ դրվելիք «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրինագիծը պարունակում է ինքնավարության երաշխիքներ։
 
«Ռեստարտ» ուսանողական, քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով հեղափոխությունից հետո լուրջ փոփոխություններ չեն եղել, որովհետև չի տրվել անցյալի սխալների քաղաքական գնահատականը։
 
- Այսօր էլ, եթե ես գնամ բանասիրության ֆակուլտետ և թռուցիկ  բաժանեմ, ապա ավագների ինստիտուտը, դեկանները կասեն, որ չի թույլատրվում։ Այն ուսանողները, ովքեր դա կանեն՝ կդատապարտվեն, իսկ այն ուսանողները, ովքեր կդառնան այդ ռեպրեսիվ համակարգի ջատագովները՝ կստանան կրեդիտներ։ Դեկաններ կան, որոնք մեդալներ են ստանում իրենց գործունեության համար, բայց դեկանատներում բուլինգով են զբաղված։ Իշխանություններն իրենց վրա պետք է վերցնեն օրակարգ սահմանելու հարցը։ Ուսանողները չեն կարող ակտիվ լինել, եթե մինչև հիմա ուսանողական խորհուրդները չունեն հաստատված կանոնադրություններ, կասկածելի է ֆինանսական ռեսուրսների ծախսման արդյունավետությունը։ Չկան դեռ մեկ տարի առաջ խոստացված թեքահարթակները՝ համալսարանի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Ուսանողների կրթաթոշակների և առաջադիմության զեղչերի հետ կապված ոչինչ չկա։ ԵՊՀ-ն չի դադարել լինել մի քանի խմբավորումների շահերի սպասարկման վայր,-կարծում է Դավիթ Պետրոսյանը։
 
Բանախոսներից Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի համոզմամբ՝ ակադեմիական ազատության իրավունքը պետք է վաստակել, հնարավոր չէ ազատություն տալ մի միջավայրում, որտեղ ազնվություն և արդարություն չկա։ Նա օրինակ բերեց, որ մասնագիտական խորհուրդները մինչև հիմա առաջնորդվում են ոչ թե ազնվությամբ, այլ անձնական ամբիցիաներով։ Նա նույնիսկ զավեշտալի իրավիճակի մասին խոսեց՝ գրագողի դեմ նամակի տակ ստորագրել է մի մարդ, ով այդ աշխատանքի համահեղինակն է։
 
- Հին մոդելի մեջ նոր բովանդակություն չես դնի, որպեսզի գրագողություն չլինի, երրորդ դասարանի աշակերտի ծնողը երեխայի փոխարեն շարադրությունը չպետք է գրի,- ասաց Գոգյանը։
 
Առաջիկայում ԲՈԿ-ը պատրաստվում է ատենախոսությունները տեղադրել առցանց տիրույթում, որտեղ ցանկացած մարդ կարող է ուսումնասիրել դրանք  և կարծիք արտահայտել։ Իսկ մասնագիտական խորհուրդները լինելու են ոչ թե ԲՈԿ-ում, այլ  ԲՈԿ-ը լիցենզիա է տրամադրելու բուհերին՝  իրենց մասնագիտական խորհուրդները և գործունեություն ծավալելու համար։ Եթե անհրաժեշտ որակը չբավարարվի, դրանք կզրկվեն լիցենզիայից։ Գոգյանը կարծում է, որ եթե բոլոր փոքր խնդիրները տեղային լուծում չեն ստանում, մեծ ռազմավարությունները երբեք չեն աշխատի։  
 
Տափաստանային քամիները և բարձրագույն կրթության ռազմավարությունը
 
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով ռազմավարությունները չեն գործում, որովհետև վերջին քսան տարում դրանք գրվել են տեսական, թրենդային բառերով։ Գրողները մինչև վերջ համակարգում չեն աշխատել և չեն կարողացել հետևողականորեն գնալ ռազմավարության նշած ուղիով։ Մարդիկ, ովքեր գրում են ռազմավարություն, ոչ մի կապ չունեն իրականացնողների հետ՝
 
- 2016 թ-ին ԿԳՆ ռազմավարական փաստաթուղթ դրեց սեղանին՝ հայտնի փորձագետ Կլեմենչիչի փաստաթուղթը, հիմա բուհերում հարցրեք՝ քանի՞ մարդ է տեղյակ այդ փաստաթղթից, կամ ինչպե՞ս է այն թարգմանվում ամենօրյա պրակտիկաների։ Բարձրագույն կրթության ոլորտում մեզ պետք են մարդիկ, ովքեր կարողանան և ռազմավարություն մշակել, և՛ տեսնել բուհերի ամենօրյա խնդիրները։ Մարդիկ հեղափոխությունից հետո ուզում են տեսնել հեղափոխություն։ Մենք պետք է ցույց տանք նոր կրթական համակարգի նկարն ու ասենք, որ հիմա այսպես ենք անելու։ Շատ մեծ անջրպետ կա կրթության կառավարման մարմինների և ներքևում գտնվողների միջև։ Ես դա նմանեցնում եմ տունդրայի քամիների։ Վերևում ինչ- որ քամիներ են փչում, աղմուկ է, խոսում են, բայց ներքևում լռություն է։ Եվ ժամանակ առ ժամանակ, այդ քամիների արդյունքում, վերևից ինչ-որ մի բան ընկնում է ներքևում գտնվողների գլխին։ Ինչքան էլ լավ ռազմավարություն գրեն, միևնույնն է՝ թղթի վրա է մնալու: 
 
Փորձագետի կարծիքով, մեծ ցանկության դեպքում անգամ, այսօրվա ուսանողը դիպլոմային գրել չի կարողանա, որովհետև չի տիրապետում լեզուների և չի զբաղվում մասնագիտական գրականության ընթերցանությամբ։ Դիպլոմայինների վաճառքը արգելելով, խնդիրը չի լուծվի։ Համալսարանները պետք է հաշվի առնեն, որ լսարաններում տարբեր կարողություններով մարդիկ են նստած և ճկուն լինեն իրենց մոտեցումներում։
 
Խաչատրյանը համաձայն չէ, որ բարձրագույն կրթությունը պետք է կենտրոնանա պրակտիկ գիտելիք տալու ուղղությամբ։ Նա կարծում է, որ դա ուսումնարանների գործն է, իսկ համալարանը պետք է զբաղվի ֆունդամենտալ գիտելիք տալով և հավելյալ գիտելիք արտադրելով։ Որոշումներն էլ չպետք է կայացնի աշխատաշուկայի ճնշման տակ։ Գործատուների պահանջներն օր-օրի փոխվում են, ոչ թե գործատուն պետք է թելադրի, այլ համալսարանականը պետք է պրոակտիվ լինի, կարողանա տեսնել զարգացումները և դրանց համապատասխան իր առաջարկներն անի։  
 
Ռազմավարությունները ներքևի օղակներին, կատարողներին հասցնելու համար պետք է ունենալ հաղորդակցության ծրագիր, կարծում է Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ Քրիստինա Ծատուրյանը։ Նրա խոսքով, հաճախ այդ թրենդային բառերի բացատրությունները մենք չունենք, այդ հասկացությունները բացատրված և թարգմանված չեն մեր իրականության համար՝
 
- Ներքևի օղակները պետք է պատրաստ լինեն որոշումներ կայացնելու։ Մենք կառավարման մշակույթ չունենք, հարկավոր է հասկանալ, թե ի՞նչ պետք է փոխել բուհերի ներսում կառավարման կազմակերպման տեսանկյունից։ Իսկ  կառավարման ապակենտրոնացման ձևերից մեկը ներքին ֆինանսավորման ապակենտրոնացումն է։  
 
Հանդիպմանը մասնակցող ուսանողների հիմնական մտահոգությունը ևս կապված էր բուհերի ներքին կառավարման հետ։ Նրանք նշում են, որ իրենց խնդիրները չեն լուծվում  ո՛չ ներքին ինքնավարության սահմաններում, ո՛չ հոգաբարձուների խորհուրդներում, ո՛չ էլ բողոք-նամակներին նախարարությունն է արձագանքում։
 
Հանդիպման ժամանակ քաղհասարակության հնչեցրած ամենամեծ մտահոգությունն այն էր, թե արդյո՞ք բարձրագույն կրթության զարգացման ռազմավարության շուրջ քննարկումները մասնակցային և ներառական բնույթ կունենան, թե՞ նախկինի նման, ամեն ինչ կքննարկվի փակ դռների ետևում, առանց շահակիցների մասնակցության, բուհական կյանքից կտրված։
 
ԿԳ նախարարի խորհրդականը վստահեցրեց, որ ռազմավարությունը դեռ ընդամենը նախաձեռնության փուլում է և, երբ սկսվեն մշակման աշխատանքները, ամենայն պատշաճությամբ գործընթացի մեջ կներգրավվեն բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու անձինք։ Միասին պետք է հասկանալ, թե ինչո՞ւ չաշխատեցին նախորդ ռազմավարությունները և ո՞րն է լինելու նոր ռազմավարության նպատակը։ Կրթության և գիտության նախարարությունը առնվազն երեք կարևոր նպատակի է ձգտում․  ա/բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մերձեցումը, բ/կրթական համակարգի՝ միջազգային տարածքին ինտեգրվելու իրական հնարավորությունների ապահովումը և գ/կրթական գործընթացի լիարժեք կատարելագործումը։
 
Կարաբեկյանի խոսքով, այն ինչ ունենք հիմա, այն է, ինչ ունեինք քառասուն տարի առաջ՝ չնչին փոփոխություններով։ Ժամ առաջ հարկավոր է ազատվել այդ հնամաշ համակարգից։