Ամենաթա՞նկը, թե՞ ամենաառատաձեռնը

Եթե դու քաղաքական ուժ ես և որոշել ես մասնակցել որևէ կարգի ընտրության, պետք է գրպանումդ դրամ ունենաս և ծախսելիս էլ ժլատություն չանես: Ապրիլի 2-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններին նույնպես ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերը ահագին գումարներ են ծախսել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ծախսային բոլոր տվյալները:
 

Առաջին տեղում Հայաստանի հանրապետական կուսակցությունն է` 379 մլն 974 հազ. 072 դրամ: Նվազման կարգով տվյալները ցույց են տալիս հետևյալ պատկերը. «Ծառուկյան» դաշինք` 155 մլն 209 հազ. 690 դրամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 88 մլն 769 հազ. 166 դրամ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք` 74 մլն 718 հազ. 463 դրամ, «Հայկական վերածնունդ» կուսակցություն` 72 մլն 314 հազ. 026 դրամ, ԵԼՔ դաշինք` 41 մլն 663 հազ 190 դրամ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն` 30 մլն 062 հազ 895 դրամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն` 9 մլն 487 հազ 188 դրամ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 9 մլն 302 հազ 952 դրամ: Բոլորի ծախսածի ընդհանուր գումարը կազմում է 861 մլն 501 հազ. 642 դրամ: Ընտրությունները ցույց տվեցին, որ այս ծախսերն արդարացված էին ընդամենը չորս քաղաքական ուժի համար, որոնցից երկուսը նշված ցուցակը գլխավորողներն են և ԱԺ-ում ամենաշատ մանդատներ ստացածները: Մյուս երկուսը՝ ԵԼՔ-ն ու ՀՅԴ-ն, թեև ժլատություն չեն արել, սակայն «առատաձեռնությամբ» զգալիորեն հետ են մնում առաջին չորս տեղը զբաղեցրածներից:

Ինչպես ասում են՝ իրենց փողերն են, ինչպես կցանկանան, այնպես էլ կարող են ծախսել: Սակայն, երբ այս ամենին գումարում ենք նաև բազմաթիվ քվեաթերթիկների ու ծրարների, թանկարժեք էլեկտրոնային սարքերի ու մասնագետների, տարբեր կարգի այլ ծախսերի համար հատկացված ֆինանսական միջոցները, անհնար է լինում չմտածել, թե որքան թանկ հաճույք է մեզ համար ընտրություններ կազմակերպելը: Եթե միայն հնարավոր լիներ այդ գումարներն ուղղել երկրի բարգավաճմանն ու անվտանգությունն ամրապնդելուն… Բայց երբ խոսքն այս մասին է լինում, գումարներ չլինելու պատճառաբանությունը չի հապաղում:

Առջևում՝ արդեն մայիսին, Երևանի քաղաքապետի ընտրություններն են: Հետաքրքիր է՝ ա՞յդ ժամանակ ինչ ցուցակ կհրապարակի ԿՀԸ-ն, և դա՞ ինչ խոհերի ծնունդ կտա: Երկրի կյանքն առանց ընտրությունների պատկերացնելն արդեն անհնարին է թվում, բայց  դրանց միշտ էլ ամենատարբեր ցնցումներ են հետևում: