Սեպտեմբերին «դժոխքը» դատարան կտեղափոխվի

«ՄԵՐ ՄԻԱԿ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

Երևանի քաղաքապետարանի աշխատանքն՝ ընդհանրապես, և աշխատակիցների քանակի և նրանց աշխատավարձերի խնդիրները՝ մասնավորապես, շարունակում են մտահոգել «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչներին: Նրանցից Ստելլա Աղաջանյանն այսօր չի զսպել վրդովմունքը՝   
 
- Մտնում ենք քաղաքապետարան. հենց այս շքեղ շենքը, նախ 6 հարկը՝ պահակի պահակով, պահակի թիկնապահով, փողկապավոր ինչ-որ մարդիկ… Քաղաքապետարանի առաջին տասնյակն ամսական մեկ միլիոն դոլար աշխատավարձ են ստանում, անհեթեթ խորհրդականներ են ընդգրկել: Այս ի՞նչ խրախճանք է ժանտախտի ժամին, ես չեմ կարողանում վելուծել: 
 
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խիստ քննադատեց իշխանությանն ու ընդդիմությանը՝ մասնավորապես «Ելք» դաշինքին: Նրա  կարծիքով՝ քաղաքական այսօրվա ուժերը իշխանության սպասարկուներն են: 
 
- Մեր միակ գործընկերը ընդդիմադիր հանրությունն է: Քաղաքական ուժերը գործող համակարգի, իշխանության սպասարկուներն են: «Ելք»-ն ու ՀՀԿ-ն ինձ համար մի աստիճանի վրա են: Բոլոր նրանք, որոնք չեն պատրաստվում դատապարտել այս համակարգը, ոչ մեկի հետ համագործակցելու եզրեր չունենք և չենք էլ համագործակցում: Մենք իրենց բոլորին ճանաչում ենք որպես այս համակարգի սպասարկուների, նրանք տարիներ շարունակ այդպես էլ քվեարկում են: Եթե քվեարկում ես նույն կերպ ինչպես Սերժ Սարգսյանի ցանկությունն է, քվեարկում ես այս համակարգի պահպանման համար- ասաց ԵԾ-ի ղեկավարը: 
 
 
«Ելք» դաշինքի անդամների արձագանքը չուշացավ: «Ելք»-ականները հորդորեցին Զարուհի Փոստանջյանին վերջ տալ  «վհուկների» որսին և դադարել նեխած բամբասանքներ տարածել, քանի որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: 
 
Զարուհի Փոստանջյանը չի խնայել նաև իր նախկին գործընկերներին՝ կուսակցությունից հեռացած Հայկ Պետրոսյանին ու Մնացական Պարակշիևին և նրանց ոչնչություն անվանել: 
 
Խոսելով իր կուսակցության հետագա անելիքներից, Զ. Փոստանջյանը տեղեկացրել է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը սեպտեմբերը սկսելու է ընդդեմ քաղաքապետարանի դատական նիստերով: Նա ավելորդ չի համարել նաև ընդգծել, որ մեծ ակնկալիքներ չունի դատական համակարգից, բայց, այնուամենայնիվ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է պատասխանատվության կանչել:
 
- Քաղաքապետարանի աշխատավարձերի, աշխատակիցների քանակի հետ կապված խնդիր կա: Ուռճացվածություն ենք նկատում: Բազմաթիվ աշխատակիցներ կան, ովքեր գրանցված են, բայց չեն աշխատում: Վերջին մի քանի տարիների ընթացքում շուրջ 100 մլն եվրո ենք տրամադրել ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրների լուծման համար, բայց տեսաք, թե ինչպիսի ջրհեղեղ եղավ Երևանում,-մանրամասնել է  ԵԾ-ի ղեկավարը: 
 
Դժոխքի թեմային ևս անդրադարձել են լրագրողները՝ հետաքրքրվելով, թե նա Երևանի ավագանու նիստերը կրկի՞ն «դժոխքի» է վերածելու: Ի պատասխան՝  Զարուհի Փոստանջյանն ասել է, որ գնահատականը լրատվամիջոցները պետք է տան: