Ազգը զորեղ է, եթե զորեղ են նրա քաղաքական ու մշակութային հիմքերը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Մենք հաճախ ենք օգտագործում «ազգ» եզրը՝ առանց խորանալու դրա բառիմաստի մեջ: Մինչդեռ խորանալ պետք է, եթե ուզում ենք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու բանալին:
 
«Ազգ»-ն «էթնոս» և «ցեղ» հասկացություններից տարբերվող քաղաքական եզր է: Մեր անձնագրերում «ազգություն» բառի դիմաց գրված է՝ Հայաստանի Հանրապետություն: Անձնագիրը միջազգային փաստաթուղթ է, նրանում ամեն մի տող ու տեղեկատվություն համապատասխանում է միջազգային կոնվենցիաներին ու պայմանագրերին: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր կրոնից ու էթնիկ պատկանելությունից, ազգությամբ ՀՀ քաղաքացի է, ինչպես որ ազգությամբ ֆրանսիացի էր Շառլ Ազնավուրը կամ ինչպես ամերիկացի է Քիմ Քարդաշյանը:
 
Այսպիսով՝ ազգությունը, ըստ միջազգային չափորոշիչների, քաղաքացիության ցուցիչ է, և այստեղից հարցեր են առաջանում. իսկ ի՞նչ արժեհամակարգ ունի այդ քաղաքացին, ի՞նչ կրթական համակարգում է դաստիարակվում, որպիսի՞ք են նրա ընթերցած գրքերը, նրա պահելաձևը, բարոյաէթիկական նորմերը, ներքին ու արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև ներսի ու դրսի մանիպուլյացիաներին, դեմագոգիային ու պոպուլիզմին դիմակայելու ունակությունը և այլն: Այդ ամենը միասին անվանենք մշակույթ, որն էլ «հայաստանցի» ազգության բնութագիրն է՝ անկախ անհատի էթնիկ պատկանելությունից:
 
Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական կյանքը կարելի է բնութագրել երկու կարգախոսով: Ընդդիմությունների կարգախոսը՝ իշխանափոխություն, առանց մարդկանց առաջարկելու այլընտրանքային ուղի՝ տնտեսական, կրթական, անվտանգային և այլն: Կառավարող ուժերի կարգախոսը՝ Արցախ, նույնպես առանց մարդկանց բացատրելու, թե այդ նպատակին հասնելու համար ինչպես են արդիականացվելու երկիրը, տնտեսության կառուցվածքը, կրթական բարեփոխումները, պաշտպանական համակարգը, որպեսզի պատրաստ լինենք դիմագրավելու և հաղթահարելու մեր հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքները:
 
Երկու դրվագում էլ բախվում էինք պարզունակ մտածողության և, ըստ էության, երկրի զարգացման համար իրական քայլերի, ճանապարհային քարտեզի ու տեսլականների բացակայության հետ: Եվ այդ գործելակերպը չէր փոխվում անգամ այն դեպքերում, երբ ընդդիմությունն ու իշխանությունը տեղերով փոխվում էին: Այս պարզունակ քաղաքական դաշտը ենթադրում էր նույնքան պարզունակ ընտրողների առկայություն՝ մտավոր աղքատիկ պաշարով, որը ներարկվում էր հեռուստատեսային ցածրակարգ սերիալների, անճաշակ երաժշտության, օրեցօր վատացող կրթական ծրագրերի և բոլոր ոլորտներում նշանակվող ոչ արհեստավարժ մասնագետների միջոցով: Սա, ամենայն հավանականությամբ, արվում էր միտումնավոր: Այս հարցում իշխանությունների ու ընդդիմությունների շահերը, կարծես թե, հատվում էին միևնույն կետում:
 
Մենք պարզունակ պետության մոդելով ենք շարժվում և ստացանք համապատասխան արդյունք՝ 44-օրյա պատերազմի տեսքով: Այդ արդյունքն օրինաչափ էր, և մենք պետք է համարձակություն ու ազնվություն ունենանք դա ընդունելու համար: Առանց իրականությանը բաց աչքերով նայելու՝ մենք չենք կարող անաչառ եզրակացություններ  անել եւ համարժեք լուծումներ գտնել:
 
Ամփոփենք նրանով, ինչով սկսել ենք՝ «ազգ» հասկացության նորովի իմաստավորման անհրաժեշտությամբ: Մեր գերակա խնդիրն է՝ ձեռնամուխ լինել ԱԶԳԻ բարենորոգմանը՝ ամրացնելով նրա բոլոր անկյունաքարերն ու հիմնասյուները: Չէ՞ որ ազգը զորեղ է, եթե զորեղ են նրա քաղաքական, քաղաքակրթական ու մշակութային հիմքերը: