Նախապայմաններին՝ նախապայմանային արձագանքումներ

Արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ Բաքուն և Անկարան գրանցում են հաջորդական հայտարարություններ։ Ըստ էության նույն հանկերգի վերաբարձրաձայնումն է, որը արձանագրվում է պարզապես այն թյուր տպավորությունը թողելու, որ բանակցային նոր մեկնարկի ազդանշան է տրվել։
 
Առաջին անգամ չէ, որ Բաքուն և Անկարան իմիտացիոն քարոզչաքաղաքական գործողություններ են իրականացնում հատկապես արցախյան հակամարտության լուծման առումով ապատեղեկատվության միտումով։
 
Ներկա պահին նման գործողության դիմելը և դրանց հարակից ենթահող պատրաստելու համար այլ նախաբաններ հրամցնելը պարզապես ընդհանուր այդ վարքագծի վերջին դրսևորումն է։ 
 
Հայկական կողմի արձագանքումները արագ են, սակայն հիմնականում հակազդողի դերով։ Մամեդյարով-Չավուշողլու համընթաց հայտարարությունները միևնույն նախապայմանային քաղաքականության վերաբանաձևումն են։ Այս անգամ հայկական կողմից արձագանքել են փոխվարչապետը ու արտգործնախարարության մամուլի խոսնակը։ Ընդ որում՝ փոխվարչապետը՝ սոցցանցի գրառումով։
 
Հակազդեցության մակարդակը այս դեպքում նշանակություն ունի։ Երկու արտգործնախարարներին արձագանքում է ոչ թէ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, այլ մամուլի խոսնակը և  փոխվարչապետը, վերջինս՝ սոցցանցի միջոցով. մինչ արտգործնախարարության մամուլի խոսնակը ոչ թե հատուկ հայտարարություն է անում այս մասին, այլ պարզապես պատասխանում է լրագրողի հարցին։ Եվ մեծ հաշվով, եթե թուրք և  ադրբեջանական միացյալ նախապայմանային քաղաքականությունում չկա որևէ երանգային փոփոխություն, նույնպես հայկական դիրքորոշումները վերահաստատում են մինչ այժմ որդեգրված մոտեցումը։ Թե՛ փոխվարչապետը և թե՛ մամուլի խոսնակը հանգուցալուծումը  պայմանավորում են արցախահայության որոշմամբ, նրա համաձայնությամբ։ Եվ եթե սոցցանցում փոխվարչապետը ամփոփ գրառումով հավելյալ հիմնավորումների կարիք չի զգացել, ապա նախարարության խոսնակը գերակայել է կարգավիճակն ու անվտանգությունը։ Փոխլրացնելով հայ պաշտոնյաների հրապարակածները՝ կարելի է ասել, ինչպես ակնկալելի է, վերաբանաձևվել է հայկական պաշտոնական դիրքորոշումը։
 
Թուրք և ադրբեջանական նախապայմանային քաղաքականության և արցախահայությանը բարձրագույն ինքնավարություն շնորհելու Մամեդյարովի հրապարակմանը տարբեր շեշտադրումով հակազդել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը, որը Մամեդյարովի հայտարարությունները գնահատել է ոչ այլ կերպ, քան Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորում: Բովանդակային բանակցություններ սկսելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է փոխեն հռետորաբանությունն ու  մոտեցումները՝ պաշտոնական Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ ձեռնարկելով։
 
Ահա այստեղ արդեն փոխլրացում կարելի է նկատել հայկական կողմի եռակողմ հայտարարություններին կցվող այս հրապարակումը։ Հայաստանյան մոտեցումը արցախահայության մասնակցության և որոշման իրավունքի գերադասումն է, իսկ Արցախի պաշտոնական խոսնակը որևէ բովանդակային բանակցության վերսկսում պայմանավորում է բանակցային գործընթացին պաշտոնական Ստեփանակերտի ներգրավումով։  
 
Այս բոլոր երևույթներին զուգահեռ բնականաբար պետք է վերլուծել քաղաքական պահի ընտրության շարժառիթները՝ նման առաջարկներ վերստին հրապարակելու կամ դրանցից առաջ հայկական կողմի հետ փոխըմռնման հանգելու ծխածակութավոր հայտարարություններում։
 
Նախապայմանները նախապայմանային արձագանքներ են ունենում։ Այս դեպքում որևէ բովանդակային բանակցություն սկսելու համար պետք է ներգրավել պաշտոնական Ստեփանակերտը։ Մինչ այդ պետք է հարգել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևյան համաձայնությունները։
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր