Քննարկվել են ոլորտային համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին:
 
 Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 
Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ իր դիվանագիտական գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ մասնավորապես ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում։
 
 -Լեհաստանի հետ արդեն իսկ ունենք համագործակցության թե՛ հաջողված փորձ, թե՛ մեծ պոտենցիալ: Մասնավորապես՝ համագործակցության մեծ հեռանկարներ կան բարձրագույն կրթության ոլորտում, հատկապես հետաքրքիր է բարձրագույն կրթության կառավարման ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ առաջարկելով քննարկել Լեհաստանի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական կենտրոն ստեղծելու հնարավորությունը, որը թույլ կտա նաև զարգացնել միջբուհական համագործակցությունը:
 
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ նախարարն առաջարկել է դիտարկել նաև Լեհաստանում հայ մշակույթի օրերի և Հայաստանում Լեհաստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը, սպորտի ոլորտում՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, սպորտային մենեջմենթի և սպորտային բժշկություն ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը: Նախարարն ընդգծել է՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև երիտասարդական քաղաքականության ոլորտը՝ երիտասարդության մասին օրենսդրության մշակման և մարզաբնակ երիտասարդների համար զարգացման հնարավորությունների ընդլայնման հարցերում լեհական փորձի ուսումնասիրման առումով:
 
Ոլորտային համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում 2023-2027 թվականների» գործնական ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որը նոր հնարավորություններ կընձեռի համատեղ միջոցառումների իրականացման համար: Կողմերը կարևորել են հատկապես այն հանգամանքը, որ գործնական ծրագիրը ներառելու է նաև համալսարանական կրթաթոշակային փոխանակման ծրագիր իրականացնելու հնարավորություն:
 
ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել երկու ժողովուրդների միջև պատմական և դարավոր բարեկամության փաստը՝ հույս հայտնելով համագործակցության զարգացումն ու կոնկրետ ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով:
 
- Հետաքրքրված ենք հատկապես ուսանողների փոխանակության, Լեհաստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոնի ստեղծման և երկու երկրներում մշակութային օրերի անցկացման հնարավորությամբ: Ուրախ կլինենք մեր երկրում ընդունել հայ երիտասարդներին՝ կրթական տարբեր մակարդակներում ուսանելու նպատակով: Առհասարակ, Լեհաստանում հայկական մեծ համայնք է գործում, որը պատմականորեն նշանակալի դերակատարություն է ունեցել մեր երկրի կյանքում,- ասել է դեսպան Սկվեչինսկին:
 
Կողմերը քննարկել են նաև ՀՀ բուհերում լեհերենի ուսուցմանը վերաբերող հարցեր:
 
ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի:
 
- Անելանելի վիճակում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար բնակիչները, որոնցից 30 հազարը երեխաներ են: Իրավիճակը ոչ այլ ինչ, քան էթնիկ զտումների քաղաքականություն անվանել չեմ կարող: Կարծում եմ՝ սա անթույլատրելի իրավիճակ է, և անհրաժեշտ է միջազգային կառույցների հասցեական արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար իրավունքների ապահովման համար:
 
Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Լեհաստանի կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: