«Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է»

Այսօր՝ մարտի 12-ին, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: 
 
Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը անհրաժեշտ է համարել նշել.
 
- Սույն թվականի փետրվարի 24-ին Կառավարությունն ընդունեց և Ազգային ժողով ուղարկեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը: 
 
Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ խորհրդարանական քննարկումներից առաջ հրավիրել եմ այս ասուլիսը նաև Կառավարությունում հավատարմագրված լրագրողների հետ հարցուպատասխանի միջոցով զեկույցը քննարկելու համար: 
 
Մինչ հարցուպատասխանին անցնելը՝ ընդգծեմ, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 8,7 տոկոս տնտեսական աճ: Այստեղ ճշգրիտ լինելու համար, ասեմ, որ Ֆինանսների նախարարության և Վիճակագրական կոմիտեի մեջ որոշակի քննարկում կա աճի ճշգրիտ թվի հետ կապված, բայց վստահ ենք, որ տնտեսական աճը 8 տոկոսից ավելի է, հընթացս երևի կճշգրտվի կամ կմնա նույնը: 
 
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարությունը 2021-2026 թվականներին տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը սահմանեց որպես առանցքային թիրախ: 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, 2021 թվականին՝ 5,8 տոկոս տնտեսական աճ: Ըստ այդմ՝ ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով տնտեսական աճի թիրախն ապահովված է:
 
Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, որից պետք է բխեն Կառավարության քաղաքականություններն ու որոշումները: Տնտեսական զարգացումն է, որ Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա սպասարկել պետական օրակարգն իր ամբողջության մեջ: Այս առումով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող և հարկեր վճարող բոլոր անձանց, ովքեր 2023 թվականի պետական բյուջեի համար ռեկորդային՝ 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ, հարկային եկամուտներ են ապահովել: Այս ցուցանիշը 2017 թվականի պետական բյուջեի եկամուտների համեմատ ավելի է շուրջ 92 տոկոսով կամ 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով: 
 
2023 թվականի մեծագույն մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումն էր: Կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդն ի վիճակի եղան 1 շաբաթում ավելի քան 100 000 մարդ ընդունել և հասցեագրել նրանց կարճաժամկետ կարիքները: Առջևում բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ կարիքների հասցեագրումն է, և առաջիկայում ավարտին կհասցնենք նրանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագիրը: Ինչպես ասել եմ, եթե բռնի տեղահանված մեր քույրներն ու եղբայրները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան, կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի նրանց Հայաստանի Հանրապետությունում մնալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն:  
 
Վերջին տարիների իրադարձությունների խորը և համապարփակ վերլուծության արդյունքներով Կառավարությունը շարունակում է արտաքին և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը: Այս համատեքստում մեզ համար շարունակում է  առաջնային մնալ խաղաղության օրակարգը, և Կառավարությունը շարունակում է երեք սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանների  սահմանազատում և սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը: Ու չնայած այդ սկզբունքները հանրահայտ են, շփոթության տեղիք չտալու համար հարկ եմ համարում կրկին բարձրաձայնել դրանք: 
 
Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: 
 
Երկրորդ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման քաղաքական հիմք է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծելու օրակարգ չկա, այլ անհրաժեշտ է հողի վրա արտահայտել ԽՍՀՄ փլուզման շրջանում հանրապետությունների միջև դե-յուրե գոյություն ունեցած վարչական սահմանը, որ Ալմա-Աթայի հռչակագրով դարձել է պետական սահման:
 
Երրորդ՝  տարածաշրջանային  կոմունիկացիաները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս թեմայի վերաբերյալ մեր պատկերացումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»:      
 
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: