Էրդողանը նորից հոխորտում է ու շողոքորթում

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐՆ ՈՎ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Գալիք շաբաթը իրար անդավաճան երկու պետությունների ղեկավարների հանդիպմամբ կսկսվի: Նոյեմբերի 13-ին մեկօրյա այցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան: (Այդ մասին տեղեկացրել է «Turkiyegazetesi» թերթի կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահական աղբյուրները:)
 
Թե հանուն իրենց շահերի և հավատարմությունն զմիմյանս վերահաստատելու նկրտումներով ո՞ր պետության դեմ ի՞նչ նոր դավեր են նյութվելու՝ արդեն իսկ դժվար չէ ենթադրել: Ենթադրելու կարիք էլ չկա. օրեր առաջ Էրդողանն ինքն է ասել, որ ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկելու են նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:
 
Կարևոր մի հանգամանք՝ այս հայտարարությունը նա արել է Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս: Գուցե հենց Ադրբեջանում էլ կայացվել է այս հանդիպման որոշումը: Բայց դա այնքան էական չէ, որքան թուրք նախարարի այն ինքնավստահությունը, թե՝
 
- Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ Ղարաբաղի  մասին խոսելու, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա։
 
Անպատկառության այսպիսի դրսևորումը, թեև վաղուց արդեն չի զարմացնում, բայց վերստին կասկածի նոր շղարշ է «հագցնում» «դարավոր բարեկամության» իրական դեմքին: Ավելի ստույգ՝ ոչ թե կասկածի շղարշ է «հագցնում», այլ խորացնում է անվստահության անդունդը: 
 
Թե ղարաբաղյան հակամարտության խնդրով ինչո՞ւ է Թուրքիան կարևորում Պուտինի դիրքորոշումը՝ պարզ է ու հասկանալի. դարեր ի վեր ռուս-թուրքական հարաբերությունները ջերմացել են հայերի արյան գնով և Հայաստանի տարածքների հաշվին: 
 
Բայց Էրդողանն ակամա, թե միտումնավոր՝ մի «մատնություն» է կատարում. հակամարտության խնդրով զբաղվող կառույցները ձևական են, ու շարունակելու են աշխարհի աչքերին փոշի փչելու միջոց մնալ՝ քանի դեռ Պուտինը «իրականում» չի զբաղվի այդ գործով: Իսկ ինչո՞ւ մինչ օրս Պուտինը «իրականում» չի զբաղվել այդ գործով, որպեսզի «արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։ Ամենակարևորը՝ հայկական հիմնախնդրի մասին երկխոսելու են միակողմանի ծահախնդրություն ունեցող պետղեկերը: Նրանցից ո՞վ է հայկական կողմի հետաքրքրությունները ներկայացնելու. գուցե Էրդողանը...
 
Մեր հարցադրումները հռետորական են, զի պատասխաններն առնվազն 25 տարի օրավուր ավելի ու ավելի բացահայտ դարձող իրականությունն է: Իսկ հիմա Էրդողանն իր ռուս պաշտոնակցի հանդեպ վստահություն է հայտնում պաշտոնակցի հանդեպ, թե «արդյունք ստանալը ավելի կհեշտանա»:
 
Այսինքն՝ հակամարտության բանալին իր գրպանում պահող Պուտինը բացելո՞ւ է թուրք-ադրբեջանական երազանք հայկական հերթական տարածքների դռները ելուզակների առջև...