Քա՛յլ արա, Նիկոլ՝ մերժելով մերժելին

ՄԱՂԹԱՆՔ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՈՒՄ՝ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Փաստեցինք համայն աշխարհին, որ հայը դեռևս քաղաքակրթության դասեր ունի տալու մարդկությանը: Եզակի չէինք ո՛չ մեր դժվարություններով, ո՛չ անարդարության դեմ ընվզումով, ո՛չ ստեղծված իրավիճակից լուծումների որոնումներով, բայց եզակի իշխանափոխություն իրականացրինք՝ անարյուն, անցնցում:
 
ՈՒրիշ ո՞ր երկրում է այսքան սահուն անցում կատարվել՝ ծովածավալ ժողովրդի մասնակցությամբ և առանց եղբայրասպան մենամարտերի: Ընդորում՝ երկու կողմերն էլ ձեռնպահ մնացին հրահրումներից: Հակառակ պարագայում հաղթանակն այսքան թավշյա չէր լինի: Պատմության գզրոցները քրքրել պետք չէ, ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանում կատարվածը վերաարձանագրենք:
 
Մինչ մեծապետական հովերով տարված որոշ ինքնամեծար պնակալեզներ վայրահաչում էին հայաստանյան դեպքերի մասին, ՌԴ մշտամնա նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության հերթական արարողությունից երկու օր առաջ նրա երկրի 90 քաղաքներում «Նա մեզ համար ցար չէ» անվանումով բողոքի ակցիաներ կայացան: Համաժողովրդական կամքի այդ բարձրաձայնումները, սակայն, միապետին ու նրա դրածոներին ականջահաճո չէին: Եվ շուրջ 1,5 հազար մարդ ձերբակալվեց:
 
Մեր մայիսյան նախատոնակը նոր շռինդով լցվեց, ինչը ևս հաղթանակ է համարվում: Դա «ձայն բազմաց»-ի հաղթանակն է, որ կարողացավ լսելի դառնալ, հաղթանակն է հուսահատությունից հոգնած զանգվածների, ովքեր վերարժևորեցին միաբանվելու ուժը: Կատարվածը կարծես թե ցրեց չարանալով, անեծք-հայհոյանքներով ինքնագոհունակության կապանքներից ազատվելու և ատելության ծխածածկույթը: ՈՒ հիմա բոլորը շնորհավորում են զմիմյանս. հանձին նորընծա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շնորհավորում են իրենց հաղթանակը: 
 
Ասում են ՝ նոր էջ է բացվել: Իրականում նոր էջ կարող ենք բացել հետայսու, զի սա սկիզբն է միայն. սկիզբը՝ նոր իրողությանց և այն ճանապարհի, որով ցանկանում է քայլել հանրությունը: Արդ՝ շնորհավորանքներից առաջ մաղթանք ենք ուզում հղել ՀՀ նորընծավարչապետին և առաջիկայում նշանակվելիք պաշտոնյաներին:
 
Մաղթանք՝ ոչ մի պահի չմոռանալու իրենց թիկունք եղած հոծ զանգվածներին, ոչ մի պարագայում չտարվելու թիմային խաղերով և միշտ հիշելու, որ երկրիս վարչապետը յուրաքանչյուր հայաստանաբնակի ապահովության ու բարեկեցության երաշխավորն է՝ անկախ այն իրողությունից, թե շարժման օրերին ով քանի մետր հեռու է գտնվել կազմակերպչից: Երդման էր նման Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն խոսքը, թե ծառայելու է ժողովրդին. ոչ ոք չկասկածեց նրա անկեղծությանը, և մաղթում ենք, որ հետայսու ևս կասկածելու առիթ չծագի: 
 
Ասում են՝ իշխանական գահավորակները հաճախ մթագնում են ազնիվ մղումներն ու զգացողությունները: Հավատում ենք ու մաղթում, որ Նիկոլի պարագայում այդպես չի լինելու, զի նա պաշտոնամոլ չէ, ոչ էլ՝ պատեհապաշտ: Նույնիսկ արժանապատվորեն արհամարհեց գերազանց ուսմամբ վաստակած դիպլոմը՝ չկամենալով անարժաններից ստանալ այն: Իր աշխատանքով փաստեց՝ դիպլոմը չէ, որ պիտի «զարդարեր» իրեն (1995-ին նրա ԵՊՀ-ում նրա դեմ կատարված ոտնձգության վերաբերյալ «Ավանգարդի» հրապարակումն այդպես էր վերնագրված՝ «Դիպլո՞մն է, որ պիտի զարդարի քեզ»): Նա ինքը բազմիցս վայելել է դժվարություններ հաղթահարելու բերկրանքը և լավ գիտե առաջին քայլի կարևորությունը:
 
ՈՒրեմն՝ քայլ արա, Նիկոլ և առաջին իսկ քայլերովդ հիմնավորիր, որ մերժում ես անարդարությունը, թիմախաղերը, մենաշնորհներն ու այն ամենը, ինչը խոչընդոտել է մեր բնականոն ընթացքը: Քա՛յլ արա և թույլ մի տուր երկար սպասել առաջին հաջողություններիդ համար շնորհավորելու առիթին: