Ակնհայտ է՝ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է կարևորել է նման հանդիպումների անցկացումը:

Սա թերևս ամենակարևոր դիլեման է, որ գոյություն ունի ժողովրդավարական երկրներում կամ, համենայն դեպս, Հայաստանի նման ժողովրդավարական երկրներում, որոնք դեռևս հիմնական հասկացություններ ճշտելու և ճշգրտելու անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են և այսպես շարունակ:
Բայց սրանից, կարծում եմ, պետք չէ զարմանալ և առավել ևս պետք չէ նեղսրտել: Սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու կամ գուցե ոչ այնքան երկար, որպեսզի առնվազն հիմնական հասկացությունների մակարդակով մենք հանրային կոնսենսուս ունենանք: Մի բան ակնհայտ է, որ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին: Բազմիցս եմ հայտարարել, որ ժողովրդավարությունը համարում եմ այսպես ասած էնդեմիկ արժեք մեզ համար, ոչ թե որևէ երկրից կամ որևէ տարածքից ներմուծված: Եվ ես դրան հավատում եմ, որովհետև կարծում եմ, որ նաև դահլիճում ներկա շատ մարդկանց և անձամբ իմ գործունեությունը դա են ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վերջո մեզ հարազատ երևույթ է, բայց երևի թե ժամանակ առ ժամանակ մենք կարիք ունենք մի պահ կանգ առնել և ինչպես ասում են՝ համադրել ժողովրդավարության մասին մեր կոնկրետ, պրակտիկ ձևակերպումները: Այսօրինակ հանդիպումները կարծում եմ շատ լավ առիթ են այդ հարցերը քննարկելու համար,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը երկրում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման գործում և նշել, որ այդ նպատակով գործադիրը կոռուպցիայի դեմ պայքարի, դատիրավական բարեփոխումների գործընթացներում ներգրավվել է նաև քաղհասարակության ներկայացուցիչներին:
Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներչկայացուցիչների մի շարք հարցերի, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ հանրային վերահսկողության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական ոլորտում, ոստիկանության և ընդհանրապես պետական կառավարման համակարգերում բարեփոխումների իրականացմանը, այդ ուղղությամբ նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Վարչապետը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել նաև հետագայում նման հանդիպումների կազմակերպման ձևաչափերի շուրջ և ընդգծել, որ դրանք կնպաստեն երկկողմ փոխգործակցությանը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործին: