Բարձրագույն մաթեմատիկա չսովորես՝ ընտրություններից գլուխ չես հանի

Արդեն հասավ օրը, երբ հստակ կարելի է ասել՝ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու առաջիկա կիրակի:  Թվում է՝ ավելի քան քսանհինգ տարվա բուռն ընտրական գործընթացների մեջ թրծված հայաստանցիների համար դժվար բան չկա՝ գնալու են իրենց համապատասխան ընտրատեղամասը, ընդունված կարգով գրանցվելու և քվեաթերթիկ են ստանալու, նշում են անելու և թերթիկը գցելու են քվեատուփի մեջ: Դրանից հետո մնալու է մեկ բան՝ հետևել արդյունքների ամփոփման ընթացքին, որպեսզի տեղեկանան, թե իրենց քվեն ինչ ճակատագրի է արժանացել:

Այս ամբողջ պարզ սխեման հօդս է ցնդում, երբ հեռուստատեսությամբ և տարբեր լրատվամիջոցներով հրապարակում են այս անգամվա ընտրակարգի մանրամասները: Նախ և առաջ գրանցումն ինքնին մի բարդ գործընթաց է, որի նպատակն է պարզել` տվյալ անձը հո կրկնակի չի՞ քվեարկել, կամ` արդյո՞ք նրա անունը տվյալ ընտրամասի ցուցակներում է ներառված: Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել, ընտրողը պետք ներմուծի իր մատնահետքը, որից հետո սարքավորումը պետք է տպագրի նրա քվեարկության կտրոնը: Կտրոնն ու անձը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո, նա պետք է մոտենա հանձնաժողովի համապատասխան անդամին, որպեսզի ստորագրի ցուցակում` իր անվան դիմաց: Այս անգամ նրա անձը հաստատող փաստաթղթի տվյալները ցուցակում չեն գրանցվելու, չէ՞ որ էլեկտրոնային հնարավորություններ են ներմուծվել:

Նախկինում եղած մեկ թվեաթերթիկի փոխարեն այս անգամ ընտրողի ձեռքն են հանձնելու միանգամից ինը թերթիկ և քվեարկության ծրարը: Ընդ որում, պարտադիր է, որ քաղաքացին բոլոր քվեաթերթիկները վերցնի: Դրանցից յուրաքանչյուրի մի կողմում նշված է ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերից մեկի անունը, մյուս կողմում՝ նույն ուժի ռեյտինգային թեկնածուների անունները: Ընտրողը պետք է հիշի, որ նշում պետք է անի միայն իր նախընտրած կուսակցության քվեարթերթիկի վրա, այն էլ` միայն այն կողմում, որտեղ թեկնածուների անուններն են: Ընտրելով թեկնածուներից մեկին` նա մեխանիկորեն ընտրում է նրա նրեկայացրած կուսակցությունը: Ծրարի մեջ առանց ծալելու դրվում է միայն նշում արված քվեաթերթիկը, մնացածները գցում է առանձին արկղի մեջ: Կտրոնը խցիկում թողնելը կարգի խախտում է:

Այս ամբողջ նկարագրությունն արդեն իսկ երաշխավորում է, որ ապրիլի 2-ին ընտրատեղամասերում իսկական խառնաշփոթ է լինելու: Ինը քվեաթերթիկից գլուխ հանելու համար ինչքան նյարդեր ու ժամանակ է պահանջվելու: Նույնիսկ լիովին առողջ ու առույգ մարդու համար է բարդ լինելու, ուր մնաց՝ ծերերի, որոշակի խնդիրներ ունեցողների…

Միայն թե այս ամբողջ թոհուբոհի միջով անցնելով` ընտրողը երևի այդպես էլ չկարողանա հստակ պատկերացնել, թե իր արած նմուշով հայոց խորհրդարանում ում համար ինչ տեղ է ապահովել: Նախորդ գումարման խորհրդարաններում 131 պատգամավոր էր մանդատ ստանում, և դրա տրամաբանությունը լիովին հասկանալի էր: Այս անգամ, սակայն, ընտրյալների թիվն այնքան անորոշ է լինելու, որ դժվար է պատկերացնել` ինչ բարդագույն հաշվարկներով են որոշվելու խորհրդարան անցած ուժերի տոկոսային հարաբերություններն ու պատգամավորների թիվը: Հստակ է մի բան` այդ թիվը չի կարող փոքր լինել 101-ից և կարող է հասնել մինչև 180-ի, անգամ ավելի շատի: Ու քանի որ մենք դռները բաց հյուրընկալ ազգ ենք, երևի մեր Ազգային ժողովի դռներն էլ լայն կբացենք:

Արդյոք այս ամենը նաև հնարավոր դժգոհ ուժերի համար մի լայն ճանապարհ չի՞ բացում, որպեսզի իրենց անվան դիմաց չգրանցված քվեները պահանջելու բողոքով նախընտրական քարոզարշավը սահուն կերպով վերածեն հետընտրական «գործընթացների»:

Մի՞թե պարզությունից լավ բան կա: Միայն թե պարզությունը նախ և առաջ շիտակություն և մտքի սլացք է պահանջում: Որքան էլ մեր ազգի մտավոր կարողությունների մասին ընդհանուր առմամբ բարձր կարծիք կա, այստեղ կարող է հանկարծ մեր խոփը քարին դեմ առնել:  Մնում է ազգովի նստենք ու մի քանի օրում բարձրագույն մաթեմատիկա սովորենք: