Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի համաձայնությունը. նաև՝ Սփյուռքի՛

ԱՄՆ  նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի՝ Երևան կատարած այցի առիթով հնչած տեսակետների մեկնաբանությունները առատ են: Միջազգային անդրադարձը առավելաբար Իրանի մեկուսացման քաղաքականության ընդհանուր շրջագծում շարունակում է դիտարկել հարցը և կարևորել Բոլթոնի՝ Իրանի սահմանակից երկրներում ամերիկյան գործոնի ազդեցիկության բարձրացումը։
 
Իրանի մեկուսացման օրակարգը հիմնական առաջադրանքներից լինելով հանդերձ՝ հայտարարություններում կային անշրջանցելի առանցքներ։
 
Արցախյան հակամարտության հանգուցալուծման պատկերացումը Բոլթոնը կապում էր ՀՀ-ում ստեղծված նոր հանգամանքների հետ և հստակեցնում, որ դա պիտի դառնա բանալի՝ հայ-դրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացման:
Այս հարցով օրինաչափ էր վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի արձագանքը՝  կարևոր հավելումով։ Նա վերստին բանաձևեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ բացառելով լուծման որևէ տարբերակ՝ առանց ՀՀ-ի և Արցախի ժողովուրդների համաձայնության (նաև՝ Արցախի իշխանությունների):
 
Կարևոր հավելումը այս դեպքում համայն հայ ժողովուրդն է. վարչապետի պաշտոնակատարը հստակեցրեց, թե որովհետև խնդիրը համահայկական տարողություն ունի, անհրաժեշտ է ստանալ նաև Սփյուռքի համաձայնությունը։
 
Սփյուռքահայությունը, ի տարբերություն Հայաստանի և Արցախի հանրապետություններում ապրող ժողովրդի, կամարտահայտության դրսևորման առումով այս դեպքում չունի հանրաքվեի կազմակերպման ոչ նախադեպը, ոչ էլ իրավական իմաստով դա անցկացնելու հնարավորությունը։ Ներկա պահի դրությամբ սփյուռքահայություն հասկացությունում ներառվում են դասական կառույցներն ու համահայկական տվյալ ծրագրի իրականացման համար նկատի առնվող անհատ սփյուռքահայերը, որոնք խորհրդատվական գործառույթներով հրավիրվում են պետության կողմից կազմակերպված խորհրդաժողովներիի։
 
Սփյուռաքահայության դերակատարության խորհրդատվական բնույթից իրավական անցումի առաջադրանքը արծարծվեց վարչապետի պաշտոնակատարի՝ Լիբանան այցի առիթով տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների ընթացքում:
Փաստորեն, նախադեպային կառույցները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական և տարածաշրջանային հանձնաժողովները, Սփյուռքի նախարարությանն առընթեր գործած մասնագիտական ոլորտների համաժողովները, ըստ էության կարևոր հարթակ լինելով և համահայկական օրակարգեր քննարկելով, չունեին իրավական լիազորություն և գործառույթ՝ մասնակից լինելու որոշման գործընթացներին: Քննարկման մեկնարկի շրջագծում գտնվող համազգային խորհրդի սահմանումը ևս կենտրոնացել էր սփյուռքահայության գործոնի խորհրդատվական գործառույթների վրա:
 
Լիբանանյան խորհրդակցությունների ընթացքում արծարծվեց համահայկական օրակարգ ձևավորելու և դրան առընթեր նախապատրաստվելու ընդգրկուն կառուցակարգի նախագծի կարևորությունը: Այնպես սակայն, որ դա տեղի չտա նոր խնդիրների, բաժանարարության և, թեկուզ սահմանափակ լիազորություններով համախմբվող հարթակները զարգացնելու փոխարեն, չնվազեցնի որոշակի առումով կայացած գործոնի ազդեցիկությունը:
 
Խոսքը, հեռահար կտրվածքով իհարկե, վերաբերում է ԱԺ-ի երկպալատ դրությանը: Այդ հնարավորությունն է, որ սփյուռքահային, իրավական ասելաձևով՝ ՀՀ-ի սահմաններից դուրս ապրող քաղաքացուն է տրվում ոչ միայն առաջադրելու-առաջադրվելու, այլ նաև իբրև պատգամավոր մաս կազմելու ՀՀ ԱԺ-ի հատուկ պալատում, որը կքննարկի համահայկական տարողություն ունեցող օրակարգեր:
Ուրեմն, նախ ձևավորել համահայկական օրակարգը և առընթեր պատրաստել նախագիծ՝ հանգրվանային քայլերով ապահովելու սփյուռքահայության իրավական լիազորությունները՝ մասնակից դառնալու համահայկական օրակարգերի քննարկմանն ու որոշմանը:
 
Անկախ նրանից, որ նման նախապատրաստությունը երկար ճանապարհ է ենթադրում, պետք է նկատել նաև, որ երկպալատ դրության հաստատումը կարող է իրականանալ միայն սահմանադրական փոփոխությամբ, իսկ սահմանադրական նման հիմնական փոփոխությունն ինքնին՝ հանրաքվեով:
 
Անորոշ բաժինը նաև այն է, որ սփյուռաքահայ հասկացությունը պե՞տք է ընկալել ՀՀ սահմաններից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներ, թե՞ ընդհանրապես սփյուռքահայ ժողովուրդը, որի ժողովրդային կամարտահայտության կազմակերպումն արդյունքի իրացումը դժվար են պատկերացվում։ Առաջինի դեպքում ավելի հստակ պատկերացում է գոյանում. ՀՀ սահմաններից դուրս ապրող քաղաքացիները դեսպանությունների միջոցով կմասնակցեն հանրաքվեին:
 
Համենայնդեպս, կարևորը այն է, որ պաշտոնապես հայտարարվում է, թե Արցախի հարցի լուծման ներկայացվող որևէ տարբերակ անհրաժեշտ է, որ ապահովի ՀՀ ժողովրդի, Արցախի  իշխանությունների և ժողովրդի, ինչպես նաև սփյուռքահայության համաձայնությունը։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր