Արցախյան վավերագրեր

«ԱՐՑԱԽՆ ԱՊՐՈՒՄ Է»

Թեքեյան կենտրոնում բացվել է «Արցախն ապրում է» խորագրով  ցուցահանդեսը, ուր միավորված են Հադրութի ստեղծագործական կենտրոնի /ՀՍԿ/ սաների ձեռքի աշխատանքները եւ լրագրող, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի՝ Արցախի պատմամշակութային հուշարձանների լուսանկարները:
 
Հադրութի ստեղծագործական կենտրոնը ցուցահանդես-վաճառքին ներկայացել է բազմապիսի աշխատանքներով, որոնք ընդգրկում են գորգագործություն, գոբելեն, ասեղնագործություն, ուլունքագործություն, խեցեգործություն, գեղանկարչություն և այլն: Յուրօրինակ գործերն արտացոլում են հայկական ինքնությունն ու մշակութային ժառանգությունը:
 
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նա մասնավորապես նշեց, որ Արցախը շարունակում է ապրել, և ցուցահանդեսի մասնակիցները դրա վառ վկայությունն են։ 
 
- Պետք է պահպանենք Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշները, որոնք մեր հաջողությունների գրավականը պետք է կրկին լինեն, և վստահությունն ու համոզմունքը երբևէ չպետք է մեզ դավաճանեն: Արցախի Հանրապետությունը միշտ պետք է ապրի, - հավելեց նա:
 
Հադրութի ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը, ներկայացնելով հաստատության պատմությունն ու գործունեությունը, հատկանշեց ազգայինը պահպանելու և սերունդներին փոխանցելու գաղափարախոսությունը: 
 
- Փորձում ենք մեր եկեղեցիները, խաչքարերն ու հուշարձանները, նույնիսկ արցախյան բնությունը մեր աշխատանքներում վերարտադրել՝ օգտվելով լուսանկարներից, քանի որ, ցավոք, ներկայումս բնօրինակներից օգտվելու հնարավորություն չունենք, - ասաց տիկին Թամրազյանը: 
 
Հադրութի ստեղծագործական կենտրոնն առաջին անգամ է ցուցանմուշները ներկայացնում վաճառքի 420 աշակերտների անվճար ուսուցանումը հնարավոր դարձնելու եւ կենտրոնը պահպանելու համար:   
 
Լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը շնորհակալություն հայտնեց Թեքեյան կենտրոնին նմանատիպ մշակութապահպան միջոցառումներն իր հովանու ներքո առնելու և խրախուսելու համար: Հեղինակը, ներկայացնելով լուսանկարները, նշեց, որ իր 25 տարվա աշխատանքի արդյունք են, որտեղ պատկերված են Արցախի պատմամշակութային հուշարձանները, որոնցից շատերն արդեն ոչնչացվել են թշնամու կողմից։
 
«Արցախն ապրում է» խորագրով  ցուցահանդես-վաճառքը Թեքեյան կենտրոնում բաց կլինի մինչեւ ապրիլի 10-ը։
______________________________
 
Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմադրվել  է 1995թ. Արցախում:
 
44-օրյա Արցախյան պատերազմից հետո` 2020թ. դեկտեմբերին կենտրոնը վերաբացվել է Երևանում  եւ ունի մասնաճյուղեր ՝ Աշտարակում, Արտաշատում, Մասիսում, Էջմիածնում, Վանաձորում  եւ ՀՀ այլ մարզերում։
 
Անվճար հիմունքներով կենտրոն են հաճախում 420 աշակերտ, գործում է 47 խումբ, որտեղ դասավանդում են Արցախից բռնի տեղահանված 24 արվեստագործներ։ Գործում են կավագործության, գորգագործության, կարպետագործության, փայտագործության, ասեղնագործության, գոբելենի, մանրանկարչության, բատիկայի, նկարչության, պարի եւ այլ խմբակներ։
 
Վերաբացումից ի վեր կենտրոնը կազմակերպել եւ մասնակցել է հինգ տասնյակից ավել ցուցահանդասների, այդ թվում Հայաստանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Շվեյցարիայում, Հնդկաստանում՝ ցուցադրելով հայ երիտասարդ արվեստագետների տաղանդն ու տոկունությունը:
 
Զոհրաբ Ըռքոյանը 2010թ-ից Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: 1989-1994թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանական-ազատագրական մարտերին, նաև հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով։ Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով և պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» մեդալով, «Հատուկ գնդի» պատվոգրով, ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով։ 2022թ.մայիսին ԱՀ լրագրողների օրվա առթիվ  ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտություն» մեդալի։