«Ցուցադրվել են Նիդերլանդական շատ հին քարտեզներ , որտեղ Հայաստանը ձգվում է մինչև Կուռ գետի ափը»

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Levan Tonaganyan

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը Դելի անունով քարտեզագետի աշխատանքն է, ցույց է տալիս Հայաստանը մինչև Կուռ գետի ափը, իսկ այն մասը, որտեղ այսօրվա Ադրբեջանն է, Շիրմա խանությունն է: Այս քարտեզը 1662 թվականի է, ցույց է տալիս Փոքր Ասիայի տարածքը, և, տեսեք, Արևելքում գրված է՝ Մեծ Հայք:
 
Առաջին հայերեն Աստվածաշունչը հրատարակվել է հենց Նիդերլանդներում՝ Ամստերդամում, 1666 թվականին: Աշխարհի առաջին հայատառ քարտեզը՝ Աշխարհացույցը, նույնպես լույս է տեսել Ամստերդամում 1695 թվականին: Բացի քարտեզներից՝ 2 երկրների հնագույն բարեկամության մասին այլ հետաքրքիր փաստեր ևս կան գրքում: Նախաձեռնությունը Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությանն է, առիթը՝ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
 
Տիգրան Բալայան (Նիդերլանդներում ՀՀ դեսպան)․- Եթե գաք դեսպանություն, մեր պատերին կան հին քարտեզներ, որտեղ բոլոր տեղերում Հայաստանը կա: Գաղափար առաջացավ, որ էլի այսպիսի քարտեզներ կլինեն, ու սկսեցինք փնտրել:
 
Ամստերդամի համալսարանում պահվող քարտեզների մեծ հավաքածուից են այս 50-ը առանձնացրել: Բալայանին զարմացրել է նաև համալսարանի աշխատակիցների տեղեկացվածությունը Հայաստանի, մեր երկրի հնագույն պատմության մասին:
 
Տիգրան Բալայան․- Ամստերդամի համալսարանի աշխատակիցները մեծապես օգնեցին, քանի որ շատ մեծ, խոշոր հավաքածուից ընտրել են տարածաշրջանի քարտեզները:
Գրքում նախաբաններից մեկը գրել է համադրողը և անդրադարձել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել այդ քարտեզներում, առաջին թռիչքուղիների քարտեզում ևս Հայաստանը կա:
 
Այս գրքի առաջին օրինակները Հայաստանի վարչապետը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում է նվիրել պաշտոնյաներին, գործարար շրջանակի ներկայացուցիչներին: Նիդերլանդների համալսարաններում և գրադարաններում ևս այս գիրքն արդեն հասանելի է: Գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, գուցե էլեկտրոնային տարբերակով վաճառք լինի՝ նշում է Բալայանը, իսկ գումարը կուղղվի բերագործական հիմնադրամի:
 
Գրքի շնորհանդեսին ներկա Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը հույս ունի՝ այսպիսի օրինակներով մենք կշարունակենք մեր հետագա համագործակցությունը հաջորդ 30 տարիներին ևս: Ինչպես իր ելույթը, այնպես էլ մեզ հետ զրույցը սկսեց հայերենով:
 
Նիկոլաս Սխերմերս (Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան)․- Խոսում եմ հայերեն մի քիչ, սովորում եմ: Շատ լավն է, բայց դժվար է:
 
Հայաստանի մասին մինչև Հայաստանում դեսպան նշանակվելը շատ բան չգիտեր, բայց գրքում տեղ գտած տեղեկությունները անսպասելի չէին:
 
Նիկոլաս Սխերմերս․- Ես ամենևին զարմացած չեմ, որ հոլանդացի քարտեզագրողները դեռ միջնադարում իմացել են Հայաստանի ու հայերի մասին, իմացել են՝ որտեղ է գտնվում Հայաստանը, և այդ ամենը ներառել են քարտեզներում: Կարծում եմ՝ այդ բոլոր քարտեզները այսպես մեկ գրքում ներառելը շատ կարևոր նախագիծ է, որը համախմբել է բոլորիս:
 
Գրքում յուրաքանչյուր քարտեզ ունի իր առանձին նկարագրությունը` վերնագիրը, քարտեզի հեղինակը և ստեղծման ամսաթիվը։ Ներկայացված է 2 լեզվով՝ անգլերեն, նիդերլանդերեն:
 
Տարիներ առաջ Ադրբեջանը ևս գիրք է հրատարակել՝ Ադրբեջանը միջնադարյան քարտեզներում՝ նշում է քարտեզագետը, ավելացնում՝ այդ գիրքը, սակայն, հրատարակվելուց հետո այդպես էլ տարածում չի ունեցել:
 
Ռուբեն Գալիչյան․- Եթե միջքարտեզներ են, ապա այդ քարտեզներում Ադրբեջան գրված էր միայն պարսկական նահանգի վրա, մյուս տեղերում խանություններ են:
 
Նման նախաձեռնության մասին դեռ 12 տարի առաջ նաև Թուրքիան է բարձրաձայնել, բայց մինչ օրս չունեն այդպիսի գիրք:
 
Ռուբեն Գալիչյան․- Բացել են, տեսել են, որ իրենց անունը 15 դարից առաջ գոյություն չի ունեցել ու նախընտրել են չհրապարակել:
 
Թուրքերն ադրբեջանցիներից ավելի խելացի են գտնվել, բանը տպագրությանը չեն թողել հասնի՝ դիտարկում է քարտեզագետը:
 
Ի դեպ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքից բացի՝ տարվա ընթացքում ևս երկու հրատարակություն է լինելու՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին՝ նիդերլանդական դասական գրականության և Վան Գոգի նամակների թարգմանություններ: