«Ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու որոշում չկա»

Ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջպետական գանգատներից
հրաժարվելու որոշում չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում
հայտնեցին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։
 
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանը հետ կվերցնի Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր հայցերը։ Սիմոնյանի այս հայտարարությանն անդրադարձել է նաև Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ գնահատելով այն խիստ վտանգավոր։
 
Հատկանշական է, որ մինչ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում հայտարարում էր հայցերից հրաժարվելու պատրաստակամության մասին, այդ ամենին զուգահեռ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` վերջին հանդիպումներին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ևս մասնակցում էր, մինչդեռ, նախկինում դժվար թե կարողանանք մատնանշել որևէ դեպք, երբ ԱԳ նախարարի հետ բանակցություններում նրան ուղեկցի նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ Ըստ էության, ադրբեջանական կողմը պահանջ է դրել և այժմ բանակցություններում քննարկման առարկա է նաև ՀՀ-ի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու հարցը։ Միջազգային իրավունքի փորձագետ Արմեն Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ավելի վաղ արձանագրել էր, որ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ վերցնելը բազմակի առումով դավաճանություն է նշանակում։ Ավելին, միջազգային իրավունքը մասնագետն ընդգծել էր, որ Ադրբեջանի հայցերն անհամեմատ թույլ են և դրանցից հրաժարվելով՝ Ադրբեջանը ոչինչ չի կորցնի, մինչդեռ, Հայաստանի ներկայացրած գանգատները վերաբերում են հայկական ահռելի տարածքին՝ Արցախին, քաղաքացիների կյանքի, խոշտանգումների արգելքի, սեփականության և մի շարք հիմնարար իրավունքներին։
 
Նշենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։
 
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան վստահեցրեցին․ «Որոշում չունենք, բոլոր աշխատանքները շարունակվում են»։
 
Աղբյուր` Փաստինֆո