Ներդրողների մեծ բանակ` Արցախում

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ԹԵԼԱԴՐՈՂԻ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է

Ապրիլյան  պատերազմից հետո արցախցիները չընկճվեցին և շարունակեցին շենացնել իրենց հայրենիքը: Դրա վառ ապացույցը Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքերն են: Նա հավաստեց, որ Արցախի Հանրապետության կառավարությունը նախատեսում է ավելացնել ցորենի, գարու, եգիպտացորենի մշակումը:

- Տնտեսական առումով, իհարկե, մենք խնդիրներ  նախորդ տարի ունեցանք: Շատ ներդրողներ հետաձգեցին իրենց գործունեությունը, բայց բարեբախտաբար, նաև ունենք ներդրողների մի մեծ բանակ, որը ոչ միայն չի դադարեցրել, այլև նախորդ տարվա ապրիլյան օրերին շարունակում էին կատարել իրենց ներդրումները: Ընդամենը՝ մեկ-երկու օր եղավ, որ աշխատանքները կանգնեցին, այն էլ՝ ավելի շատ մարդկային ռեսուրսների պատճառով, որովհետև աշխատող հիմնական զանգվածը գտնվում էր առաջնագծում,- մանրամասնել է  վարչապետը:

ԱՀ վարչապետի խոսքով՝ տնտեսական աճը տարեցտարի ավելանում է, և այս տարի սպասում են երկնիշ թիվ: 2016 թվականի վերջին շահագործվել են բավական թվով ՀԷԿ-եր, ինչի արդյունքում իրենք դարձել են մի երկիր, որը սեփական պահանջից ավելի էլեկտրաէներգիա է արտադրում, և արդեն կարող է առավել արդյունավետ աշխատել Հայաստանի հետ:

Վարչապետի տեղեկացմամբ 2017 թ. առաջին հինգ ամսվա արդյունքներով ավելացրել են շինարարության ծավալները: Զարգանում է ձկնաբուծությունը:

Հուսադրող խոսքեր է ասել նաև Արցախի ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանը: Անվտանգության  պատասխանատուն հավաստիացրել է, որ Պաշտպանության բանակն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում և պատրաստ է այսուհետ ևս պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

Խոսելով դիրքերի` առաջին անհրաժեշտության իրերի ապահովվածության մասին` Լևոն Մնացականյանն ասել է, որ բժշկական ապահովման հարցը կազմակերպելու համար բոլոր դիրքերն ապահովված են դեղարկղերով: Իսկ Ապրիլյան գործողություններից հետո գումարտակների բոլոր բուժակների համար լրացուցիչ արկղեր ենք կահավորել, որոնց մեջ արդի դեղամիջոցներ են ներառված: