Համագործակցություն

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԷԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ

Մշակույթի գործիչների միության նախագահ Գուրգեն Բալայանի այցերը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ վերածվել են բարի ավանդույթի, իսկ կապը Միության և ՔԿՀ դատապարտյալների Ինքնագործ մշակութային միավորման հետ՝ ջերմ բարեկամության։ 2022 թվականի ընթացքում Միության նախագահը, Քրեակատարողական ծառայության և ՔԿՀ վարչակազմի, մասնավորապես ՍԻԱՀ բաժնի բարեկամական ու հոգատար հյուրընկալությամբ, Ինքնագործ միավորման հրավերով, Գուսան Հայկազունու, Սուրեն Գրիգորի և այլ նշանավոր գործիչների հետ քանիցս այցելել է Հիմնարկ, հանդես եկել որպես բանախոս, ներկա գտնվել մշակույթի գործիչ դատապարտյալների գրքերի շնորհանդեսների։
 
Նոյեմբերի 30-ին ՄԳՄ նախագահը կրկին «Արմավիր» ՔԿՀ-ում էր, այս անգամ՝ Միության անդամ, բանաստեղծ Նարեկ Պապոնց Առաքելյանի հետ։ Այցը համընկավ Ինքնագործ միավորման ջանքերով կազմակերպված և ՔԿՀ ում բացված մեր զոհված հերոսների հիշատակը հավերժացնող անկյան (տես նկարում) բացման հետ։ Բանաստեղծ Նարեկ Առաքելյանը, Միավորմանը նվիրեց մեր անմահ հերոսներին ձոնված «Անկատար երազանքներ» գիրքը և հատվածներ ընթերցեց դրանից։
 
Հանդիպման ավարտին Գ․ Բալայանը Միավորման նախագահ Մ․ Մխիթարյանին հանձնեց Երգիծաբանների համահայկական միության (ԵՀՄ) նախագահ Սուրիկ Գրիգորյանի (Սուրեն Գրիգոր) կողմից ուղարկված պատվոգիրը, տրված՝ «մշակութային ակտիվ գործունեության, մշակութային կյանքին հետևելու, կրթամշակութային հանդիպումներ կազմակերպելու և իրագործելու համար»։
Մեզ հետ զրույցում ՄԳՄ նախագահ Գ․ Բալայանը և ԵՀՄ նախագահ Ս․ Գրիգորյանը հայտնեցին, որ կարևորում են դատապարտյալների հետ կապի ամրապնդումը, քանի որ դատապարտված անձինք էլ մեր հայրենակիցներն են, որոնց ոչ թե պետքէ մոռանալ ու անտեսել, այլ անպայմանորեն անհրաժեշտ է ձեռք մեկնել։ Այսպիսով, այցերը և համագործակցությունը կլինի շարունակական, մանավանդ, որ Ինքնագործ միավորումը ամեն բան անում է՝ հասարակության հետ կապը պահելու համար։
 
Նելլի ԳԵՂԱՄԱ
Մշակույթի գործիչների միության
գրական երիտասարդական բաժնի ղեկավար
 
Լուսանկարում՝ Մշակույթի գործիչների միության նախագահ Գուրգեն Բալայանը և բանաստեղծ Նարեկ Առաքելյանը՝ ՔԿՀ Ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների հետ զոհված հերոսների հիշատակը հավերժացնող անկյան առջև։