«ԼՂ-ը կարմիր գիծ չէր, բայց Հայաստանը կարող է լինել»․ ադրբեջանցի փորձագետ

ԱՐԻՖ ՅՈՒՆՈՒՍՈՎԸ՝ ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղարաբաղյան հակամարտության փորձագետ Արիֆ Յունուսովը նախկին քաղբանտարկյալ է, Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում էին հայերի օգտին լրտեսության մեջ։ 2016-ին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Նիդերլանդների կառավարությանը, այն ժամանակից ի վեր Ադրբեջանում չի բնակվում:
 
JAMnews-ը հակիրճ ներկայացրել է Յունուսովի հարցազրույցի առավել կարևոր դրվագները։
 
Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովի խոսքով՝ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողություններն ամենևին էլ շոկ չէին Արևմուտքի համար, պարզապես «հերթական անգամ տհաճորեն զարմացած էին»։ «Ազատությանը» տված հարցազրույցում նա նշել է՝ Ղարաբաղն ամենևին էլ կարմիր գիծ չէր, բայց կարմիր գիծ կարող է լինել Բաքվի հարձակումը Հայաստանի տարածքի վրա։
 
- Եթե Ղարաբաղում կարելի է ասել, որ դա դեռ Ադրբեջանի ներքին խնդիրն է, մարտերը տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում՝ իրավաբանորեն սա ադրբեջանական տարածք է, ապա եթե դա լինի, ասենք, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, կարևոր չէ՝ որտեղ և ինչ, արդեն կլինի Ադրբեջանի ագրեսիա Հայաստանի դեմ,- շեշտել է նա և հավելել, որ այդ դեպքում գուցե Ադրբեջանի դեմ ձեռնարկվեն ավելի արդյունավետ քայլեր, օրինակ՝ պատժամիջոցների տեսքով։
 
 
Այնպիսի արձագանք չի լինի, ինչպես Ուկրաինայի պարագայում
 
Յունուսովը կարծում է, որ ՀՀ դեմ հարձակման դեպքում այդ չափ լուրջ արձագանք չի լինի, ինչպես Ուկրաինայի պարագայում։ Ճիշտ չի համարում ասել, թե «Ադրբեջանի դեմ զորքեր կամ ավելի լուրջ բաներ են ուղարկվելու», ինչպես Ուկրաինայի դեպքում՝ ընդդեմ Ռուսաստանի։
 
- Միգուցե, ինչպես հիմա տեսնում ենք՝ ֆրանսիացիները սկսում են օգնել Հայաստանին, օրինակ՝ ռազմական տեխնիկայով կամ հետախուզության ոլորտում, սակայն առայժմ դա ավելի շատ բառերի մակարդակով է,- պարզաբանել է նա իր միտքը։
 
Փորձագետի դիտարկմամբ՝ առայժմ հայ-ադրբեջանական սահմանը կամրապնդվի ԵՄ դիտորդական առաքելության կազմի ընդլայնմամբ։ Բացի այդ, ըստ նրա, Ալիևի վրա գաղտնի կերպով ճնշում է գործադրվում, որպեսզի նա «չշարունակի ծառայել որպես գործիք Պուտինի ձեռքին»։
 
Բաքվի վերաինտեգրման ծրագիրը ոչ թե հայերի,
այլ Արևմուտքի համար է
 
- Ալիևը չի կարող բացահայտ ասել՝ ինձ պետք չէ Ղարաբաղը հայերով, այլ պետք է Ղարաբաղը առանց հայերի, ուստի սկսվում են խաղերը հայերին վերաինտեգրելու ծրագրերի հետ՝ այն պարագայում, երբ հայերն արդեն այնտեղ չեն,- նկատել է կոնֆլիկտաբանը։
 
Ասում է՝ պարզ է, որ Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը նախատեսված է ոչ թե հայերի կամ ներքին լսարանի, այլ Արևմուտքի համար։ Դա անհրաժեշտ է, որպեսզի երբ քննադատություն հնչի, ասեն՝ «իրենց կամքով են փախել, մենք ուզում ենք, որ վերադառնան, նույնիսկ վերաինտեգրման ծրագիր ունենք»։
 
Այդ  ծրագիրն, ըստ նրա, քարոզչական քայլ է։ Ասում է՝ այդ կերպ Բաքուն փորձում է Արևմուտքին ցույց տալ թե «ամեն ինչ անում է» հայերի վերադարձի համար, նույնիսկ ծրագիր ունի, ունի «հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական խնդիրներով, ապահովված է բարձր մակարդակ»։
 
Ինչ վերաբերում է հայերի՝ ԼՂ վերադառնալուն, ըստ Յունուսովի, դա առանց անվտանգության ամուր երաշխիքների իրատեսական չէ։
 
«Լրագրողներին կատակով ասացի,
որ հայերի նոր կատեգորիա է հայտնվել՝ անտառահայեր»
 
Ասում է՝ հայ բնակչության հեռանալուց հետո հարց է առաջացել՝ ո՞ւմ են պաշտպանելու ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները։ Բաքուն ու Մոսկվան, ըստ փորձագետի, փնտրում են նոր պատճառներ նրանց այնտեղ պահելու համար։ Հայերի թողած զենքը ադրբեջանցիների հետ համատեղ հսկելը «բավարար բացատրություն» չէ ռուսական ներկայության համար։
 
- Ալիևն օրերս ասաց, որ ինչ-որ հայ պարտիզաններ դեռ շրջում են այնտեղի անտառներում, ահա թե ինչու ռուսական զորքերը կմնան այնտեղ,- պարզաբանում է Արիֆ Յունուսովը։
 
Ադրբեջանցի կոնֆլիկտաբանի խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե ովքեր են «անտառահայերը», բայց նրանք ներկայացվում են որպես «մի տեսակ սարսափելի մարդիկ, որոնք շրջում են այնտեղ», և նշվում է, որ հանուն այդ հայերի ռուսական զորքը պետք է մնա տարածաշրջանում:
 
«Մեր հակամարտությունն ու տարածաշրջանը
առաջնահերթություն չեն»
 
Յունուսովի կարծիքով՝ Հարավային Կովկասի նկատմամբ հիմնական մոտեցումը հետևյալն է՝ առճակատում է տեղի ունենում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և Արևմուտքի խնդիրն է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից․
 
- Գլխավորը Ռուսաստանի հետ կապված խնդիրները լուծելն է, քանի որ, ըստ էության, երբ խոսում ենք մեր տարածաշրջանի մասին, խոսքը Ալիև-Պուտին տանդեմի մասին է:
 
Կարծում է՝ աշխարհի առաջնահերթությունների ցուցակում Ռուսաստանից բացի նաև Ուկրաինան է, Մերձավոր Արևելքը, Իրանը, ներկա պահին՝ Պաղեստինը: