«Միասին»-ի նորարարական ճամբարը համախմբեց սերունդներին

Հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ծաղկաձորում անցկացվեց երկու՝ ավագ և կրտսեր սերունդների համախմբան ճամբար։ Ճամբարի մեկնարկը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ ստանալով Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի օրհնությունը։ «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի նախաձեռնությունը «Միասին» հասարակական կազմակերպությանն է։
 
ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանն ընդգծում է, որ այն իրենց թռիչքային նախագիծն էր և դեռ  ստեղծելիս չէին կարծում, որ այսքան լավ արդյունք կգրանցեն։ «Նորարարական ծրագրի  նպատակն էր հասարակության ուշադրությունը բևեռել տարեցների  հիմնախնդիրներին, ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն, նպաստել նրանց օգտակար և հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը»։
 
Ինչպես տեղեկացնում են «Միասին» ՀԿ-ից,  ճամբարին մասնակցել են Արցախից տեղահանված և Հայաստանի մարզերից 20 տարեցներ, որոնք 5 օր շարունակ ձեռք բերեցին նոր ծանոթություններ, գիտելիքներ և ունեցան յուրօրինակ առօրյա։
 
- Ճամբարի օրերի ընթացքում ոչ միայն ունեցանք հագեցած հանգիստ, այլև մի պահ ընկանք մանկության գիրկն ու փոքր ինչ մանկացանք,- ասում է ծրագրի շահառու Գյուլնազ Գրիգորյանը։
 
Գրական-երաժշտական դասերի ուսուցչուհի Գոհար Հարությույանն ասում է, որ մասնակիցները մեծ ոգևորությամբ են մասնակցում իր դասերին, դե, իսկ հասակակիցների հետ շփումն անգնահատելի է։
 
Լրագրող, բժիշկ, սոցիալական աշխատող, ռեժիսոր, իրավաբան, լուսանկարող, հոգեբան և այլն. Բացի ավագ սերնդի ներկայացուցիչներից ճամբարին մասնակցեցին Երևանի և մարզերի 10 բուհերի, այդ թվում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, 21 ուսանող, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներն ու
հմտությունները կիրառեցին ծրագրի շրջանակներում։
 
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գեղարվեստական լուսանկարչություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արփինե Կարապետյանն անկեղծանում է՝ «Սկզբում կարծում էի, որ մեծահասակների հետ շփումը բարդ է լինելու, սակայն արդեն առաջին օրը հասկացա, որ իրենք մեզնից ավելի եռանդուն ու ոգևորված են»։ Մասնակից ուսանող Մանե Գառնիկյանն էլ կարծում էր, որ անծանոթ մարդկանց հետ շփումը դժվար է լինելու, սակայն ծրագրի ընթացքում մտերմացել է թե՛ ուսանողների, թե՛ ավագ ընկերների հետ։
 
Ճամբարի ընթացքում տարեցների համար կազմակերպվել են ինտերակտիվ սեմինարներ հոգեբանական թեմաներով, բժշկական խորհրդատվություններ, ձեռագործության և երաժշտական դասեր, հոգևոր և մշակութային զրույցներ։ Ճամբար են այցելել Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, Կոտայքի թեմի հոգևոր հայրեր Տեր Հարություն քահանա Ծատուրյանը և Տեր Համազասպ քահանա Գրիգորյանը, հոգեբանության, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ՀՕՄ Արվեստի ասեղնագործության դասընթացի մասնագետներ։
 
Սեմինարներից զատ ծրագրի մասնակիցներն այցելեցին Կեչառիսի վանական համալիր, ծանոթացան ստեղծման պատմությանը, վանքի առանձնահատկություններին, այնուհետև եղան Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, ծանոթացան իրենց կյանքի նշանակալից դրվագներին։
 
Ճամբարի փակման միջոցառմանը ներկա էին ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Էդնա Տեր-Վարդանյանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի սոցիալական ծառայությունների համակարգող Մարգարիտա Հովհաննիսյանը, սոցիալական ծառայությունների զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանը և այլ հյուրեր։ 
 
Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան ծրագրի շահառուները՝ տարեցներն ու երիտասարդ ուսանողները։ Ճամբարի ոսկե սերնդակիցները, գրական-երաժշտական դասի ուսուցչուհի Գոհար Հարությունյանի նվագակցմամբ, կատարեցին «Լելե-լելե», «Սև Գյուլի», «Կանչում եմ, արի», «Նարե» ազգային ժողովրդական երգերը։ Ելույթ ունեցան շահառուներ  Սվետա Գալստյանը՝ ասմունքելով «Ասա՛ ինձ, Տեր իմ», «Զարմանալի է կյանքը մարդկային», «Հերն էլ անիծած» բանաստեղծությունները և Գյուլնազ Գրիգորյանն առանձնացավ «Եկեղեցին հայկական» ելույթով։
 
Այս ամենից բացի երկու սերունդները պարեցին «Կարնո քոչարի» և «Ծաղկաձորի» պարերը։
 
«Միասին» ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամին՝  ծրագրի արդյունավետ իրականացման գործում ունեցած ֆինանսական աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այս ճամբարն ունենալու է հետագա շարունակություն:
 
ՀԿ ծրագրերի խորհրդատու Սիրվարդ Համբարյանն ընդգծում է, որ այսպիսի նախաձեռնություններն, իսկապես, տարեցներին դրական ապրումներ են պարգևում և նպաստում նրանց հիմնախնդիրների որոշակի լուծմանը:
 
ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Էդնա Տեր-Վարդանյանն անկեղծացավ, որ ծրագիրը հիանալի հնարավորություն ընձեռեց մեկտեղելու ոսկե սերնդի և երիտասարդների հաղորդակցությունը։
 
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության սոցիալական ծառայությունների համակարգող Մարգարիտ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց «Միասին» ՀԿ-ին  համագործակցության համար և հանդիսատեսին փոխանցեց կազմակերպության տնօրեն Երվանդ Մխիթարյանի ողջույնի խոսքը։ Սոցիալական ծառայությունների զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նկատեց, որ մենք ենք մեր կյանքին գույներ տվողը, և ոչ ոք միայնակ չէ, յուրաքանչյուր գործում մենք բոլորս միասին ենք։
 
Հանդիսավոր փակման  արարողության վերջում ծրագրի մասնակից ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր, գործընկերներին՝ շնորհակալագրեր և միջոցառումն ամփոփվեց Գոհար Հարությունյանի գրած «Ոսկե սերունդ»  ճամբարի հիմներգի կատարմամբ։
 
Հավելենք, որ ծրագիրն իրականացվել է ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի և Մյունխենի հայ-գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։