ՄԱԿ-ը, դեկտեմբերի 9-ը և Հայոց ցեղասպանությունը

Հայ քաղաքական միտքը  բոլոր պարտավորություններն ունի դեկտեմբերի 9-ի վրա հատուկ ուշադրություն կենտրոնացնելու համար։
 
ՄԱԿ-ի օրացույցում  դեկտեմբերի 9-ը իբրև Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր ամրագրելը պաշտոնական Երևանի ներկայացուցչության նախաձեռնությունն էր, Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Իրավամբ 100-ամյակի մեր դիվանագիտական ձեռքբերումներից կարևորագույնը կարելի է համարել  դեկտեմբերի 9-ի ամրագրումը ՄԱԿ-ում։
 
Հայկական դիվանագիտության մարտավարությունը լիարժեք աշխատել էր այս դեպքում։ Փաստորեն, առանց նշելու Հայոց ցեղասպանությունը, բոլոր ցեղասպանություններին ներառելով նաև հայոցը, համաշխարհային  ոգեկոչման նվիրականացած օրվան է վերածվել դեկտեմբերի 9-ը։
 
1948 թ․ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի համաձայնագրի ընդունման օրն է: Իսկ այս թվականը ուղղակիորեն առնչվում է Ռաֆաէլ Լեմկինի հետ, որ հեղինակն է ցեղասպանություն եզրի։ Լեմկինն իր եզրակերտումը հիմնավարած պահին իբրև առաջին օրինակ նշել էր հայերի պարագան։ Պահելով հետևողականության տրամաբանությունը, ուրեմն ոգեկոչման օրը առաջին հերթին ներառում է Հայոց ցեղասպանությունը՝ Լեմկինի հանգամանքը նկատի ունենալով և քաղաքական ընթերցումով՝ Երևանի կողմից բանաձևի առաջադրման փաստը։
 
Հայկական դիվանագիտության մարտավարությունը այնքան լիարժեք է աշխատել, որ բանաձևի օգտին քվեարկել է  նաև Թուրքիայի ներկայացուցիչը։ Ավելին, նա ընդառաջ է գնացել Երևանի նախաձեռնության և դարձել բանաձևի համահեղինակ։
ՄԱԿ-ի կողմից արմագրված այս օրվա քաղաքական համաշխարհային հնչեղությունը վառ պահելու համար հայ քաղաքական դաշտը Երևանից մինչև տարբեր ցամաքամասեր, ուր հայկական կազմակերպված կյանք գոյություն ունի՝ առաջնային օրակարգ ձևավորելու հրամայականն է շեշտվում։
 
Նշելով  դեկտեմբերի 9-ը և ոգեկոչելով բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը, Հայոց ցեղասպանության միջազգային հնչեղության ապահովման նոր նշաձողեր ապահովելու հավանականությունները բարձրանում են։
 
Բանաձևի որդեգրման մարտավարությունը դիվանագիտությունից քարոզչաքաղաքական հարթություն տեղափոխելով կարող է նույնանման դրսեւորումներ ապահովել։ Բոլոր ցեղասպանությունների նշումով շահագրգռված կլինեն իհարկե նախ ցեղասպանության զոհ գնացածները։ Իսկ այս բանաձևի համահեղինակ պետությունները՝ թվով 85 պատճառ չեն ունենա չմիանալու իրենց համահեղինակած բանաձեւի նշման նախաձեռնություններին։
 
ՄԱԿ-ում նախաձեռնությունը հայկական էր։ Նույնպես նաև նրա հանրահռչակման և մանավանդ քարոզչաքական միջազգային հնչեղության ապահովման համար հայկական կողմից առնված քայլերով համանախաձեռնողների  խմբեր կարող են կազմվել։ Այդ բոլոր ձեռնարկներում կհիշվեն բոլոր ցեղասպանություններին զոհ գնացած ժողովուրդները։ 
 
Այսպիսով, դեկտեմբերը 9-ը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումները զուտ հայկական նախաձեռնողական սահմաններից դուրս բերելու եւ ոեգեկոչումներին միջազգային տարողություն ապահովելու առիթ։ Չի բացառվում, որ ՄԱԿ-ը ի՛նքը ևս նշի իր իսկ կողմից ամրագրված և իր օրացույցում իբրև միջազգային օր ձևակերպված ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը։ 
Դեկտեմբերի 9-ը  ձևակերպվել է իբրև «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»։ Պաշտոնական Երևանը հետևողական է Ցեղասպանության միջազգային ճանաչման առաջադրանքի հետապնդման մեջ շեշտելով ճանաչումը իբրև կանխարգելում հետագա ցեղասպանական փորձերի հիմնավորումը։
Աշխարհագրական տարբեր միջավայրերում վերջին ժամանակներին արձանագրված ցեղային զտման գործողությունները հետևանք են ցեղասպանությունների անհետևանք և անպատիժ, անհատույց մնալուն։ Կանխարգելումը իմաստ կունենա ցեղասպանի կողմից ոչ միայն պատասխանատվության ընդունումով, այլ նաև հատուցումով։ Դեկտեմբերի 9-ը ուրեմն միջազգային ձևակեպմամբ իսկ ներառում է հատուցման գաղափարը՝ կանխարգելման անհրաժեշտությունը ընդգծելով։
 
Ցեղասպանական փորձի կանխարգելման փաստ արձանագրվեց նաև Արցախում, երբ հայկական խաղաղ ցույցերին Բաքուն հակադարձեց ջարդարար քաղաքականությամբ։ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ հասնելու համար ապրիլյան պատերազմի ընթացքում գործադրված ռազմական հանցագործությամբ հատկանշված ամենավայրագ դրսևորումները համոզեցին, որ Բաքուն չի հրաժարվում արցախահայության նկատմամբ ցեղային զտում իրականացնելու իր առաջադրանքից։ Հայկական ինքնապաշտպանությունն էր, և ապա արդեն հայկական կանոնավոր բանակը, որ զսպեց-ձախողեց ու տապալեց Բաքվի կողմից մշակված ցեղասպանական քաղաքականությունը։ Այս հիմնավորումներով էլ ինքնորոշման իրավունքին առընթեր արցախահայության անվտանգության երաշխավորումը  շարունակում է գերակա ուղղություն մնալ իբրև արցախյան հակամարտության հանգուցալուծման հայկական հայեցակարգային հիմնադրույթ։
 
Դեկտեմբերի 9-ը առիթ է հայ քաղաքական մտքի համար՝ միջազգային հնչեղություն ապահովելու այս բոլոր առաջադրանքներին։
 
 Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր