Բամբասասիրական հյուրընկալության հետևանքները

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԱՐՑԱԽՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՐՇԱՎԸ

Օրեր առաջ Arcakh24.info-ն տեղեկատվություն էր տարածել, որ լրատվական կայքի դեմ ծավալվում է լայնամասշտաբ պատերազմ՝ ընդգծելով՝ «Այն, որ Արցախում անկախ լրատվամիջոցների գոյատևման դեմ ստեղծված են հատուկ պայմաններ, դա զգացվում էր վերջին տարվա յուրաքանչյուր վայրկյան»:
 
Մասնավորապես, մայիսին Ստեփանակերտի ՄՄՀ ուսանողության հետ REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովի, քաղաքագետ Ստանիսլավ Նիկոլաևիչ Տարասովի հանդիպմանը ներկա համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը հանդես էր եկել քաղաքական հայտարարությամբ, ինչը և ներկայացվել է հասարակության ուշադրությանը: Ի դեպ, Դոնարա Գաբրիելյանն իր այդ կարծիքը հնչեցրել էր նաև Ստեփանակերտում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցի ժամանակ:
 
«Սասնա Ծռեր» կուսակցության մամլո խոսնակ Վահագն Ավագյանի էջում ծավալված հանրային բուռն քննադատություններին արժանանալուց հետո, Դոնարա Գաբրիելյանը հստակ սպառնալիքներով է արձագանքել ARCAKH24.INFO լրատվական կայքի գլխավոր խմբագրի՝ ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանի նկատմամբ:
 
Այս առնչությամբ «Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցությունը քարտուղարությունը հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասվում է. 
 
- Սույն թվականի մայիսին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում հերթական անգամ հյուրընկալվել էին ռուսական ռեգնում գործակալության ներկայացուցիչներ Մոդեստ Կոլերովը և Ստանիսլավ Տարասովը։ Ռուսական կայսերական ծրագրերի այս տխրահռչակ գործակալները վայելում են Արցախի իշխանությունների և նրանց մերձավորների աննախադեպ սերն ու հյուրընկալությունը։
 
Մասնավորապես քրեաօլիգարխիայի վառ ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի բարեկամուհի Դոնարա Գաբրիելյանը, ով Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտորն է, ոչինչ չէր խնայում «թանկ» հյուրերին ականջահաճո շռայլությունների համար և համոզված պնդում էր, թե Արցախը չի կարող Հայաստանի մաս դառնալ, քանի որ առավել «ժողովրդավար է, քան Հայաստանը»։
 
Արցախյան վերնախավը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նման ոտնձգությունների համար ժամ առաջ պետք է հեռացներ նման անձին հանրային հասարակական որևէ գործառույթ իրականացնելուց, առավել ևս երիտասարդ սերնդի հետ աշխատելուց, բայց արի ու տես, որ վերոնշյալ իրադարձություններից հետո իշխանությունների թիրախում են հայտնվել այս հանրային միջոցառումը տեսագրած և համացանց տեղադրած Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանը և նրա կինը՝ ՄՄՀ ավագ դասախոս, Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանը։
 
Նրանց հայտնել են, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից իրենք ազատված են համալսարանում զբաղեցրած պաշտոններից։ Ուշագրավ է այն փաստը, որ համացանցում աղմուկ բարձրացրած տեսանյութի քննարկման ժամանակ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը սպառնալիքներ է հնչեցրել Մարատ Եգանյանի հասցեին, խոսք տալով զբաղվել նրանով։
 
«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է Արցախի մարզում իրականացվող խոսքի ազատության դեմ արշավը։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին միջոցներ ձեռնարկել և հեռացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ կոչեր անող ռեկտորին և վերականգնել երիտասարդ դասախոսների ոտնահարված իրավունքները։ Ազատ խոսքի դեմ արշավը պետք է անհապաղ կասեցվի, իսկ երևանյան նախորդ ռեժիմի մնացորդներին պետք է զրկել բռնության և վարչական բոլոր լծակներից, առաջիկա քաղաքական փոփոխությունների հնարավորինս անցնցում իրականացման համար։