«Պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ԺՅՈՒՐԻԻՆ
Ինչպես արդեն հայտնի է՝ հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում է Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տեղի է ունեցել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը:

- Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախանձախնդրությամբ: Իբրև այն ժամանակվա ՀՀ կրթության և գիտության նախարար` պատիվ եմ ունեցել ստորագրելու օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր Կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում,- ելույթի խոսքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Միջազգային հյուրերին գիտակրթական կարևոր իրադարձությամբ Հայաստանում գտնվելու առիթով ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը.
- Անառարկելի է, որ 21-րդ դարում խիստ կարևորվում են կենսաբանության նվաճումները, որոնք նոր զարգացումների, տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են: Դուք եք Երկիր մոլորակի ապագա տերերը և ձեզանից է կախված մարդկության ապագան: Որպես երիտասարդ կենսաբաններ, որպես կյանքի մասին գիտությանը սիրահարված մարդիկ՝ պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության։
«Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահը շնորհակալություն է հայտնել հայաստանյան գործընկերներին՝ հյուրընկալության և հետհամաճարակային այս շրջանում միջոցառման կազմակերպումը ստանձնելու համար։ Նա նաև առանձնակի շնորհավորել է մասնակիցներին.
- Շնորհավորում եմ բոլորիդ ձեր երկրներում Կենսաբանության օլիմպիադայի հաղթող ճանաչվելու կապակցությամբ:
Այս առումով կարող եմ ասել, որ դուք բոլորդ հաղթողներ եք:
Կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այսօր և այս շաբաթվա ընթացքում՝ այս միջոցառմանը ձեր մասնակցության արդյունքներով։
Այնուհետև հնչեցվել են օլիմպիադայի մասնակիցների և ժյուրիի անդամների երդման տեքստերը։
Բացման հանդիսությունն ուղեկցվել է մշակութային կատարումներով: