Աննահանջ պայքարելու ենք մեր գերիների հայրենիք վերադարձի իրավունքի համար

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է ՀՀ կառավարությունից և Միջազգային պատկան ատյաններից, հնարավոր բոլոր իրավական և քաղաքական միջոցները ձեռնարկել Բաքվի բանտերում անլուր տառապանքների ենթարկվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, այժմ մի քանի տասնյակ հայ է ապօրինի ազատազրկված, նրանց թվում՝ Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները, որոնք 30 տարի գլխավորել են Արցախի հայության ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ ադրբեջանական ցեղասպանական բռնազավթումի:
     
2023 թվականի սեպտեմբերի 19-ին միջազգային հանցագործ Ալիևի վարչախմբի կազմակերպած ցեղասպանական հարձակումից հետո, Արցախը լիովին հայաթափվել է,  բոլոր ապօրինի ազատազրկված անձինք դարձել են Ադրբեջանի հակահայ քաղաքականության զոհը և հերթական թիրախները։ Նրանց ծանրագույն մեղադրանքներ են առաջադրել՝ ապօրինի զինված կազմավորումների ձևավորումից մինչև ահաբեկչություն։
     
Դեռ 2021-ի մայիսին Եվրախորհրդարանը ձայների 607 կողմ 27 դեմ հարաբերակցությամբ բանաձև է ընդունել՝ կոչ անելով պաշտոնական Բաքվին առանց նախապայմանների ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին։   
     
Երեկ՝ մարտի 19-ին Եվրախորհրդարանում կայացավ «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում» խորագրով համաժողովը։ Սակայն ընդունված բանաձևին և հնչած գնահատականներին չեն հետևում գործուն պատժամիջոցներ, և բանաձևերը մնում են բարի կամքի լոկ խոսքային դրսևորում, դրանից առավել անպատիժ՝ Ալիևը նոր ուժով է շարունակում ազգային-ազատագրական պայքար մղող Արցախի հայության բռնի ոչնչացման իր ծրագիրը, որի հաջորդ փուլը Հայաստանի Հանրապետության տարածքների զավթումն է և տարածաշրջանում այն «Արևմտյան Ադրբեջանի» վերածումը։
 
Մարտի 28-ին ադրբեջանական AzTV-ին եթեր է հեռարձակելու Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի  և գեներալ ԼևոնՄնացականյանի հարցազրույցները՝  կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Անազատության մեջ գտնվող անձանց անթույլատրելի է  նսեմացնել, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական կտտանքների: Բաքուն խախտել է Ժնևյան կոնվենցիաները, որտեղ հստակ նշվում է՝ ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա։ Դատապարտում ենք ցեղասպան Ադրբեջանի ձեռքում հայտնված մարդկանց հարցազրույցների հեռարձակումը, դա քաղաքական սակարկությունների և հիբրիդային պատերազմի գործիք է ընդդեմ մի ողջ ազգի։
 
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, արտահայտելով հայության հավաքական կամքը, պահանջում է Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից անհապաղ խոսքից անցնել գործի և հավաստում է՝ աննահանջ պայքարելու ենք ապօրինի գերության մեջ պահվող մեր հայրենակիցների աննախապայման վերադարձի համար, թույլ չենք տալու մեր քաղաքացիների նսեմացումն ու այդ գնով Հայաստանից նորանոր տարածքային զիջումները, ինքիշխանության կորուստը։
 
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական 
շարժման համակարգող խորհուրդ
20.03.2024 թ.