«Վարչապետը լավ հուպ ա տալիս»

ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼ ՍԽԱԼ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը 69 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում քվեարկության 50,06 % մասնակցությունը համարում է շատ ցածր:
 
Ըստ Է. Երիցյանի՝ համայնքների խոշորացման հիմնական նպատակը պետք է լիներ ապակենտրոնացումը: Այսինքն, մինչ այս իր իրականացրած լիազորությունները պետությունը պետք է փոխանցեր համայնքներին, որպեսզի դրանք ավելի արդյունավետ աշխատեին: Նրա խոսքով՝ եթե խոշորացմամբ  ապակենտրոնացում չլինի, ամեն ինչ կմնա նույնը : Հարկատուների ֆինանսների 90 տոկոսը ծախսում է կենտրոնական իշխանությունը, իսկ սա արդեն դիսբալանս է:
 
Է. Երիցյանն առաջարկում է ֆինանսների և լիազորությունների տրամադրում տեղական իշխանություններին: 
 
Մյուս առաջարկը, որը հնչեցրեց Համայնքների միության նախագահը, հետևյալն է. համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է լինեն ուղիղ, իսկ ավագանունը՝ համամասնական: 
 
- Սա թույլ կտա համայնքին հասկանալու, թե որքանո՞վ են տվյալ համայնքի ղեկավարը և ավագանին պաշտպանում իրենց շահերը: Այսինքն՝ արդեն այդ երկու մարմիններն են հավասարապես ղեկավարելու համայնքը: Հենց սրա համար է պետք նման փոփոխությունները,- մանրամասնեց Է. Երիցյանը: 
 
Այս տարի ընդդիմությունը չմասնակցեց ավագանու ընտրություններին, թեև, օրինակ «Ելք» դաշինքը կարծես քայլեր էր անում՝ մարզերում ևս համակիրների թիվն ավելացնելու: Անգամ այսօր «Ելքի» մի քանի անդամներ սոցցանցերում ընդդիմությանն ակտիվանալու կոչեր էին արել: Էմին Երիցյանը կարծում է, որ ընդդիմադիրները չեն կարևորում տեղական իշխանության դերը, մտածում են՝ կենտրոնականը վերցնեն, հետո անցնեն տեղականին: Սա ֆունդամենտալ սխալ մտածողություն է՝ ըստ բանախոսի:
 
Ի դեպ, երեկ մի շարք համայնքներում տեղի ունեցած ընտրություններին զուգահեռ լրատվամիջոցները  համայնքների բնակիչների կարծիքն են հարցրել համայնքների խոշորացման մասին: Ծաղկահովիտի բնակիչները դժգոհել են՝ «վարչապետը լավ հուպ ա տալիս».
 
- Գյուղեր ունենք՝ 25-30 կմ հեռու են, մարդիկ ամառը չեն կարում գան հասնեն ստեղ, ձմեռը ո՞նց են գալու: