Էս ի՞նչ եք անում, ռուս զիծառայողներ և մինչև ե՞րբ

Ռուսաստանցի զինծառայողի կատարած հերթական սպանության առիթով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության տարածած հայտարարության ներքո, թերևս, մեր բոլոր հայրենակիցները կստորագրեին: Կատարվածը հերթական ապացույցն է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները կամ արյունռուշտ են, կամ որոշակի չար դիտավորություններ ունեն:
 

- Հայաստանի Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող:

Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին և նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը` ռուս զինծառայողը դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դաժանորեն ծեծել է փողոցը մաքրող կնոջը, որը մահացել է հիվանդանոցում:

Հատկապես 2015 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո ակնհայտ դարձավ, որ ռուսաստանյան ռազմական ներկայության վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջազգային պայմանագրերի և Ռուսաստանի Սահմանադրության իրավակարգավորումներով ստեղծված է այնպիսի մեխանիզմ, որը բացառում է նման դեպքերում ռազմակայանի զինծառայողի նկատմամբ Հայաստանի արդարադատության լիարժեք իրականացումը:

Մամուլի հրապարակումներ կան, որ այս անգամ ևս ռուսաստանյան զինծառայողը գտնվում է ռազմակայանի տարածքում և, ինչպես Պերմյակովի պարագայում, քննչական գործողությունները կատարվում են այդ տարածքում:
Եթե այդպես է, ապա պետք էլ չէ որևէ հույս ունենալ, թե ռուսական կողմը կհանձնի նրան: Ռուսաստանի Սահմանադրությունն ուղղակի արգելում է դա: Փաստորեն՝ Հայաստանի տարածքում գերակայում են Ռուսաստանի Սահմանադրությունն ու իրավազորությունը:

Եթե այս անգամ էլ լռենք և քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու: Հայաստանի տարածքում պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Հայաստանի կառավարությանը հորդորում է այս ողբերգական դեպքը առիթ դարձնել` առնվազն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց սկսելու և այդ գործընթացը Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորության վերածելու համար:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն