Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Հայաստանի դեմ ռազմական հարձակման կոչ է արել

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Աղամլին Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա և ներխուժում իրականացնելու կոչ է արել։ Նա մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը Հունաստանի և Ֆրանսիայի հետ ռազմական ակտիվ համագործակցություն է զարգացնում։ 
 
- Ադրբեջանը պայքարում է իր անկախության և ինքնիշխանության համար։ Մենք գնալու ենք մինչև վերջ, ոչ մի ուժի չենք հանձնվելու։ Քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինված չէ, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և «մեր 8 օկուպացված գյուղերը միավորենք»։ Ըստ իս՝ իրադարձությունների ընթացքն ամենևին էլ հաճելի չէ։ Դիմում եմ հարավից մեր հայրենակիցներին և ասում, որ պետք է կամք դրսևորեն՝ թույլ չտալու Իրանի տարածքով տարբեր երկրներից Հայաստան զենքի մատակարարումը,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։ 
 
Հավելենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը պարբերաբար Հայաստանին սպառնում է ռազմական ուժի կիրառմամբ, հայտարարել էր, թե Բաքուն, իբր, Հայաստանի վրա հարձակվելու պլաններ չունի և «այդ ամենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հորինվածքն են»։ 
 
- Այս հայտարարությունները որևէ իրականություն չեն արտացոլում և հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Ադրբեջանական կողմն այս հայտարարությունները համարում է քողարկված սպառնալիք մեր երկրի հասցեին։ Այսպես, Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա ծանր հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազներից,- հայտարարել էր Ալիևը։
 
Աղբյուր՝ ՖԱԿՏՈՐ տեղեկատվական կենտրոն