Աղբակոլոլ Երևան չենք ուզում

«ՍԱՆԻԹԵՔ»-Ը ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՎԱՐՁԵՐԸ

Չէ՜, «Սանիթեք» կոչվածի ականջներն, իսկապես, խցանվել է իր հավաքելիք աղբով:
 
Եվ այնքան համառ է այն իր անգործության մեջ, որ ոչ մի հորդոր ու պահանջ, նույնիսկ սեթական խոստումները չի լսում: Երևի այդ կառույցում չեն էլ պատկերացնում, թե ժողովրդի ուզածն ինչ է և ինչու: Ախր միշտ այսպես են աշխատել՝ քաղաքապետարանի հետ ձեռք-ձեռքի, բողոքներն արհամարհելով: Հենց այնպես չի ծնվել այն տեսակետ-կասկածը, որ «Սանիթեք»-ի տերը նախկին քաղաքապետն է ու հիմա միտումնավոր կերպով շարունակում է չաշխատել՝ նախկին անգործությունը նկատելի չդարձնելու, նոր իշխանությունների համար լրացուցիչ հոգսեր ծագեցնելու և, իհարկե, ժողովրդի զայրույթը հարուցելու:
 
Սակայն եթե գարշահոտ Երևանը հաճելի էր նախկինների քիմքին, երևանցին դա չի կարող հանդուրժել: Եվ խնդրով սկսել է զբաղվել Մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանը Երևանի քաղաքապետարանին ուղղված գրությամբ առաջարկել է քննարկել սանմաքրում իրականացնող այլ օպերատորի ներգրավման հարցը: Առիթը, բնականաբար, ՄԻՊ-ին հասցեագրվող բողոքներն են: 
 
Բողոքներ, որոնք անպատասխան են մնում «Սանիթեքի» կողմից՝ թեժ գծին հասցեյվելուց հետո։ Ավելին, բազմաթիվ անդրադարձներ են հրապարակվում լրատվամիջոցներում, սոցցանցերում։ Նույնիսկ իր խոստումները չի լսում երևանցիների գլխին պատուհաս դարձած «Սանիթեք»-ը: Մինչդեռ աղբակոլոլ թաղամասերում ստեղծված իրավիճակը նաև վտանգում է բնակչության առողջությունը:
 
Իսկապես, հրատապ է դարձել աղբահանությունը պատշաճ կազմակերպող նոր օպերատորի անհրաժեշտությունը ու նաև առնվազն ընթացիկ տարվա հունվարից աղբահանության համար քաղաքացիներից գանձված գումարների վերադարձը: