Նորից՝ մեր ձախողումները պիտի հաղթահարեն

Գործընկերություն հանուն ժողովրդավարության

Երևում է՝ անցած դարերի միսիոներների այսօրվա ժառանգները որոշել են, որ ժողովրդավարությունից լավ բան չկա, իսկ քանի որ իրենք ամենամարդասերն են, ուրեմն պետք է դրանից բաժին հանեն նաև խեղճուկրակ այն պետություններին, որոնց վիճակված է եղել այդ բարիքից զուրկ մնալ: Ու եթե, ասենք, Ադրբեջանի նման երկիրը Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու համար կարող է ընդամենը իր նավթը ասպարեզ հանել՝ մնալով ամենաբռնատիրական երկիրը, Հայաստանը պարտավոր է Հռոմի պապից էլ կաթոլիկ դառնալ, որպեսզի երանելի դռներն իր առջև բացվեն: 
 
Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները վերջապես խորացման ակնհայտ միտումներ են դրսևորում: Հայաստանը, հնարավոր է, Եվրամիության «համապարփակ և ընդլայնված» գործընկերը դառնա արդեն 2017թ. նոյեմբերին, եթե Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվի համաձայնագիրը, որն արդեն նախաստորագրման փուլն անցել է: Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է  Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալանը: 
 
Հայաստանում հետընտրական առաջին օրը նա չի մոռացել անդրադառնալ մեր երկրի ընտրական գործընթացներին: Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի առկայությունը երաշխիք է համարել ընտրական գործընթացների վերաբերյալ հայ ընտրողի վստահության ապահովման համար: Նա ժողովրդավարությունը համարել է երբեք չընդհատվող գործընթաց և ավելացրել. 
 
- Կարծում եմ՝ մեր միասնական ուղին վերանայելով՝ մենք պետք է շատ անկեղծ ասենք, որ մեր տեսածը բավարար չի եղել, իսկ այս համաձայնագրի իրագործումը նաև ոսկի հնարավորություն կընձեռի, որպեսզի ընտրությունները դիտարկելու ընթացքում նկատված ձախողումները հաղթահարվեն: 
 
Հաիդի Հաութալանը «խոստացել է», որ Եվրախորհրդարանը ՀՀ նորընտիր Ազգային ժողովի հետ աշխատանքներ կտանի, որպեսզի աջակցի բարեփոխումներին և ժողովրդավարացմանը, ինչը և համապատասխանում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հանձնառություններին: