«Մարդ-գլուխգործոց». թուրք պրոֆեսորի անդրադարձը մեծ լեզվաբան Հակոբ Մարթայանին

«ՄԱՐԴ-ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ». ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄԵԾ ԼԵԶՎԱԲԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆԻՆ

Ermenihaber.am-ը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանի մասին, ում մեծ ավանդին անդրադարձել է թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Ջունեյթ Աքալընը՝ «Aydınlık» թերթում:
 
Թուրքիայում գերադասում են լռել թուրքական պետականության և մշակույթի կերտման գործում հայերի ունեցած դերակատարման մասին: Սակայն, այդ հայերից մեկի մասին թուրքերը չեն կարող չխոսել: Խոսքը ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանի, կամ ինչպես թուրքերն են անվանում նրան, Հակոբ Դիլաչարի մասին է:
 
Հայ ժողովրդի անվանի ներկայացուցիչը ծնվել է 1895թ. մայիսի 22-ին Կ. Պոլսում: Սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում՝ Ռոբերտ քոլեջում, եղել է այդ քոլեջի անգլերենի ուսուցիչ, ապա՝ տնօրենը:
Թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Ջունեյթ Աքալընը «Aydınlık» թերթում  «Հակոբ Դիլաչար. մարդ-գլուխգործոց»  վերտառությամբ հոդված է հրապարակել բազմաշնորհ Մարթայանի կյանքի և գործունեության մասին:
 
Թուրք հեղինակը գրում է, որ Հակոբ Մարթայանը եղել է Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին քարտուղարը, հայերենից և թուրքերենից բացի, տիրապետել է անգլերեն, հունարեն, իսպաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն և բուլղարերեն լեզուներին: 1934թ. երբ Թուրքիայում ընդունվում է ազգանվան մասին օրենքը, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի առաջարկով Հակոբ Մարթայանը ստանում է «Դիլաչար» (լեզու բացող, լեզվի բանալի) ազգանունը և հետագայում իր աշխատությունները ստորագրում որպես  «A. Dilaçar»:
 
- Ափսոս որ բավականաչափ չենք ճանաչում թուրքերենի մանրանկարիչներից Հակոբ Դիլաչարին, ով նվեր է թուրքական մշակույթին: Օրինակ՝ նա է առաջինը, որ Մուստաֆա Քեմալին առաջարկել է ընդունել «Աթաթուրք» ազգանունը,-նկատել է տվել Աքալընը:
 
Հեղինակն այնուհետև անդրադառնում է Աթաթուրքի և Մարթայանի առաջին հանդիպմանը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել Դամասկոսում: Հակոբ Մարթայանն առաջին համաշխարհային պատերազմին ուղարկվել է արևելյան ռազմաճակատ: Իսկ Կովկասյան ճակատում կատարած աշխատանքի համար պարգևատրվել մեդալով: Գերմանացի սպաներին թուրքերեն է սովորեցրել:
 
Աքալընը հայտնում է, որ Հակոբին տխրեցնում է այն փաստը, երբ  Մուստաֆա Քեմալի մոտ իրեն որպես «լրտես» են ներկայացնում: Իսկ իրեն մեղադրելու պատճառը լինում է այն, որ Հալեպում  մի բանտարկյալ անգլիացի սպայի հետ անգլերենով է շփված լինում: Մարթայանին Մուստաֆա Քեմալը հարցնում է, թե ինչու չի փախչել մյուս սպաների նման, նա պատասխանել է. «Եթե ես չփախա կովկասյան ճակատից, ուրեմն Դամասկոսի փողոցներից էլ չէի փախչի:
 
Մարթայանի մոտ մի գիրք է եղել, որը հետաքրքրել է Քեմալին, ինչն առիթ է հանդիսացել է երկուսի միջև երկարատև զրույցի:
 
«Թուրքերենի մասին Հակոբի դիտարկումները և այդ գիրքը մեծ ազդեցություն է թողնում Քեմալի վրա: Նա առաջին անգամ է տեսնում լատինատառ թուրքերենով գիր»:
 
Հեղինակը նշում է, որ Աթաթուրքը և Մարթայանը երկրորդ անգամ հանդիպում են 1932թ. Թուրքական լեզվագիտական համագումարի ընթացքում, որն էլ դառնում է իրենց բարեկամության սկիզբը:
 
- Մարթայանն այնքան խորն էր տիրապետում թուրքերենին, որ մեզնից շատերը չեն կարող ընկալել,- գրում է հոդվածի հեղինակը:
 
Վերջինս մեծ բացթողում է համարում այն փաստը, որ մինչև օրս Ստամբուլում կամ Անկարայում չի տեղադրվել Հակոբ Դիլաչարի արձանը՝ հաշվի առնելով նրա ունեցած ծանրակշիռ դերը և ներդրումը Թուրքիայի մշակութային կյանքում:
 
Աղբյուր`    Aydinlik.com.tr