Բաքուն պետք է դուրս գա իր պատմական կաղապարից

Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ հայկական ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի «պատմական տարածքներից»: Այս դեպքում Ալիևի կողմից «պատմական» բնութագրումը հետաքրքրական է: Այստեղ արդեն Բոլթոնին պետք է վկայակոչել` գիտակցելու համար, որ Ադրբեջանը պետք է դուրս գա իր «պատմական կաղապարներից» և բաց աչքերով տեսնի այդ տարածքների Արցախի պատկանելիությունը:
 

Արցախա-ադրբեջանական շփման գծի կամ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանի ուղղություններով Բաքվի թափանցման գործողությունների և կրակոցների համեմատական մեղմացումը առաջին հայացքից կարող է դիտվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Ադրբեջանի նախագահի միջև եղած խոսակցության արդյունք: Ապա նաև` վերագրվել հայտարարված պայմանավորվածությանն ու դրան հետևած գործնական կապին` հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու առումով: Այս գործընթացներին առընթեր Բաքուն գերիների փոխանակման առաջարկին տվեց հրապարակային բնույթ` խաղաղասիրական նախաձեռնություն իրականացնելու իմիտացիա ստեղծելով:

Ռազմական հարթության վրա շարունակվող մշտադիտարկումները ունեն նաև քաղաքական բաժին` այնտեղ նկատելու համար հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կապեր հաստատելու ցանկությունների բարձրաձայնումով: Դժվար պիտի լիներ այդ բոլորին զուտ հասարակական բնութագիր տալ` ասելու համար, որ նրանք քաղաքական նպատակ չունեն որևէ ձևով այս կամ այն պետության քաղաքականության պարունակում չեն  դիտարկվում:

Զոյա Թադևոսյանի` արցախյան տարածքներ հանձնելու հայտարարությունից անցնելով պաշտոնաթող դեսպան Միլսի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի բարձրաձայնմանը, այնուհետև ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման փոխկապակցության տեսակետի փոխանցմանը` երևույթները հասարակական ընդհանուր մթնոլորտ ստեղծելու միտումների նախադրյալներ են պարզում:

Հետևաբար, պատահական չեն ներհասարակական համարձակ ցանկություն-առաջադրանքների հրապարակումները այս կամ այն քաղաքացիական գործչի, ֆեյսբուքի օգտատիրոջ կողմից:

Հակամարտությունների ապառազմականացման կոչը հնչեց նաև նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Հայտարարությունը օրինաչափ է այն առումով, որ հայկական կողմը, հետևողականորեն դատապարտելով ադրբեջանական հարձակողապաշտությունը, միացել է միջազգային հանրության ընդգծած առաջադրանքին` բացառելու համար ուժի կիրառումը և ընդգծելով հարցի խաղաղ կարգավորումը:

Վարչապետ Փաշինյանի մոտեցումը` չսեփականաշնորհելու հարցի լուծումը, այլ պայմանավորելու համաժողովրդային հանրաքվեներով, ուղղակի-անուղղակի ակնարկ էր, որ հարցի երկկողմանի լուծման համար նաև Ադրբեջանի ժողովուրդը պետք է կամարտահայտվի: Չսեփականաշնորհելով հարցի կարգավորման լուծումը` անուղղակի կոչ  է նաև պաշտոնական Բաքվին` չսեփականաշնորհելու լուծման տարբերակի միակողմանի ընդունումը:

Իսկ եթե ժողովուրդներին է վերապահվում լուծման տարբերակի շուրջ համաձայնելը, ապա ուրեմն նոր գործընթաց է սկսվում` հասարակությունում անհանդուրժողականության վերացման նպատակով:

Իրադրային նախադրյալները նախանշում են, որ ընդհանուր այս մթնոլորտում չի բացառվում, որ հայտնվեն հայ-ադրբեջանական հաշտեցման հանձնաժողովներ, որոնք աշխատեն «պատմական կաղապարներից» դուրս բերել երկու ժողովուրդներին:
Արցախի հարցի ուղղությամբ պատմական կաղապարից դուրս գալը հայկական կողմի համար նշանակում է թևակոխել երկրորդ փուլ` այս անգամ դուրս գալ դեպի Թուրքիա ձևավորված պատմական կաղապարից, ինչը պարզ տեսքով համազոր է Բոլթոնի կատարած հարցերի փոխկապակցվածության առարկայացմանը:

Ժողովուրդների թշնամական մոտեցումների և անհանդուրժողականության չեզոքացումը անհրաժեշտ է, որ այն ընթանա բանակցային գործընթացին զուգահեռ: Պայմանով սակայն, որ զուգահեռ` այդ ուղղությամբ գործնական, համոզիչ գործողություններ կատարվեն: Թալիշի ռազմական հանցագործները արդարադատության հանձնվեն, կացնահարողները պատժվելու փոխարեն չհերոսացվեն և պարզապես Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը հարգվեն և չարգելակվեն:
 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր