Կռվախնձորը ոչ թե Արցախն է, այլ՝ Սյունիքը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

1990-ական թվականների սկզբին, երբ «Ղարաբաղ» կոմիտեն Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու կարգախոսով («Միացում») համաժողովրդական շարժման ալիքի վրա եկավ իշխանության, քաղաքական դաշտում երկու տարամետ հոսանք էր ձևավորվել: Դրանցից մեկը հակված էր մինչև վերջ գնալուն և Արցախը Հայաստանի մաս դարձնելուն, քանզի համոզմունք ուներ, որ Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը վարելու է հայահալած քաղաքականություն, ինչն ավելի մեղմ ու զուսպ եղանակով արդեն իսկ կատարվում էր ԽՍՀՄ տարիներին:
 
Երկրորդ հոսանքի ներկայացուցիչները հակառակ կարծիքին էին. քանի որ հարևաններին փոխել չենք կարող, պետք է նրանց հետ լեզու գտնել՝ որոշակի զիջումների գնալու, մասնավորապես Արցախն ինչ-որ կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու գնով:
 
Ամենահետաքրքիրն այն էր, որ երկու ներհակ ուղղություններն էլ ծնվեցին «Ղարաբաղ» կոմիտեի, այսինքն՝ իշխանության ներսում: Հետևաբար՝ ազնիվ կլիներ, եթե Ադրբեջանին զիջումներ առաջարկող թևը, որը փոքրամասնություն էր, դադարեցներ իշխանական համակարգում իր մասնակցությունը (քանի որ իշխանության էր եկել «Միացման» գաղափարով), և ընտրությունների գնար արդեն նոր կարգախոսով: Մինչդեռ նրանք ուզում էին և՛ պահել իշխանությունը՝ ընդ որում ցանկացած գնով, և՛ փոխել քաղաքական այն ուղեգիծը, որի հիմքով հանրությունը նրանց վստահության քվե էր տվել:
 
Հիմա զիջումների խնդիրը դարձյալ արդիական է, բայց մի փոքր այլ համատեքստում: Ո՞րն է մերօրյա Հայաստանի զիջումների այն սահմանը, որը կարող է հագեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակները: Այժմ, երբ Արցախն ամբողջովին հայաթափվել է, մենք տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական զույգի ախորժակներն ավելի են բացվել: Ո՞րն է նրանց ծրագիրը, և արդյո՞ք այսքանով կբավարարվեին, եթե Հայաստանը ժամանակին գնար արմատական զիջումների, ինչպես առաջարկում էին ՀՀՇ-ական իշխանության՝ մեր նկարագրած երկրորդ հոսանքի ներկայացուցիչները: Բնականաբար՝ Տեր-Պետրոսյանի խաղաղասիրությունը չէ, որ պետք է թուրքին ետ պահեր 100-ամյա իր երազանքից։
 
Կյանքը ցույց տվեց, որ զիջումներով խաղաղության հասնել հնարավոր չէ, համենայն դեպս՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պարագայում դա չէր աշխատի, որովհետև վերջիններիս իրական նպատակը Արցախը չէր, այլ՝ Սյունիքը։ Իզուր չէ, որ ադրբեջանական մամուլը հաճախ է անդրադառնում Աթաթուրքի պատմական առաքելությանը՝ մի գործչի, որը հեռատեսորեն Լենինից պահանջում էր Ադրբեջանի կազմում ներառել Նախիջևանը, Ղարաբաղը և Սյունիքը՝ թեկուզ դա լինի ողջ Ադրբեջանը Խորհրդային միությանը զիջելու դիմաց: Իսկ 30-ականներին Թուրքիան Իրանի հետ տարածքներ փոխանակեց Թուրքիա-Նախիջևան սահման ունենալու համար, որպեսզի հետագայում՝ 100 տարի անց, Մեծ Թուրանի ուղղությամբ քայլեր կատարի։
 
Աթաթուրքին հաջողվեց լուծել Նախիջևանի հարցը, որը նախորդ դարի 80-ականների վերջերին լիովին հայաթափվեց: Երեքուկես տասնամյակ անց նրա դառը ճակատագրին արժանացավ Արցախը, և հիմա հերթում Սյունիքն է, որն այժմ Ադրբեջանի թիրախում է՝ համոթ հայության, որ Արցախը կորցնելուց հետո անգամ շարունակում է հանդուրժել մեր սրբազան ոստանները մաս առ մաս զազիր թշնամուն հանձնող դավաճանին ու նրա անհայրենիք խմբակին: Միակ սփոփանքը բարեկամ Իրանի հաստատակամ դիրքորոշումն է, որ ՀՀ-ի երկրորդ պատվարը, բարեբախտաբար, դեռ անվնաս է: Հուսանք՝ մշտատև: