Պետությունը, նախևառաջ, քաղաքական նախագիծ է

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Վերջին շրջանում իշխանությունները հաճախ են սկսել խոսել պետության և հայրենիքի փոխկապակցվածության մասին՝ այդ համատեքստում ձևակերպելով ուշագրավ մի ուղենիշ. պետությունը հայրենիքն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ: Եթե մի կողմ թողնենք մտքի պարզունակությունը, գուցեև այդպես է, բայց նախ պետք է հասկանալ, թե առհասարակ ինչ է պետությունը և դրանից բխող հաջորդ հարցը՝ ինչ պետություն ենք ուզում կառուցել:
 
Շատերին թվում է՝ պետությունն ինչ-որ տարածքում ապրող մարդկանց հանրույթ է, որոնք ընտրություններով կամ այլ եղանակներով ձեւավորում են իշխանություն և այդպես էլ ապրում, իսկ կուսակցությունները պայքարում են իշխանության համար: Սա, անշուշտ, թյուր պատկերացում է, որի հետևանքը լինում է այն, ինչ այսօր ունենք: Եվ այդ ունեցածը հետագա գահավիժման առումով սոսկ առաջին «ձնծաղիկն» է: Պետությունը, նախևառաջ, քաղաքական նախագիծ է, իրականում բավական բարդ նախագիծ՝ փիլիսոփայական, աշխարհաքաղաքական, մշակութաբանական, արժեքաբանական և այլ բաղադրիչներով:
 
ԱՄՆ-ն, օրինակ, քաղաքական նախագիծ է, որը գծվել է ստեղծվելուց շատ առաջ՝ սա առանձին և հետաքրքիր թեմա է: Ռուսաստանը ևս քաղաքական ծրագրերից է ձևավորվել. սկզբնական շրջանում Մոսկվայի շուրջ՝ ուղղափառության հիմքով, ապա կոմունիստական պոստմոդեռնիստական նախագծի հիման վրա՝ ի դեմս կոմունիզմի: Այժմ Ռուսաստանը որոնումների մեջ է և դեռ գոյատևում է իներցիայով: Բյուզանդիան բազմազգ խառնարան էր, որպես քրիստոնեական կայսրության ծրագիր՝ հիմնադրված Կոնստանդին կայսրի ժամանակ: Լեհաստանը սլավոնական աշխարհի կաթոլիկական նախագիծ է՝ ի հակակշիռ Ռուսաստանի:
 
Հասնելով մեր հարևան Իրանին, արձանագրենք, որ վերջինս Սելևկյանների շիաական նախագիծ է, որն ընդհատվել էր Պահլևունիների ժամանակ՝ ազգայնականության հիման վրա, որից հետո 1979-ին վերադարձել է իր սկզբնական գոյավիճակին: Օսմանյան կայսրությունը նույն Բյուզանդիան է, որտեղ քրիստոնեությունը փոխարինվել էր իսլամով, որը հետո Աթաթուրքը փոխարինեց ազգայնականով: Թուրքիան այժմ փոխակերպումների մեջ է, և թե ինչ կլինի՝ կիմանանք մոտակա տասնամյակում: Իսրայելը նույնպես պոստմոդեռնիզմի հետևանք է, ազատականության (լիբերալիզմի) ազգայնական ծնունդ` սիոնիզմի տեսքով: Սա դասական նախագիծ է, որի ստեղծումը գրեթե անհնար էր, բայց կարողացան: Առայժմ:
 
Այս թեմայով կարելի է երկար խոսել, բայց գանք Հայաստանին, որը, անկախ նրանից, թե դա ում դուր կգա, ում՝ ոչ, Ռուսական կայսրության ստեղծածն է՝ շատ կոնկրետ նպատակով: Հիմքը ժամանակին դրվել էր, երբ կաթողիկոսարանը Սիսից տեղափոխվեց Էջմիածին: Դա, ըստ էության, խարիսխ էր, որի վրա Ռուսական կայսրության նոր նախագիծն իրագործվեց: Պատճառները հիմա չքննարկենք, սակայն նշենք, որ դրանում մեծ դեր խաղաց Գանձասարի կաթողիկոսությունը:
 
Ռուսական կայսրությունը դրեց նաև մերձբալթյան հանրապետությունների, Ֆինլադիայի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի այսօրվա երկրների ստեղծման հիմքերը, հետեւապես դրանց կարելի է Սովետմիության նախագծեր համարել:
 
Երբ մենք պետությունը դիտարկում ենք որպես քաղաքական նախագիծ, ապա փոխվում է մտածողությունը, և հարցեր են առաջ գալիս. 1991-ին մենք ի՞նչ պետություն էինք ուզում ստեղծել և արդյոք ունեի՞նք քաղաքական նախագիծ: Այսօրվա քաղաքական պայքարը կամ այն «բարդակը», որ ունենք՝ իբրև քաղաքական «չգիտեսինչ», արդյո՞ք իրենց գործունեությունը դիտարկում են հենց նման հայեցակետից: Կամ, ավելի պարզեցնենք հարցը, արդյո՞ք նման հայեցակետն, ընդհանրապես, ընկալում են, որպեսզի կարողանան առաջ գնալ և ուժեղացնել պետությունը՝ հանուն ծաղկուն հայրենիքի: