«Ժողովրդական տրամադրությունները ռեժիմին զրկում են բացահայտ բռնության դիմելու և մեր գործունեությունը խափանելու հնարավորություններից»

- Մեր կուսակցության առաջնային ու հիմնական նպատակը Արցախի դե յուրե միացումն է Հայաստանի Հանրապետությանը, իսկ տեսանելի ապագայում՝ նաև Կուր-Արաքսյան նոր հանրապետության ստեղծումը։
 
Հոկտեմբերի 27-28-ին Ստեփանակերտում կազմակերպած Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու թեմայով սեմինարը դրա առաջին քայլն էր,- ասում է «Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մխիթար ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
 
- Ի՞նչ նպատակներ ունի Արցախում «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծումը. նախկինում Հիմնադիր Խորհրդարանն ու «Սասնա Ծռերը» դեմ էին կուսակցաշինությանը, հիմա քաղաքական ուժ են ձևավորում նաև Արցախում, ինչո՞ւ:
 
- Մենք արտահամակարգային ընդդիմություն էինք և, բնական է, որ չէինք հավակնում քաղաքական կուսակցություն դառնալ, մասնակցել ՏԻՄ կամ համապետական ընտրություններին և այդպիսով լեգիտիմացնել կրեմլահպատակ հանցավոր ռեժիմին։
 
«Սասնա Ծռերի» ապստամբության փորձը իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, Արցախի կորուստն ու պետության ինքնիշխանության հանձնումը կանխելու, սպիտակ ցեղասպանությունը դադարեցնելու նպատակով տարիներ շարունակ գործադրած մեր խաղաղ քայլերին ռեժիմի կողմից բացառապես բռնությամբ ու հալածանքով պատասխանելու տրամաբանական արձագանքն էր:
2018 թ. ապրիլ-մայիսին հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխության շնորհիվ նախադրյալներ ստեղծվեցին ազատ ու թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորել նոր ԱԺ և կառավարություն։
 
Նման իրավիճակում Հիմնադիր Խորհրդարանն ու «Սասնա Ծռեր» խմբավորումը որոշեցին ստեղծել քաղաքական կուսակցություն և իրենց դավանած գաղափարներն ու մշակած ծրագրերը կյանքի կոչել դասական խաղաղ պայքարի միջոցներով։
Որպես ազգային քաղաքական ուժ, մենք ունենք համազգային նպատակներ, ուստի պետք է վերաճենք համահայկական կառույցի և, բնական է, որ առաջինը Արցախի մարզը պիտի արձագանքեր քույր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ։
 
- «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն առաջիկայում մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ ո՞րն է լինելու արցախյան կուսակցության բուն անելիքը, ի՞նչ գործունեություն է ծավալելու քաղաքական ուժն Արցախում, և կոնկրետ ի՞նչ դիրքերից է հանդես գալու: 
 
- «Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցությունը ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալելու ինչպես Արցախի մարզում, այնպես էլ համապետական ու համահայկական կարևորագույն հարցերի լուծման գործում, այսինքն՝ հանդես է գալու ոչ թէ որպես մարզային կամ գավառական կուսակցություն, այլ որպես համահայկական քաղաքական ուժի մաս։
 
Դժբախտաբար, մեր այն առաջարկությունը, որ Արայիկ Պապիկյանի միջոցով բանավոր թե գրավոր ներկայացրել էինք Իոանիսյանի հանձնաժողովին՝ ՀՀ համապետական ընտրություններին արցախցիների մասնակցության վերաբերյալ, անտեսվեց:
 
- Պարոն Ավետիսյան, Արցախյան ուժն ավելի շատ ներքաղաքական հարցերի վրա՞ է իր ուշադրությունը սևեռելու, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան վերջին զարգացումներից հետո Արցախում ոչինչ չի փոխվել,  թ՞ ավելի գլոբալ հարցեր է իր առաջ դրել, օրինակ հենց Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու գաղափարը կյանքի կոչելը:
 
- Մարզում կատարվելիք փոփոխությունները մենք դիտարկում ենք ներհայաստանյան դրական զարգացումների համատեքստում և, կարծում եմ, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո մարզում ևս դրական տեղաշարժեր կլինեն ու մեր քաղուժը ամեն բան կանի Արցախում համակարգային փոփոխություններին նպաստելու համար։
 
- Սեպտեմբերի 29-ին Երևանում համագումարի օրը հայտարարվեց արցախյան ուժի ստեղծման մասին, իսկ հոկտեմբերի 26-ին հրապարակվեց այդ նպատակով Արցախյան կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի հայտարարությունը: Ինչպիսի՞ն են մինչ օրս եղած արձագանքները՝ հատկապես արցախցիների կողմից, կա՞ հետաքրքրություն, և կամ կուսակցություն ստեղծելու պահանջ Արցախում:
 
- Այո, կա բավականին լուրջ հետաքրքրություն: Եվ, քանի որ մեր հիմնական խնդիրը ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն է, ապա կա նաև հանրային մեծ պահանջ:
 
- 2015 թվականի բերձորյան հայտնի դեպքերից հետո, Արցախում «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծումը կարելի է ասել բավականին համարձակ քայլ է, այս առումով ինչ-որ մտավախություն չկա՞: Մասնավորապես՝ նոյեմբերի 17-ին մեծ ավտոերթը Երևանից կշարժվի Արցախ՝ մասնակցելու արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին: Ի՞նչ եք կարծում կխոչընդոտվի՞ արդյոք ավտոերթի կամ համագումարի ընթացքը, կա՞ն այս առումով ինչ-որ ազդակներ և, այդ դեպքում  ի՞նչ հակաքայլերի կգնա կուսակցությունը:
 
- Արցախում «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծումը և նոյեմբերի 17- ին դրա հիմնադիր համագումարին մասնակցելու նպատակով մեծ ավտոերթով Երևանից Արցախ ժամանումը կմաքրի բերձորյան խարանը մեր ազգի ճակատից։ Արցախցիների շրջանում բազմաթիվ դրական արձագանքներ կան, արդեն բացվել են Բերձորի ու Ստեփանակերտի գրասենյակները, կան տասնյակ անդամագրվողներ։
Թեև ստեփանակերտյան ռեժիմի կողմից նկատվում է որոշ անհանգստություն, քանի որ Արցախում նման քաղաքական ուժի ստեղծումը և գործունեությունը էապես նպաստելու է տարիներ ի վեր հաստատված ճամբարային վիճակը հաղթահարելուն, ինչն ինքնաբերաբար կհանգեցնի նաև իշխանափոխության, սակայն Երևանում տեղի ունեցող փոփոխություններն ու ժողովրդական տրամադրությունները՝ թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում, ռեժիմին զրկում են բացահայտ բռնության դիմելու և մեր գործունեությունը խափանելու հնարավորություններից:
Կարող են լինել անուղղակի քայլեր, սակայն դրանք չեն կարող կասեցնել մեր ընթացքը: