«Ելքը» ելք է փնտրում դժոխքից

ԴԺՈԽՔԻՑ ԴՐԱԽՏ ՈՒՂԻՆ ՄԻԱՀԱՄՈՒՌ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է

Խորհրդարանական փոքրամասնությունը փակուղում է հայտնվել, ինչն այսօր ակամա խոստովանեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
 
Բանն այն է, որ իշխանությունը, ինչպես հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա  Զոհրաբյանը, շարունակում է հարահոսային սկզբունքով մերժել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրենսդրական առաջարկները։
 
Իսկ առաջարկների պակաս վերջին շրջանում չի եղել. Հատկապես՝ «Ելք»-ի կողմից: 
 
Իշխող կուսակցությունը պարբերաբար խոսում է կառուցողական ընդդիմություն ունենալու, նրա հետ աշխատելու ցանկության մասին, սակայն նրա խորհրդարանական մեծամասնությունը կարծես թե իր գործողություններով հակառակն է փաստում: Ինչպես «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն է հիշեցնում՝
 
- Դուք էիք ասում՝ մեզ անհրաժեշտ է խորհրդարանական երկիր, սա՞ է ձեր խորհրդարանական երկիրը, երբ հարցի քննարկումն ուղղակի կասեցվում է:
 
Կրակն ավելի թեժացրեց Նիկոլ Փաշինյանը՝ «Պաշտպանության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշելով, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակումը և շտաբի կառավարումը չպետք է լինի վարչապետ-պաշտպանության նախարար-շտաբի պետ մեժդուսաբոյչիկի ինչ-որ խնդիր: 
Իրավիճակը մեղմելու համար ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն առաջարկեց քննարկումներով բարելավել օրինագիծը: Ինչպե՞ս բարելավել, եթե՝
 
- Մեր բոլոր առաջարկները ձեզ համար ճանապարհ են դեպի դժոխք: Ի՞նչ առաջարկություններ անենք, եթե մեր գրավոր առաջարկները մերժվում են:
 
Քաղաքական ուժերի՝ միմյանց դժոխք ուղեկցելու այս մարմաջը փոխանակ կառուցողական քննարկման վերածվի, կամաց-կամաց կարծես թե սրվում է:
 
Հնարավո՞ր է, որ այդ իրավիճակը միավորի խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին և իշխանություններին մղի՝ հաշվի նստել իրենց հետ: Չէ՞ որ եթե սպառվում է հարցերի լուծման քաղաքական ուղին, ապա դա ինքնըստինքյան քաղաքական ուժերին, նրանց հետևորդներին դրդում է փողոց դուրս գալ ու փորձել հեղափոխական մեթոդներով հարցերը լուծել: 
 
Մի շարք երկրների՝ արդեն տարիներ ձգվող անկայուն վիճակը տեսնելով՝ վստահաբար կարող ենք ասել, որ պատերազմող Հայաստանի համար սա վտանգավոր ու մերժելի ճանապարհ է: Չմոռանանք մարտի 1-ի դեպքերը:
 
Ուստի, ընդդիմադիրների համար ելքը միավորվելն է, չհիմնավորված ամբիցիաներից ու ծայրահեղ ռուսամետ-արևմտամետ հակամարտությունից հրաժարվելը: Միավորման համար պետք է սկսել ընտրազանգվածի հետ աշխատել, քաղաքացիների խնդիրներին լուծումներ փնտրել ու պատկան ատյաններին լսելի դարձնել ժողովրդի պահանջը: Ու միշտ հիշել, որ ժողովուրդը սոսկ ընտրազանգված չէ, որին կարելի է կաշառել իշխանություններին փնովելով, իսկ ընտրություններից հետո հանդիմանել, թե իրենց մեծամասնություն չդարձրին:
 
Իսկ խորհրդարանական մեծամասնությունն ինչպե՞ս է հիմնավորում ընդդիմության նախագծերի մերժումը: Առայժմ՝ ոչ մի կերպ: Միայն արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն է «անկեղծացել»՝ «Քաղաքական մեծամասնություն ենք, ինչ ուզենք կանենք»: 
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  ընդդիմությանը խորհուրդ է տվել նայել դինամիկան և տեսնել, որ քննարկվող բոլոր այն առաջարկները, որոնք տրամաբանական են՝ կյանքի են կոչվում:
 
Իրողությունը մեկն է՝ խորհրդարանական թե՛ մեծամասնությունը, թե՛ փոքրամասնությունը վարձատրվում է հարկատուներիս հաշվին՝ երկիրը բարվոքելու, մարդկանց կյանքը  բարելավվելու համար: Դրախտին ձգտելու, այլ ոչ թե դժոխք սարքելու կամ դժոխքի սպառնալիքներ միմյանց ուղղելու համար: