Փոփոխություններ Հայ դրամատուրգների և Մշակույթի գործիչների միություններում

2023 թվականի մայիսի 29-ին կյանքից հեռացավ սիրված արվեստագետ Գուրգեն Բալայանը։ Գուրգեն Բալայանը Հայ դրամատուրգների միության և Մշակույթի գործիչների միության նախագահն էր, ինչպես նաև՝ Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավարը և Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի մրցութային կազմկոմիտեի նախագահի տեղակալը։ Ասել է թե՝ նրան արժանի փոխարինող, թերևս՝ փոխարինողներ էին պետք․ չէ՞ որ հենց Գուրգենի մեծագույն ցանկությունն է եղել, որ աշխատանքները չտուժեն ոչ մի պարագայում։
 
Նշյալ հասարակական պաշտոններում թափուր տեղերը ավագ ընկերոջ կորստից հետո բաշխվել են հետևյալ կերպ. Մշակույթի գործիչների միության խորհրդի որոշմամբ Միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Միության փոխնախագահ, Երգիծաբանների  համահայկական միության նախագահ Սուրիկ Գրիգորյանը, ով առավելապես հայտնի է Սուրեն Գրիգոր գրական անվամբ։ 
Ի դեպ, Միությունն արդեն հայտարարել է արտահերթ համագումարի մասին, որը տեղի կունենա սույն թվականի հունիսի 16-ին՝ Միության նախագահի և Խորհրդի անդամի ընտրության օրակարգով։ 
 
Ի տարբերություն Մշակույթի գործիչների միության՝ Հայ դրամատուրգների միությունն արդեն ունի նոր նախագահ։ 07.06.2023 թվականին տեղի ունեցած Համագումարի արդյունքում Միության նախագահ է ընտրվել դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանը, ով առավել հայտնի է Մխիթար Մոս-Մուշեղյան գրական անվամբ։ Մ. Մոս-Մուշեղյանը երջանկահիշատակ Գուրգեն Բալայանի, Սուրեն Գրիգորի, Ռուբեն Մարուխյանի, Գևորգ Սարգսյանի և այլ գրողների հետ մեկտեղ կանգնած է եղել Կազմակերպության ակունքներում և հանդես է եկել, որպես Միության «Արդի հայ դրամատուրգիա» մատենաշարի խմբագիր։ 
 
Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքում Գուրգեն Բալայանի պաշտոնը Բաժանմունքի ղեկավար Մուշեղ Մխիթարյանի առաջարկությամբ և Միության նախագահ Գենադի Նորդի որոշմամբ ստանձնել է արձակագիր, Մշակույթի գործիչների միության խորհրդի անդամ, Արցախի «Ստեփանակերտ» թերթի գլխավոր խմբագիր Սոֆյա Սարգսյանը։ Թե ով կստանձնի Ռուսական գրականության ակադեմիայի մրցութային կազմկոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը Հայաստանում՝ դեռևս հստակ չէ, և այս մասով դեռևս որևէ հայտարարություն չի եղել։
 
Նարե ԱԿԱՆՑ